Նոյան հյութերը` Թումոյի ուսանողների պատրաստած փաթեթավորմամբ (ֆոտոշարք)

Նոյանի և Թումոյի համագործակցության արդյունքում մշակվեց նոր արտադրական գիծ, որի կոնցեպտը պատրաստվեց Թումոյի ուսանողների կողմից: Կոնցեպտի մշակման և ձևավորման աշխատանքները հատուկ դասընթացի ձևաչափով տևեցին 2 ամիս և իրականացվեցին մի քանի փուլով: Ուսանողները սկզբնական փուլում առաջարկեցին կերպարների և պատմությունների իրենց գաղափարները: Այնուհետև պատկերազարդող Սարա Մարի Շաբոյանի հետ պատանիները ստեղծեցին տարբեր կերպարների շարքեր, որոնք էլ արդեն Մոսկվայից հրավիրված դիզայներ Արամ Միրզոյանցի հետ կիրառեցին իրենց փաթեթավորման նախագծերում:

Ներկայացված նախագծերի շուրջ կազմակերպվեցին ֆոկուս խմբեր, որոնցում ներգրավվեցին պոտենցիալ գնորդներ՝ ծնողներ և երեխաներ: Արդյունքում առանձնացվեց ապագա գնորդների նախընտրելի տարբերակը:

Նախագիծը մտավ ավարտական փուլ, և պատրաստվեց վերջնական ձևավորումը:

«Այս նախագծի կարևորագույն նվաճումը մեզ համար այն է, որ ուսանողները աշխատեցին իրական արտադրության պայմաններում և անցան բոլոր փուլերով՝ գաղափարի ստեղծումից մինչև իրականացումը և մուտքը արտադրություն, իսկ դրանք փաթեթավորման աշխարհում առանցքային դեր են խաղում: Խումբը նաև իրականացրեց վաճառքի կետում արտադրանքի ներկայացման ոճի և նյութերի մշակումը», – նշում է Թումոյի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը:

Նոյանի գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը իր հերթին ընդգծեց նախագծի կարևորությունը. «Այս համագործակցությունը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ ուզում էինք ոչ միայն նոր արտադրանքի ոճ ստեղծել, այլև բացահայտել և ցույց տալ մեր նոր սերնդի ներուժն ու հնարավորությունները: Եվ դա կարող էինք լավագույնս անել հենց Թումոյի հետ՝ ստանալ մի փաթեթավորում, որը միաժամանակ և՛ արդիական է, և՛ հայկական, և՛ ստեղծված երեխաների կողմից երեխաների համար»:

Իսկ թե ինչ տպավորություններ ստացան աշխատանքային ընթացքից պատանիները՝ ամփոփեց ուսանողներից 15-ամյա Բելլա Մարտիրոսյանը. «Շատ հետաքրքիր էր, քանի որ իրական նախագիծ էր, որը մեզ տվեց փորձառու մասնագետների հետ համագործակցելու հնարավորություն և աշխատանքային մեծ փորձ, և այդ ամենը ամբողջ կյանքում կկիրառենք մեր բնագավառում»:

Թումոյի ուսանողների կողմից ձևավորած նոր արտադրանքը այսօր արդեն կհայտնվի վաճառքում:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը (www.tumo.org) անվճար արտադպրոցական ծրագիր է, որի շրջանակներում հայ երիտասարդները ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու համար անհրաժեշտ հմտությունները: Թումոյի ուսանողները հանձն են առնում իրենց ապագա կարիերան ունենալով լայն աշխարհայացք, մրցունակ պորտֆոլիո եւ պրակտիկ հմտություններ արվեստի եւ տեխնոլոգիաների ոլորտներում: