Apple-ը ներկայացրել է հեռուստատեսության ապագան

Սան Ֆրանցիսկոյում անցկացվող միջոցառմանը Apple-ը, iPad Pro-ից բացի, ներկայացրել է նոր Apple TV հեռուստասարքը, որի միջոցով հասանելի կլինեն ոչ միայն ամենատարբեր ֆիլմեր, շոուներ ու տեսանյութեր, այլև հավելվածների ու խաղերի խանութ։ Սարքն աշխատում է tvOS օպերացիոն համակարգով, որն իր հերթին հիմնված է iOS-ի վրա։

«Մենք կարծում ենք, որ հեռուստատեսության ապագան հավելվածներն են, շուտով ցանկացած նոր բովանդակություն կներկայացվի հավելվածի տեսքով», – հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքը։

12

Հեռուստասարքը կկառավարվի վահանակով, որն ունի նաև թաչփադ ու միկրոֆոն՝ Siri ձայնային օգնականին դիմելու համար։ Օրինակ՝ վերջինս օգտակար կլինի, եթե արտասանեք՝ «նայել նոր թրիլլեր», «Ջուլիա Ռոբերտսի ֆիլմերը» և այլն։

Հեռակառավարման վահանակը կօգտագործվի նաև խաղերում, քանի որ այն ունի գիրոսկոպ։ Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ այժմ կարելի է հեռուստասարքով խաղալ Asphalt 8, Galaxy on Fire, Guitar Hero, հայկական Shadowmatic խաղը (!!!), Crossy Road-ը և այլն։