EcoScan: Plants հայկական հավելվածը կնպաստի կենսաբազմազանության պահպանմանը

EcoScan: Plants-ը հայկական բջջային հավելված է, որի նպատակն է պատկերների ճանաչման ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով նպաստել կենսաբազմազանության պահպանմանն ու սննդի անվտանգության ապահովմանը։ Հավելվածը հաղթել է Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում, որը կազմակերպվել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ։

EcoScan: Plants-ն օգտագործողներին կապահովի հեշտ օգտագործվող լուծումով, որը կհամատեղի պատկերների ճանաչման ժամանակակից տեխնոլոգիաները բույսերի նույնականացման և դասակարգման վերջին զարգացումների հետ:

EcoScan-ի տնօրեն Վաչե Կիրակոսյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ հավելվածն առայժմ նախագծման փուլում է, նախատեսվում է այն թողարկել 2016թ. ամռանը։ Ծրագիրը ներկայացված կլինի ինչպես Android, այնպես էլ iOS հարթակների համար։

vache

«Հեռախոսի տեսախցիկի օգնությամբ ընթերցվում է բույսի որևէ հատված, օրինակ՝ տերև, ծաղիկ, պտուղ և այլն։  Մշակված ալգորիթմը այն վերածում է եռաչափ պատկերի և համեմատում տվյալների շտեմարանում գտնվող պատկերների հետ։ Եթե տվյալ բույսն առկա է շտեմարանում, ապա օգտատերը ստանում է բույսի լատինական անվանումը, համառոտ տեղեկատվություն դրա վերաբերյալ և համացանցում որոնված արդյունքներ։  Միաժամանակ օգտատիրոջ կողմից ուղարկած պատկերը ներառվում է շտեմարանում»,-հավելվածի աշխատանքը նկարագրեց ընկերության տնօրենը։

Որպես հավելվածի թիրախային լսարան դիտարկվում են հետևյալ խմբերը․

  • Տանը կամ տնամերձ հողատարածքում բույսեր աճացնողները,
  • Մասնագետները, ինչպիսիք են բուսաբաննները, բնապահպանները, ուսուցիչները և այլն,
  • Զբոսաշրջիկները։

Կիրակոսյանի խոսքով՝ հետագայում նախատեսվում է տրամադրել բույսերի խնամքին վերաբերող խորհրդատվություն և ախտորոշում։

Նշենք, որ նորաստեղծ ընկերությունը տեղակայված է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։ Ներկայումս ԳՏԿ-ում տեղակայված են և ակտիվ գործունեությունն են ծավալում տեխնոլոգիական ոլորտի շուրջ 23 կազմակերպություններ: Նրանց թվին են պատկանում ԼայմՏեխ, իՎորկս, Դիջիթըլ Փոմըգրանեթ, Սեվեն Սմարթս, Render Forest, Անանիկս, Իմպրովիզ ընկերությունները, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և այլ կազմակերպություններ: