Զինվեք նորարար գաղափարներով և լավ թիմակիցներով Հեքըթոն [ՅԱՆ] մրցույթին ընդառաջ

Արդեն տարիներով փորձված ավանդույթի համաձայն՝ տարեվերջին Հեքըթոն [ՅԱՆ]-ը միավորում է բազմաթիվ նորարար երիտասարդների, ՏՏ և այլ ոլորտների մասնագետների 24–ժամյա մեծ տոն/մրցույթի շուրջ։

Դեռ մի քանի տարի առաջ Հանրային Լրագրության Ակումբի հետ համատեղ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը որոշեց անցկացնել առաջին Հեքըթոն [ՅԱՆ]-ը։ Միջազգային ձևաչափի այս մրցույթը միանգամից հետաքրքրություն առաջացրեց, և ավելի քան 35 թիմեր դիմեցին, որոնք մշակեցին նախագծեր՝ հիմնականում ուղղված Երևանի տրանսպորտային, բնապահպանական, առողջապահական, կրթական, զբոսաշրջության ոլորտների խնդիրների լուծմանը:

Ո՞վ կմտածեր, որ հայ վարորդների սիրելի 4car պլատֆորմը Հեքըթոն [ՅԱՆ] 2011-ի արդյունք է։ Խախտումներ, գույքահարկ, մեքենայի հետ կապված ամեն ինչ այս կայքում, որի գաղափարը մի խումբ երիտասարդների մոտ ծագել էր 24 ժամվա ընթացքում։ Հետագայում նրանք այնքան զարգացրեցին այդ գաղափարը, որ ստեղծեցին իրենց ստարտափը, ինչը մինչ օրս ակտիվորեն աշխատում է և դարձել է կենսունակ բիզնես։ Մայքրոսոֆթ ինովացոն կենտրոնը ընդգրկեց նրանց Աքսելերացիայի ծրագրում, ինչը հնարավորություն տվեց նրանց զարգացնել իրենց պրոդուկտը, մի ֆունկցիայից՝ ընդամենը խախտումների մասին ծանուցող SMS ծառայությունից, դառնալ բազմաֆունկցիոնալ վեբկայք 50,000 օգտատերերով և գտնել ներդրողները։

HACKATHON [YAN]

Հեքըթոն [ՅԱՆ]-ը միավորում է ոչ միայն սկսնակ ծրագրավորողների, այլ նաև արդեն կայացած և մեծ ճանապարհ անցած ծրագրավորողների, ձեռներեցների, տարբեր ոլորտների մասնագետների, ովքեր ամբողջ ընթացքում աջակցում են թիմերին։ Հեքըթոն [ՅԱՆ]-ը հիանալի հնարավորություն է ՏՏ համայնքում կապեր հաստատելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու համար։ Շատ հաճախ Հեքըթոնի ժամանակ հանդիպած մարդիկ հետագայում միավորվում են մեկ գաղափարի շուրջ, ստեղծում իրենց ստարտափը։ Նմանատիպ դեպքեր շատ են եղել ՄԻԿ-ի պրակտիկայում։ Միայն վերջին աքսելերացիայի ծրագրում ընդգրկվել էին երկու թիմեր, ովքեր առաջացել էին Հեքըթոն [ՅԱՆ] 2014-ի ժամանակ հաստատած ծանոթության արդյունքում։

Երբ հայտարարվում է որևէ մրցույթ, բոլոր հետաքրքրված դիմորդները նախևառաջ ստուգում են, թե ինչ մրցանակներ են տրվելու։ Հեքըթոն [ՅԱՆ]-ը այդ առումով բացառություն չէ, սակայն մրցանակները տարբեր են՝ սկսած ֆինանսական աջակցությունից, արժեքավոր սարքավորումներից, մինչև ենթակառուցվածքային աջակցություն գաղափարը ստարտափի վերածելու համար։

Յուրաքանչյուր տարի Հեքըթոն [ՅԱՆ]-ը ներկայանում է նոր ձևաչափով, հետաքրքիր նորություններով և անցկացման հետաքրքիր և անսպասելի վայրով։ Այս տարին բացառություն չի լինելու։ «Գաղտնիքները չբացելով՝ ավելացնենք, որ լինելու են նաև շատ հետաքրքիր մրցանակներ, ինչպես նաև որոշ թիմեր հնարավորություն են ստանալու ընդգրկվել ստարտափերի աքսելերացիայի ծրագրին։ Զինվեք համբերությամբ, նորարար գաղափարներով և լավ թիմակիցներով»,-կոչ է անում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի մամուլի ծառայությունը։