Վրացական շուկա մուտք գործած ggTaxi-ի հաջորդ թիրախը Իրանն է (հարցազրույց)

ggTaxi հայկական ընկերությունը օրերս մուտք է գործել վրացական շուկա և արդեն գործում է Թբիլիսիում: Առցանց տաքսի պատվիրելու համակարգը 2015-ի հունիսին $200,000 դոլարի ներդրում է ստացել, որի մի մասն ապահովել է «Գրանատուս Վենչուրս» հիմնադրամը, իսկ մյուս մասն ապահովել է ամերիկահայ ձեռնարկատեր, 6 խոշոր ընկերությունների, ինչպես նաև list.am կայքի հիմնադիր Սուրեն Մարկոսյանը (ittrend.am-ի բացառիկ հարցազրույցը Սուրեն Մարկոսյանի հետ կարդացեք այստեղ)։

ggTaxi-ն ևս $50,000 դոլար է ստացել Նորարարության համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում, որի կազմակերպիչն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Համաշխարհային բանկի ու ՀՀ կառավարության աջակցությամբ:

Ընկերության նոր ձեռքբերումների, հետագա ծրագրերի, Վրաստանում գործունեություն ծավալելու և հավելվածի նոր տարբերակի մասին ittrend.am-ը զրուցեց gg-ի օպերացիոն գծով տնօրեն, ԵՊՀ գիտաշխատող Վահրամ Միրաքյանի հետ:

Վահրամ Միրաքյան
Վահրամ Միրաքյան

– Ինչպե՞ս է իրականացվում Վրաստանի շուկայի սպասարկումը:
– Վրաստանի շուկայում աշխատում ենք և աշխատելու ենք նույն սկզբունքներով, ինչ Երևանում։ Մենք խնդիր ունենք մեր սպասարկման ու կառավարման մոդելը տարածել տարբեր երկրների մասնաճյուղերով, որպեսզի մեր հաճախորդի համար կանխատեսելի որակ լինի բոլոր երկրներում։ Թբիլիսիում ունենք գրասենյակ և call center, սակայն այն գործում է միայն վարորդներին սպասարկելու համար, հաճախորդներից զանգով պատվերներ չենք ընդունում:

– Որքա՞ն ժամանակ պահանջվեց` Թբիլիսիի շուկա մուտք գործելու համար։

– Թբիլիսի մտնելու համար ակտիվ աշխատանքներ քիչ պահանջվեցին, մեկ-երկու ամիս, բայց, բնականաբար, դրան նախորդեցին պասիվ աշխատանքները, մասնավորապես հավելվածի հարմարեցման աշխատանքներն արտասահմանյան շուկաների համար, շուկայի ուսումնասիրությունները, մրցակիցների ուսումնասիրությունները և այլն։

– Ի՞նչ դժվարությունների հանդիպեց ընկերությունը։

– Դժվարությունները նույնն էին, ինչ ցանկացած այլ ոլորտում ու այլ քաղաքում, ինչ-որ առանձնահատուկ խնդիրներ չկային, որոնց մասին կարելի է հիշատակել, միայն ընթացիկ բարդություններ։ Վրացական շուկան ունի իր առանձնահատկությունները, որոնք ինչպես դրական, այնպես էլ բացասական դեր ունեն։ Օրինակ` Վրաստանի առանձնահատկություններից է տաքսու ոլորտում սպասարկման ցածր մակարդակը, վարորդների անճշտապահությունը և այլն։ Տաքսու ոլորտի սպասարկման ցածր մակարդակը մեզ համար դրական կողմ է, բայց վարորդների ճշտապահ չլինելն արդեն խնդրահարույց է, սակայն լուծելի:

– Որո՞նք են այն քաղաքներն ու երկրները, որտեղ պատրաստվում է մուտք գործել gg-ն։

– Թբիլիսիում համեմատաբար ամուր դիրքեր ունենալուց հետո պատրաստվում ենք հաստատվել նաև Վրաստանի այլ քաղաքներում։ Հաջորդ թիրախը Իրանն է, որից հետո արդեն ռուսական որոշ քաղաքներ։ Դա առայժմ մեր առաջիկա մեկ երկու տարվա ծրագիրն է: Աշխարհագրական առումով մեր տարածաշրջանում գործելու խնդիր ունենք,  քանի որ հեռու գնալը շատ ավելի մեծ ներդրումներ պահանջող գործընթաց է, բացի այդ` մեր տարածաշրջանում, ի տարբերություն, ասենք եվրոպականի, շուկան համեմատաբար ավելի ազատ է:

– Մի քանի օր առաջ թողարկել եք gg-ի նոր տարբերակը, կնշե՞ք՝ որոնք են նորամուծությունները։

– Հավելվածի նոր տարբերակի նորարարություններից է այն, որ հավելվածում երևում է հաճախորդի բոլոր պատվերների պատմությունը, թույլ է տալիս դիտել, թե քանի կիլոմետր ճանապարհ եք ընթացել ու ինչքան ժամանակ եք ծախսել և այլն։ Բացի այդ` հիմա, երբ հաճաորդը նշում է իր դիրքը, երևում են ամենամոտ մեքենաները, ինչ թույլ կտա կանխատեսել, թե քանի րոպեից մեքենան կհասնի։ Նոր հավելվածում այլ նորարարություններ էլ կան, բայց հիմնական նորարարությունները հաճախորդի համար անտեսանելի են, քանի որ փոխվել է հավելվածի ճարտարապետությունը, ըստ էության հարյուր տոկոսով այն փոխվել է:

– Ի՞նչ նոր հնարավորություններով կհամալրվի հավելվածը հետագայում։

– Հետագա թարմացումները հնարավորություն կտան առցանց վճարում կատարել, այս հարցում հիմնական խնդիրները կապված են օրենսդրական դաշտի հետ, սակայն լուծման ինչ-որ տարբերակներ գտնում ենք։ Բացի մինիվենից ու էկոնոմ դասից` հնարավորություն է լինելու պատվիրել նաև ամենագնաց ու բիզնես դասի մեքենաներ, և մի շարք այլ հաճելի փոփոխություններ կլինեն, սակայն դեռ վաղ է բացել փակագծերը:

Հիշեցնենք, որ ggTaxi-ն ստեղծվել է gglaboratories թիմի կողմից 2014 թվականին: Համակարգից կարելի է օգտվել կայքի միջոցով, ինչպես նաև բեռնել համապատասխան հավելվածը App store-ից և Google Play-ից: