Բիզնես ինովացիոն ֆորումին ներկա կլինի Իսրայելի առաջատար ձեռնարկատեր Ելենա Դոնեթսը

Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 13-14-ը՝ Դիլիջան քաղաքի «Դիլիջան» առողջարանային համալիրում և կանցկացվի  «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ֆորումի գլխավոր հովանավոր՝ BetConstruct ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանը:

Երկօրյա ինովացիոն ֆորումի ժամանակ կներկայացվի տեղական և համաշխարհային փորձը, կլինեն գործնական քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և կտրվեն համապատասխան լուծումներ 2018թ. Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

«Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակներում մենք փորձում ենք մեկտեղել միջազգային փորձն ու Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը: Բացի այդ, նպատակ ունենք նաև համահունչ դարձնել բիզնեսի ու պետական մարմինների քայլերը հայաստանյան ինովացիոն ոլորտում»,-նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Երկօրյա ինովացիոն ֆորումի հիմնական խոսնակները կլինեն տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում Իսրայելի առաջատար ձեռնարկատերերից մեկը՝ Ելենա Դոնեթսը: Ե. Դոնեթսը նաև Իսրայելի StartAU համալսարանի ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրենն է:

Այս տարի ինովացիոն ֆորումի թեմատիկ ուղղություններն են՝

  • ինովացիոն էկոհամակարգեր
  • ինովացիա և կրթություն
  • ինովացիա և ձեռներեցություն։

Կ. Վարդանյանը նաև հավելեց, որ միության միջոցառումները ուղղված են նրան, որպեսզի  Հայաստանը ճանաչելի դառնա միջազգային շուկայում: ԻՏՁՄ իր առջև դրված նպատակներին հասնելու համար բացի ինովացիոն ֆորումից ձեռնարկում է մի շարք այլ միջոցառումներ, մասնավորապես ՀՀ դպրոցներում ինժեներական և ռոբոտաշինական խմբկաների ներդրումը, «Ինչու՞ Հայաստան» կոնցեպտի կիրառումը և այլն: Հայաստանը ինժեներական լուծումների հսկայական ներուժ ունի, որը համապատասխան կերպով չի ներկայացվում շուկայում:  Միջազգային գործարար շփումների ժամանակ հաճախ հնչող այն հարցին, թե ինչու՞ պետք է համագործակցել հատկապես հայկական ընկերությունների հետ, ԻՏՁՄ-ն հստակ պատասխանում է, որովհետև Հայաստանը կարող է տրամադրել  անակնկալ ինժեներական լուծումներ, որոնք աչքի են ընկնում որակով, կրեատիվությամբ և ճկունությանբ:

Ինովացիոն ֆորումն ավանդաբար անցկացվում է Հայաստանի տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների առաջատարների մասնակցությամբ։ Ֆորումին կմասնակցեն հայաստանյան և արտերկրյա տեխնոլոգիական, կրթական և ինովացիոն այլ ոլորտների շուրջ 200 մասնակիցներ, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների  ներկայացուցիչներ:

3-րդ տարին անընդմեջ անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝  ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ: Ֆորումի գլխավոր հովանավորն է BetConstruct ընկերությունը: