Ստեփանակերտում բացվեց «ԹՈՒՄՈ» կենտրոնը (ֆոտոշարք)

Ստեփանակերտում բացվեց «ԹՈՒՄՈ» կենտրոնը (ֆոտոշարք)

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել «ԹՈՒՄՈ» կենտրոնի բացումը, որին ներկա են եղել Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը։ ԼՂՀ մայրաքաղաքում «ԹՈՒՄՈ»-ի բացումը իրականություն է դարձել Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական ընդհանուր բարեգործական միության համագործակցության արդյունքում: Կենտրոնում շրջայցի ժամանակ նախագահները ծանոթացել են կրթական այս հաստատության պայմաններին և ուսուցման ծրագրին: Ըստ պատասխանատուների, ծրագիրը հասանելի կլինի ավելի քան 500 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը «ԹՈՒՄՈ»-ում շաբաթական երկու օր կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:

ՀԲԸՄ-ն ֆինանսավորելու է կենտրոնի բոլոր գործառնական ծախսերը, ինչպես նաև կենտրոնի մեկնարկային ծախսերը՝ ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության շրջանակներում, իսկ Լեռնային Ղարաբաղի հանրապետության կառավարությունը տրամադրում է տարածք Ստեփանակերտի կենտրանական հատվածում գտնվող պատմական շենքում:

Ստեփանակերտի կենտրոնում ուսանողների գրանցումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից, իսկ հոկտեմբեր ամսից գրանցված ուսանողները կսկսեն իրենց ուսումը «ԹՈՒՄՈ»-ում:

«ԹՈՒՄՈ»-ն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011-ին, իսկ երկրորդը՝ Դիլիջանում ՝ 2013-ին: ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: Համագործակցությունը միտում ունի տարածել «ԹՈՒՄՈ»-ն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս:

Բաժիններ: Հայաստան