Cyclop հայկական ընկերությունը մշակում է բրիտանական ռոբոտի ծրագրային ապահովումը (հարցազրույց)

Վերջերս ittrend.am-ը գրել էր Emotech ընկերության Olly ռոբոտի մասին, որը կարողանում է ընդօրինակել իր տիրոջ միմիկան ու բնավորության գծերը: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ այս ռոբոտի ծրագրային ապահովումը մշակում է հայկական Cyclop ընկերությունը: Թե ինչով է զբաղվում Cyclop-ը, ինչպես է այն ստեղծվել ու դարձել Olly ռոբոտի ԾԱ-ն մշակող ընկերությունը, մեզ հետ զրույցում պատմեց ընկերության հիմնադիր Դավիթ Բունիաթյանը:

3_4
Դավիթ Բունիաթյան

– Ե՞րբ և ո՞ւմ գաղափարով է ստեղծվել ընկերությունը: Ովքե՞ր են հիմնադիրները:

– Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի ամռանը։ Սակայն թիմը ձևավորվել է ավելի շուտ և սկսել է աշխատել տարբեր հեռանկարային ծրագրերի շուրջ։ 2013 թվականին ես և ընկերս սկսեցինք մշակել մեր առաջին նախագիծը` Cyclop Wars խաղը, որը ամբողջովին հայկական արտադրության առաջին խաղերից էր App Store-ում։ Այս խաղը դարձավ մեր գործունեության հիմնաքարը, և հետագայում ես հիմնեցի Cyclop Studio-ն։

– Ի՞նչ գործունեություն է այժմ ծավալում Cyclop-ը:

– Տվյալ պահին մենք աշխատում ենք Froo Zoo խաղի նոր տարբերակի վրա։ Մենք համատեղ գործունեություն ենք ծավալում մի քանի հայկական ՏՏ ոլորտի կազմակերպությունների հետ, օրինակ` Aria Innovation Technologies և Geno6: Ինչպես նաև Cyclop-ը տվյալ պահին համագործակցում է անգլիական Emotech ընկերության հետ և մշակում ենք վերջինիս Olly ռոբոտի ծրագրային ապահովումը։

– Կպատմե՞ք` ինչպես սկսվեց համագործակցությունը Olly ռոբոտը մշակող ընկերության հետ:

– Emotech-ի տեխնիկական տնօրենի (CTO) հետ ծանոթացել եմ Մեծ Բրիտանիայում, ֆեյսբուքյան հաքաթոնի ժամանակ։ Ժամանակի ընթացքում մենք սկսեցինք փոխանակվել գաղափարներով և փորձով, և կարելի է ասել, գտանք համագործակցության եզրեր։ Ապա մեր լավագույն մասնագետներից մեկն ապացուցեց, որ հայկական ՏՏ դաշտի մարդկային ռեսուրսի որակն ընդանրապես չի զիջում արտասահմանյանին, նույնիսկ գերազանցում իր քրտնաջան աշխատանքով։

– Որպես հայկական ստարտափ` ի՞նչ դժվարություններ եք ունեցել շուկայում:

– Իրականում դժվարությունները շատ էին։ Հիմնական խնդիրն այն էր, որ տեղական շուկան դեռ պատրաստ չէր նման գաղափարների սինթեզմանը, և ժամանակ էր պետք, որպեսզի մարդիկ ուսումնասիրեին ոլորտը։ Եղել են նաև բարդություններ` կապված ռեսուրսների հետ, թե´ նյութական, և թե´ մարդկային։ Սակայն հիմա ՏՏ-ն կարծես դառնում է հոգեհարազատ հայ մտածելակերպի համար և, հետևելով վիճակագրությանը, վստահ կարող ենք ասել, որ գրանցվում է առաջընթաց, և ես դա տեսնում եմ նաև շատ այլ կայացած ստարտափներում։ Այսօր հայկական ստարտափ էկոհամակարգը հեղաշրջում է ապրում մի շարք դրական գործոնների շնորհիվ։

3_3
Cyclop-ի թիմի անդամները

– Ձեր կարծիքով` ի՞նչն է պակասում ստարտափների հայկական շուկային` առավել զարգանալու համար:

– Ենթադրում եմ, որ կան ստարտափների համար հաջողության հասնելու բոլոր նախադրյալները: Ցավոք, ստարտափի գաղափարը բավականին խեղաթյուրված է մեր հասարակության շրջանում, և շատ մարդիկ, կարծելով, թե հիմնում են ստարտափ, իրականում ստեղծում են ուղղակի հասարակ ընկերություն։ Մեկ այլ խնդիր է մոտիվացիան։ Ես ինքս տեսել եմ, թե ինչպես են մարդիկ հիասթափվում, երբ ինչ-որ բան չի ստացվում, և շատ դեպքերում մարդիկ ուղղակի թողնում են գաղափարը։ Իսկ ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա, իմ կարծիքով, յուրաքանչյուր լավ, շտկված գաղափար անպայման կգտնի ներդրող։

– Պատրաստվո՞ւմ է արդյոք Cyclop-ն ընդլայնել իր գործունեության ոլորտը:

– Թեև մեր ընկերությունն իր ֆորմալ բնույթով չի համարվում ստարտափ, մենք ցանկանում ենք ստեղծել ինկուբացիոն համակարգ, որը կնպաստի նոր ստարտափների ձևավորմանը, որոնք հետագայում կստանան վենչուրային ֆինանսավորում և կընդլայնեն իրենց գործունեությունը միջազգային հարթակում։

– Ի՞նչ հետաքրքիր նախագծերի վրա եք աշխատում այժմ:

– Աշխատում ենք Newsly  հաջորդ սերնդի նորությունների ագրեգատորի մշակման ուղղությամբ, որն օգտագործում է անհատական մեքենայական ուսուցում` համագործակցելով IBM ընկերության հետ և արդյունքում ստանալով 24,000 ԱՄՆ դոլար սերվերային ապահովում։ Հետագա նախագծերի մասին`մի փոքր ուշ։ Հարկ է նշել, որ մենք փնտրում ենք ծրարգրավորողների, ովքեր, չնայած փորձի պակասին, ունեն շատ լուրջ պոտենցիալ և ցանկանում են կիսել մեր հետագա հաջողությունները: Ցանկացողները կարող են ուղարկել CV-ն այս հասցեով`[email protected]: