Little Leo հայկական խաղն արդեն հասանելի է Google Play-ում

GreenWay հայկական ընկերությունը թողարկել է Little Leo բջջային խաղը, որը ս․թ․ նոյեմբերի 13-ից անվճար հասանելի է Google Play հավելվածների խանութում։ GreenWay-ի կրեատիվ տնօրեն ու խաղի դիզայներ Արմեն Մովսիսյանը ittrend.am-ի հետ զրույցում ներկայացրեց խաղի մանրամասները։

Little Leo-ն սպորտային և արկածային ժանրի խաղ է: Խաղը պատմում է չարաճճի փոքրիկ Լեոյի մասին, ով ունի երազանք՝ դառնալ ֆուտբոլիստ: Բայց ծնողները դեմ են նրա երազանքին, և մեր հերոսը որոշում է խնդիրը լուծել իր պատկերացմամբ:

Խաղի բոլոր գործողությունները կատարվում են գլխավոր հերոսի տանը։ Յուրաքանչյուր սենյակում Լեոն պետք է փչացնի և կոտրի տարբեր իրեր: Մի խոսքով՝ չարաճճիություն անի, իսկ բակում նրան սպասվում է ավելի դասական և դինամիկ, ազատ հարվածների «գեյմփլեյ», որտեղ հարկավոր է հավաքել որքան հնարավոր է շատ միավորներ՝ օգտագործելով գլխավոր հերոսի խաղային ողջ հնարավորություններն ու փորձը:


GreenWay Թիմը բաղկացած է երկու հոգուց: Արմեն Մովսիսյանի խոսքով՝ խաղի ստեղծման աշխատանքները սկսվել են դեռևս 2013 թվականից, և սա թիմի առաջին խաղն է: «Շատ հնարավոր է, որ հետագայում խաղը զարգացնենք և ավելացնենք հավելյալ հնարավորություններ, բացի այդ կթողարկենք նաև խաղի iOS տարբերակը, որն, ամենայն հավանականությամբ, անվճար կլինի»,-նշեց խաղի դիզայները։