Հայաստանի ՏՏ ընկերությունները ավտովազք կանցկացնեն Եվրոպայով

«Հայաստանի միջազգային ճանաչման ուղեծիրը. ՏՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» խորագրով ծրագրի շրջանակում Հայաստանի ՏՏ ընկերությունները նախատեսում են ավտովազք անցկացնել Եվրոպայով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ծրագիրը, որին կմասնակցեն շուրջ 60 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ, նախօրեին ներկայացվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստի ժամանակ։

Նախատեսվում է, որ ծրագիրը կիրականացվի ընթացիկ տարվա աշնանը և կտևի 45 օր: Ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունը կլինի եվրոպական 23 քաղաքում, այդ թվում` Բրյուսելում, Բեռլինում, Մարսելում, Վարշավայում, Պրահայում, Սոֆիայում, և հանդիպումներ կանցկացնի ավելի քան 100 ընկերությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ:

Ծրագրի նպատակն է եվրոպական երկրներում ներկայացնել հայկական ՏՏ-ի ներուժն ու նորարարական հնարավորությունները, ուսումնասիրել նոր շուկաներ՝ հնարավոր համագործակցության համար, գործնականում ծանոթանալ այս բնագավառում եվրոպական երկրների զարգացման փորձին, նպաստել հայկական ՏՏ ոլորտի ճանաչելիության բարձրացմանը:

Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել ծրագրի հաջող իրականացումը:

Օրակարգային հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել նաև ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների, այդ թվում մենեջերների պատրաստման և կատարելագործման մեխանիզմներին ու հնարավորություններին: Նշվել է, որ ՀՀ-ում ոլորտն այսօր ունի բարձրակարգ մասնագետների մեծ պահանջարկ, ուստի անհրաժեշտ է նրանց պատրաստման ուղղությամբ ինչպես բուհերում, այնպես էլ ՏՏ ընկերություններում իրականացնել ավելի համակարգված և նպատակային աշխատանք:

Նիստի ընթացքում նշվել է նաև, որ «Արմթեք-2015» ամենամյա համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Հայաստանում, 14-ին՝ Լեռնային Ղարաբաղում: Միաժամանակ, աշնանը կկայանա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Կանցկացվեն նաև «ԴիջիԹեք էքսպո-2015» ցուցահանդեսը, Բիզնես ինովացիոն ֆորումը և Cebit-2015 միջոցառումը: