ВКонтакте-ն կվերածի իր ֆոտոհավելվածը սոցիալական ցանցի

Լուրեր են տարածվում, որ ВКонтакте-ն պլանավորում է ստեղծել նոր սոցիալական ցանց՝ Snapster ֆոտոհավելվածի հիման վրա, որը կաշխատի snapster.io հասցեում: Սակայն սոցցանցի մամուլի ծառայությունը հրաժարվում է որևէ մեկնաբանություն անել այս տեղեկության շուրջ:

Известия-ն գրում է, որ նոր սոցիալական ցանցի հիմնական առավելությունը կլինեն «ֆոտոսենյակները», որտեղ ցանկացած գրառում պետք է ուղեկցվի նկարով: Մեկ կամ մի քանի հեղինակ յուրաքանչյուր «սենյակում» կարող է նկար հրապարակել և նկարագրություն ավելացնել: Որպես գլխավոր առավելություն կարելի է նշել նաև այն, որ լուսանկարները չեն հայտնվելու ընդհանուր լրահոսում, ինչպես օրինակ Instagram-ում կամ ВКонтакте-ում:

Հիշեցնենք, որ Snapster ֆոտոհավելվածը՝ ստեղծված 2015թ.-ի հուլիսին iOS և Android համակարգերի համար, թույլ է տալիս դիտել և փոխանակվել նկարներով ընկերների հետ, մշակել դրանք՝ օգտագործելով ֆիլտրներ, կիսվել ընկերների հետ սեփական ֆիլտրներով, ինչպես նաև ուղարկել ինքնաոչնչացման հրաման, որպեսզի նկարներն անհետ կորչեն:

Աղբյուրը՝ izvestia