Google Photos-ը կհամալրվի տեսանյութերի մոնտաժման լիարժեք ծրագրով

Արդեն երկու տարի է՝ Android-սմարթֆոնները կարողանում են 4K թույլատրությամբ տեսանյութեր նկարահանել, սակայն դրանք հեռախոսով մոնտաժելու համար ծրագրերը շատ չեն կամ էլ հարմար չեն օգտագործման համար։

Phonearena-ն գրում է, որ Google-ն արդեն գնել է Fly Labs ընկերությունը, որը թողարկել է iPhone-ի համար նախատեսված Tempo, Fly և Crop վիդեոխմբագրման ծրագրերը։ Բացի այդ Fly Labs-ը մշակել է Clips հավելվածը, որը թույլ է տալիս աշխատել 4K-տեսանյութերի հետ։

Այս ամենն այժմ պատկանում է Google ընկերությանը, ավելին՝ Fly Labs-ի մշակումները կներդրվեն Google Photos-ում։ Այս մասին իր Twitter-ում է գրել Google Photos-ի գծով ղեկավար Դեյվիդ Լիբը։