ԱրմԹեք 2015. համաժողովին զուգահեռ ընթանում է STEP վենչուրային կոնֆերանսը

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում ԱրմԹեք համաժողովին զուգահեռ ընթանում է Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվում են «Գաղափարից դեպի շուկա» մրցույթին դիմած 90 նախագծերից ընտրված 26 ներդրումային ծրագրերը՝ մշակված հայ թիմերի, հետազոտողների և սկսնակ ընկերությունների կողմից` տեղեկատվական, բարձր և մաքուր տեխնոլոգիաների, ինչպես նաև ճարտարագիտության ոլորտներում:

Մրցույթը Գիտության և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում իրականացվում է արդեն 9-րդ անգամ և նախատեսված է նորարարների, սկսնակ ընկերությունների (startups), գիտնականների և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար:

«Գաղափարից դեպի շուկա» մրցույթի կազմակերպիչներն են Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամը՝ CRDF Global կազմակերպությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ): Ծրագրի նպատակն է խթանել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում, նպաստել նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացմանը նպաստող տեղեկատվական, հաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների /ՏՀՏ/, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում:

Հաղթող թիմերը կստանան 6,000 ԱՄՆ դոլար մրցանակ CRDF Global-ից և 2,800,000 ՀՀ դրամ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Բացի տրամադրվող ուղղակի աջակցությունից, հաղթող թիմերին նաև կկցվեն մենթորներ ԱՄՆ-ից՝ գործարարության զարգացման և/կամ խորհրդատվության նպատակով։ Մենթորները նախապես կընտրվեն CRDF Global-ի գործարարության մենթորների ցանցից, որը կազմված է հաջողակ ձեռնարկատերերից, ներդրողներից և տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներից:

Հաղթողները կհայտարարվեն հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում: