Nextbit-ը ներկայացրել է առաջին «ամպային» հեռախոսը (տեսանյութ)

Nextbit ընկերությունը Kickstarter-ում ներկայացրել է Robin սմարթֆոնը, որն առաջին ամպային հեռախոսն է։ Սարքն առանձնանում է լավ դիզայնով, աշխատում է Android 5.1.1 Lollipop օպերացիոն համակարգով։

Սարքը սերտորեն ինտեգրված է ամպային ծառայություններին, բացի այդ՝ ետնային կողմում հեռախոսի վրա կա ամպի նշան, որը լուսավորվում է 4 Led-լամպերով ու տեղեկացնում ամպային ծառայությունների հետ սինքրոնացվելու մասին։ Nextbit-ի գաղափարն է եղել ստեղծել այնպիսի հեռախոս, որի ներքին հիշողությունը երբեք չի սպառվում։

Robin օգտագործողները կստանան 100 ԳԲ անվճար ազատ տարածք, ցանկության դեպքում կարող են ձեռք բերել ավելի մեծ փաթեթներ։ Հեռախոսի ներքին հիշողությունը 32 ԳԲ է։

Սմարթֆոնն ունի Snapdragon 808 պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 5.2 դյույմանոց 1080p IPS էկրան, 4G LTE մոդուլ, մատնահետի սկաներ, 13 ՄՊ և 5 ՄՊ տեսախցիկներ, երկու բարձրախոս ու 2680 մԱժ մարտկոց։

Nextbit-ը նախատեսում է Kickstarter-ի օգնությամբ հավաքել մոտ $500,000։ Եթե դրամահավաքը հաջող ավարտ ունենա, սմարթֆոնը կառաքվի մյուս տարվա սկզբին՝ արժենալով $400։

Աղբյուրը՝ Kickstarter.com