Ռոբոտների շքերթ Երևանում. ամենաուշագրավ ռոբոտները (տեսանյութ)

Երևան Մոլում շարունակվում է «Ռոբոտների շքերթը», որը ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը: ittrend.am-ը ներկա է գտնվել ցուցադրությանն ու այժմ կներկայացնի շքերթի ամենաուշագրավ ռոբոտներին:

Այցելուներին դիմավորում էր ամերիկյան Բակսթեր ռոբոտը, որը կարողանում է կատարել պարզ արդյունաբերական առաջադրանքներ` կրկնելով մարդկային շարժումները: Ռոբոտն ունի տեսախցիկներ ձեռքի և դեմքի վրա, որոնք ֆիքսում են շարժումները, բացի այդ` դրանց միջոցով ռոբոտը չի վնասում իր կողքին կանգնած մարդկանց:

Իսկ Սմուզի ռոբոտը պատրաստվել է Իռլանդիայում, այն հեծանիվ է, միաժամանակ նաև բլենդեր, որն աշխատում է ոտնակների շարժմանը զուգահեռ:

Ռոբոտների շարքում է անգլիական մարդանման Տեսպիան հանրահայտ ռոբոտը, որն աշխարհում ամենաժամանակակից և էմոցիոնալ ռոբոտներից մեկն է: Ռոբոտը կարողանում է ոչ միայն շփվել մարդկանց հետ, ընդօրինակել շարժումները, երգել, պարել, ծիծաղել, լաց լինել, անգամ կարդալ Շեքսպիր, որի շնորհիվ շատ անգամ մասնակցել է ժամանակակից թատերական ներկայացումներին: Նա նույնիսկ 2014թ. CeBit ցուցահանդեսի հանդիսավոր արարողության բացմանը հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կամերոնի հետ: Տեսանյութում ռոբոտը պատասխանում է երեխաների այն հարցին, թե որտեղից է եկել:

Միջոցառմանը ներկայացված էր նաև փոքրիկ երգող ռոբոտ, որը երգում էր` արկղում մետաղադրամ գցելուց հետո:

Ցուցահանդեսում ժամը մեկ այցելուներին ողջունում էին պարող ռոբոտները.

Միջոցառմանը կային նաև մարտական ռոբոտներ, որոնք կառավարվում էին ջոյստիկների միջոցով.

Իսկ այս բարմեն-ռոբոտը, որը կարողանում է 30 տեսակի ըմպելիքի բաղադրատոմս հիշել, հյուրասիրում էր այցելուներին կոկտեյլներով:

«Ռոբոտների շքերթ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում, 2014թ. և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանի ողջ պատմության մեջ: Այնուհետև ցուցահանդեսը հյուրընկալվել է Սոչիում, Կրասնոդարում, Սանկտ-Պետերբուրգում, Մինսկում և Եկատերինբուրգում` ունենալով մեծ հաջողություն:

Միջոցառումն իր տեսակով նորություն էր Հայաստանում, սակայն կային կազմակերպչական մի քանի բացթողումներ, մասնավորապես` մի շարք ռոբոտներ սարքին չէին կամ լիցքավորված չէին և արդյունքում չէին մասնակցում ցուցադրությանը, կային նաև ռոբոտներ, որոնց մոտ բացակայում էր ռոբոտին ներկայացնող համապատասխան աշխատակիցը: