Սև ուրբաթ․ ինչպես պատրաստվել ու որտեղից գնումներ անել

ԱՄՆ-ում ու արդեն նաև շատ այլ երկրներում ամեն տարի անցկացվում է «Սև ուրբաթ», որը չունի ամրագրված ամսաթիվ ու տեղի է ունենում Գոհաբանության տոնից հետո, այսինքն՝ նոյեմբերի չորորդ հինգշաբթի օրվան հաջորդող ուրբաթ օրը։ Այս օրը հայտնի է խելահեղ զեղչերով ու հազարավոր հերթերով, սակայն զեղչեր կարելի է օգտվել նաև տանը նստած՝ առցանց խանութներից գնումներ կատարելով։

Զեղչերի տոնը սկիզբ է առել դեռևս 19-րդ դարում, սակայն ստացել է «Սև ուրբաթ» անունը միայն 1966 թվականին։

2015-ին «Սև ուրբաթ»-ը կանցկացվի նոյեմբերի 27-ին, իսկ նոյեմբերի 30-ին կհաջորդի «կիբեր-երկուշաբթին»՝ հատուկ նրանց համար, ովքեր չեն հագեցել գնումներ անելուց ու շարունակում են դատարկել իրենց օնլայն հաշիվը աշխատավայրից։

Վարկածներից մեկի համաձայն՝ ուրբաթը սև է կոչվում, քանի որ վաճառողները ծախսերի հաշվարկը կատարում են կարմիր գրիչով, իսկ եկամուտները գրանցում են սևով։ Իսկ այդ օրերին մեծ վաճառքները բերում են մեծ եկամուտներ, ու ցուցակներում սևը սկսում է գերակշռել։ Ըստ մեկ այլ վարկածի՝ ուրբաթը սև է, քանի որ արդեն նախորդող գիշերը գնորդներն սկսում են հերթ կանգնել խանութների մոտ, երբ շուրջը մութ է ու սև։

Black-Friday-Crowd

Սև ուրբաթի հրաշքներն ամենաշատը հնարավորություն են ունենում վայելել ԱՄՆ-ի բնակիչները։ Շատ խանութներ պահպանում են զեղչերը նաև հաջորդող հանգստյան օրերին։

ԱՄՆ-ի Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի տվյալներով՝ 2013-ին Սև ուրբաթին մասնակցել է ԱՄՆ-ում ապրող 249 մլն գնորդ, ովքեր ընդհանուր առմամբ ծախսել են 61,4 միլիարդ դոլար, այսինքն՝ միջինում յուրաքանչյուր բնակիչ թողել է խանութում 400 դոլար։

Բյուջեի կազմում

Խորհուրդ ենք տալիս նախապես հատկացնել որոշակի բյուջե։ Առանց բյուջերի պլանավորման շատ վտանգավոր է միանգամից ընկնել մեծ զեղչերի հորձանուտը․ այս դեպքում շատ դժվար կլինի կանգ առնել, քանի որ զեղչված ապրանքը շատ-շատ գայթակղիչ է լինում՝ անկախ նրանից, թե որքանով է այդ գնումը ձեզ անհրաժեշտ։ Այդ իսկ պատճառով ճիշտ կլինի նաև կազմել անհրաժեշտ իրերի ցուցակ, որը կօգնի ավելի հեշտ կողմնորոշվել։

Որ առցանց խանութներից գնումներ անել

Այս հարցի պատասխանը միանշանակ է՝ պետք է գնումներ անել խոշոր կայքերից, քանի որ հենց դրանք են կարողանում մեծ զեղչեր ապահովել, խոսքը Amazon-ի, eBay-ի, ինչու չէ նաև AliExpress-ի մասին է։

Ինչպես հետևել զեղչերին

Զեղչերին մեկ տեղում հետևելու եղանակ առայժմ չկա, քանի որ նախապես խանութները կարող են չտեղեկացնել սպասվող առաջարկների մասին։ Սև ուրբաթի առաջին կանոնն է՝ «Մի քնիր, այլապես բաց կթողնես լավագույն զեղչերը»։ Եթե հանդիպում է շատ լավ առաջարկ, ապա պետք է արագ գործել, քանի որ մեկ րոպե անց առաջարկվող ապրանքը կսպառվի կամ զեղչը կարող է այլևս չգործել։

Գործող զեղչերի մասին կօգնեն տեղեկանալ հետևյալ կայքերը․

blackfriday.com

theblackfriday.com

bfads.net

fatwallet.com

slickdeals.net

Եթե օնլայն գնումներ անելու մեջ հմուտ չեք, ապա առցանց խանութներում հեշտ ու արագ կողմնորոշվելու համար խորհուրդ ենք տալիս մինչև նոյեմբերի 27-ը ժամանակ առ ժամանակ այցելել օնլայն խանութներ, ուսումնասիրել բաժինները։

Նկատի ունեցեք նաև այն, որ վաճառվող ապրանքներից ոչ բոլորն են առաքվում դեպի Հայաստան։ Նման դեպքերում կարելի է օգտվել Հայաստանում գործող Onex.am, Globbing.com, ShopInAmerica.am ծառայություններից, որոնք պատվերներն ԱՄՆ-ից հասցնում են Հայաստան։ Վերոնշյալ երեք կայքերի համեմատական վերլուծությունը կարդացեք այստեղ։