Մեկնարկում է «Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթը

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը, համագործակցելով «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հետ, նախաձեռնել է «Վիրտուալ իրականության մարտահրավեր» մրցույթը, որի նպատակն է խրախուսել ծրագրավորողներին, օգտագործելով ժամանակակից լավագույն սարքավորումները, ստեղծել յուրահատուկ վիրտուալ իրականության ծրագրեր , հավելվածներ ու խաղեր։

Մասնակցության հայտերը առաջին փուլի համար ընդունվում են մինչև 2016 թվականի փետրվարի 15-ը։ Մրցույթին կարող են մասնակցել 15-35 տարեկան երիտասարդները, ովքեր պայքարելու են մի շարք մրցանակների համար։

Մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր փուլի լավագույն լուծման համար մասնակիցը/մասնակիցները/ կպարգևատրվի 1000-2000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով։

Մրցույթի ընթացքում մշակված լավագույն կրթական հավելվածները կընդգրկվեն «ԱրմԹաբ» դյուրակիր համակարգիչներում և «ԱրմՖոն» հեռախոսներում։

Մասնակիցներին սպասում է ևս մեկ անակնկալ․ մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը/մասնակիցները/ կմասնակցի 2017 թվականին տեղի ունենալիք երկու հայտնի և խոշոր միջազգային միջոցառումների՝ «Consumer Electronics Show 2017» և «World Mobile Congress 2017»։

Մրցույթի մասնակիցների պարգևատրումն ընթանալու է մի քանի փուլով, իսկ 2016 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի կունենան վերջնական ծրագրերի ներկայացումն ու մրցանակների հանձնման արարողությունը: