Հայկական խաղ, որը կօգնի պայքարել կոռուպցիայի դեմ

Դեկտեմբերի 16-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ Թումոյի և Եվրոպական Միության համատեղ Next Generation Anti-Corruption Game նախագծի մշակման ներկայացումը:

Խաղը կֆինանսավորվի Եվրոպական Միության և կիրականացվի Թումոյի կողմից: Նախագիծը միտված է ուսանողներին ցուցադրելու՝ ինչպես պայքարել կոռուպցիայի տարբեր ձևերի դեմ՝ անկախ դրանց մասշտաբներից և իրավիճակների զանազանությունից: Բջջային խաղը լինելու է ինտերակտիվ և զվարճալի: Այն կգրավի խաղացողին և կօգնի առավելագույնս ընկալել կոռուպցիայի հետևանքները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն. Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկու խոսքով` Հայաստանը մեծ ներուժ ունեցող երկիր է: «Յուրաքանչյուր երկիր հանդիպում է խոչընդոտների, որ պետք է հաղթահարել և ես համոզված եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կիրականացնի երկիրը զարգացնելու խնդիրը»,-ասաց նա:

Թումոյի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը մեկնաբանեց. «Շատ քիչ են այն խաղերը, որ միաժամանակ և՛ կրթական կամ հասարակական թեմա ունեն, և՛  հետաքրքիր են խաղացողի համար: Թումոյի ուսանողների առջև դրված խնդիրը մեծ է ոչ միայն, որովհետև իրենք շոշափելու են կոռուպցիայի պես բարդ թեմա, այլև որովհետև փորձելու են ստեղծել հասարակական խնդիրներին անդրադարձող խաղ, որը գրավիչ կլինի օգտատիրոջ համար: Ես կասկած չունեմ, որ իրենք կգտնեն այդ առաջադրանքի լուծումը»:

Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանն արտահայտեց իր ոգեւորվածությունը համագործակցության և գալիք խաղի առիթով՝ ասելով, որ հայկական հասարակության փոխակերպումը սկսվում է երիտասարդության շնորհիվ և Թումոն լավագույն վայրն է դրա համար:

Միջոցառմանը ներկա էին ինչպես Թումո ուսանողներ, այնպես էլ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, Հայաստանում զանազան դեսպանությունների ներկայացուցիչներ և տեղական սոցիալական ու իրավաբանական ընկերությունների անդամներ: