Օնլայն շոփինգի թաքնված վտանգները. ShopinAmerica.am

Shopping online

ittrend.am-ը համեմատական վերլուծության էր ենթարկել ԱՄՆ-ում կատարած օնլայն գնումները Հայաստան առաքող Onex.am, Հայփոստին պատկանող ShopinAmerica.am ու Globbing.com կայքերը, սակայն դրանցից յուրաքանչյուրի աշխատանքը գործնականում փորձարկելու համար պատվերներ կատարեցինք, և այսօր կկիսվենք ShopInAmerica.am-ից օգտվելու փորձառությամբ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ կայքերը գրանցվելիս օգտագործողին տրամադրում են ԱՄՆ-ում գտնվող հասցե. Globbing.com-ն ու Onex.am-ն տալիս են ԱՄՆ-ի Դելավեր նահանգում տեղակայված հասցե, որտեղ հավելյալ հարկեր չեն գանձվում գնումների ժամանակ։ Իսկ ShopinAmerica-ն տալիս է Կալիֆորնիա նահանգի հասցե: Ըստ ՀայՓոստի աշխատակցի՝ այս նահանգում հարկեր չեն գումարվում գնումների վրա, սակայն,պատվեր կատարելով համոզվեցինք, որ ShopinAmerica-ով գնում կատարելու դեպքում ավելանում է 9% հարկ: Սա հաստատեց նաև ShopinAmerica-ի ֆեյսբուքյան էջը` պատասխանելով մեր հարցին:

12289485_10205453872771591_4226124023688769815_n (1)

Շատ ժամանակ չանցած, ի հայտ եկավ նոր անակնկալ: Նշենք նախ, որ ShopinAmerica-ն ունի կոնսոլիդացիայի ծառայություն, որը հնարավորություն է տալիս տարբեր խանութներից մի քանի պատվեր անել ու միավորել դրանք մեկ առաքանու մեջ, ինչն իրենից ենթադրում է ավելի մատչելի փոխադրում: Սակայն այս ծառայության համար պետք է միանվագ վճարել հավելյալ $12 (!!!), ինչը կայքում ոչ մի տեղ չի հիշատակվում: Հետևաբար ստիպված եղանք առանձնացնել գնումները:

 12545774_10205679417010056_291007838_o

Ինչ վերաբերում է սպասարկմանը, ապա հաճախորդների հետ աշխատող բաժինը կամ չի պատասխանում, կամ 3-5 օր ուշացումներով է արձագանքում:

Բացի այդ՝ նախորդ հրապարակման ժամանակ ShopinAmerica-ի մարքեթինգի բաժնից ittrend.am-ին հավաստիացրել էին, որ ժամը 19:00-ից հետո 514-514 հեռախոսահամարով կարելի է կապ հաստատել ShopinAmerica-ի՝ Գլենդելի աշխատակիցների հետ: Մենք փորձեցինք կապ հաստատել 20:00-ի սահմաններում, սակայն Հայփոստի ինքնապատասխանիչը ասաց միայն, որ սպասարկումը գործում է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 9-18-ը։

Ինչ վերաբերում է պատվերի փոխադրմանը, առաքանին դեկտեմբերի 7-ին դուրս եկավ ԱՄՆ-ից, իսկ Երևան հասավ դեկտեմբերի 19-ին:

Հուսով ենք, որ ShopinAmerica-ն կլրացնի բացթողումները և կաշխատի սպասարկման որակի ուղղությամբ: Մինչ այդ ittrend.am-ը կշարունակի փորձարկել օնլայն շոփինգի ոլորտն ու հաջորդը կանդրադառնա Onex.am-ի աշխատանքին: