«Արատտա»-ն հայկական ինտելեկտուալ-ռազմավարական խաղն այժմ մշակման փուլում է (հարցազրույց)

Անանիկս թիմը

«Արատտա»-ն հայկական ինտելեկտուալ-ռազմավարական առցանց խաղ է, որն տալիս է հնարավորություն խաղացողներին ինտելեկտուալ մակարդակում մրցակցել աշխարհի այլ կետերում գտնվող մարդկանց հետ` առանց լեզվական արգելքների հանդիպելու: Այս խաղը համադրում է ինտելեկտուալ և ռազմավարական բաղադրիչները, ու ի տարբերություն նմանատիպ խաղերի` մրցակիցները միմյանց դեմ խաղալիս հարցերը կարող են ստանալ յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով: Խաղը հաղթել է Գյումրու Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում, որը կազմակերպել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը` Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիակայի նախարարության աջակցությամբ: Խաղի մշակման գործընթացի, մանրամասների մասին ittrend.am-ը զրուցեց խաղը մշակող Անանիկս ընկերության տնօրեն Աղասի Գյուրջօղլյանի հետ:

18313628186_8a11a70940_k
Աղասի Գյուրջօղլյան

– Ինչպե՞ս առաջացավ «Արատտա» խաղը ստեղծելու միտքը: Ինչու՞ ընտրեցիք «Արատտա» անունը:

– Առնչվելով խաղային ոլորտի հետ և տեսնելով աշխարհում առկա խաղերն ու խաղատեսակները` սկսեցինք ավելի մանրամասն ուսումնասիրել: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ ինտելեկտուալ-ռազմավարական ուղղվածությամբ խաղերը շատ քիչ են, իսկ գոյություն ունեցողներն էլ միօրինակ են ու անհավասար պայմաններով, վերջինս էլ պայմանավորված է լեզվական խոչընդոտով:

Մյուս կողմից, մենք ցանկություն ունենք Հայաստանն ավելի մրցունակ ու աշխարհին ճանաչելի դարձնել: Այս 2 գործոնների համադրության արդյունքում առաջացավ գաղափար ստեղծելու ինտելեկտուալ-ռազմավարական խաղ, որը կլինի թե´ որպես բիզնես, թե´ որպես Հայկական ևս մեկ բրենդի ստեղծում, և թե´ մեր երկրի համար ինչ-որ պիտանի գործ:
Արդյունքում ստացվում էր այնպես, որ ստեղծվում է նմանօրինակ խաղի առաջին հայկական տարբերակը և աշխարհում նման լուծում չառաջարկող առաջին խաղը, իսկ աշխարհում առաջին պետությունը «Արատտա»-ն է և համարվում է հայկական պետություն:

«Արատտա» անունը հնչյունակազմական առումով էլ համապատասխանում է մարքեթինգային ընդունված նորմերին, այս ամենի համադրության արդյունքում խաղի անվան ընտրությունը կանգ առավ «Արատտա» տարբերակի վրա:

– Կներկայացնե՞ք խաղի մանրամասները, ինտելեկտուալ և ռազմավարական բաղադրիչները:

– Խաղը ներկայացնում է ինտելեկտուալ և ռազմավարական ժանրերի միավորում: Խաղում միանգամից մասնակցում են 4 մասնակից, որոնք միմյանց դեմ շախմատաձև հարթության վրա վարելու են մարտ իրենց զորքերով: Խաղացողների զորքերը ձևավորվում են խաղի առաջին հատվածում հարցերին պատասխանելու արդյունքում՝ ըստ արագության և ճիշտ պատասխանների:

Ձեռք բերած զինվորները մարտադաշտում դասավորելուց հետո խաղացողներն ըստ հերթականության հարձակվում են միմյանց վրա: Հարձակման դեպքում բացվում է հարց այն 2 մասնակիցների՝ հարձակում իրականացնողի և հարձակման երթարկվողի համար: Ով ճիշտ է պատասխանում, հավաքում է միավորներ, իսկ սխալ պատասխանողը կորցնում է իր զինվորին: Այսպես շարունակվում է այնքան ժամանակ, մինչև խաղի մեջ մնում է մեկ խաղացողի ֆիգուրներ:

Անանիկս թիմը
Անանիկս թիմը`Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ

– Թողարկվե՞լ է արդյոք խաղը, և եթե այո, ո՞ր հարթակներում է այն հասանելի:

– Խաղը դեռ ծրագրավորման փուլում է և նախնական շրջանում հասանելի է լինելու facebook սոցիալական ցանցում:

– Ի՞նչ նոր ֆունկցիաներով կհամալրվի խաղը մոտ ապագայում:

– Խաղը մշտական գտնվելու է զարգացման փուլում, իսկ սպասվող թարմացումները հանդիսանում են կազմակերպության ռազմավարական գաղտնիքները:

– Քանի՞ լեզու է ապահովում «Արատտա»-ն:

– Այժմ խաղը ապահովում է 6 լեզու` հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և գերմաներեն:

– Զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում ապագայում:

– Խաղային ոլորտը համարվում է արագ աճող և սահմանափակումներ չճանաչող ոլորտներից մեկը, որտեղ կապ չունի, թե դու որտեղից ես կամ ներկա պահին ինչպիսի վիճակում ես գտնվում: Այս ոլորտը դժվար կանխատեսելի է և հնարավոր է մեկ նախագծի միջոցով շատ կարճ ժամանակահատվածում հասնել աներևակայելի արդյունքների:
Մենք վստահ ենք մեր գաղափարի հաջողության հարցում և վստահ ենք, որ հաջորդող տարում կկարողանանք զբաղեցնել բավականին պատկառելի տեղ համաշխարհային խաղարդյունաբերությունում: Իսկ մնացյալը կհաստատի կամ կժխտի ժամանակը: Չէ՞ որ եթե ուզում ես ծառը բերք տա, պետք է սկզբից տնկես, իսկ կտա, թե ոչ, պարզ կլինի, երբ ծառը հասնի բերքատվության տարիքին: