«.հայ» դոմենային գոտում գրանցման հայտերը կընդունվեն սեպտեմբերի 1-ից

2015թ. սեպտեմբերից սկսվում է հայատառ «.հայ» դոմենային գոտում դոմենային անունների գրանցման հայտերի ընդունման գործընթացը, որի նպատակն է առաջնային գրանցման հնարավորություն տալ ֆիրմային անվանումների և ապրանքանիշերի իրավատերերին:

Ըստ «Ինտերնետ հանրություն» հկ-ի տարածած տեղեկատվության՝ ֆիրմային անվանումների և ապրանքանիշերի իրավատերերն իրենց ֆիրմային անվանումը կամ ապրանքանիշը «.հայ» գոտում գրանցելու համար կարող են գրանցման հայտեր ուղղել միայն առցանց՝ «Ինտերնետ հանրություն» հկ-ի կայքի (www.isoc.am) միջոցով: Վճարման կարգն ու պայմանները, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված են կայքում:

Դրական եզրակացության առկայության դեպքում հայտատուն կստանա տվյալ դոմենային անվան գրանցման իրավունք և կարող է այն գրանցել տվյալ դոմենային անունը «.հայ» տիրույթում դոմենների գրանցման իրավունք ունեցող ցանկացած կազմակերպությունում:

Առաջնային գրանցման ժամանակաշրջանից հետո «.հայ» գոտում անունների գրանցման գործընթացն ընթանալու է www.isoc.am կայքում ներկայացված քաղաքականության համաձայն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կոչ է անում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ բաց չթողնել «.հայ» դոմենային գոտում իրենց ապրանքանիշը և/կամ ֆիրմային անվանումը գրանցելու այս եզակի հնարավորությունը և օգտվել առաջնահերթ գրանցման իրավունքից: