Գրքասերների BooksPlus հայկական սոցցանցը կգործարկվի մի քանի ամսից (հարցազրույց)

WeDoApps հայկական ստարտափը մշակում է BooksPlus սոցիալական ցանցը, որը համախմբելու է գրքասեր հասարակությանը: Այն կապահովի ընթերցող-հեղինակ-հրատարակիչ կապը: Յուրաքանչյուր օգտատեր կարող է բաժանորդագրվել հրատարակիչներին կամ հեղինակներին` ստանալով ծանուցում իր նախընտրած ժանրի գրքերի մասին: Օգտատերերը կարող են նաև գիրք ձեռք բերել անմիջականորեն հրատարակչից:

BooksPlus-ը հաղթող է ճանաչվել Գյումրու Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում, որը կազմակերպել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը` Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիակայի նախարարության աջակցությամբ: Սոցցանցը մշակող թիմը բաղկացած է 5 հոգուց: Սոցցանցի առանձնահատկությունների, մշակման գործընթացի և հետագա պլանների մասին ittrend.am-ը զրուցեց WeDoApps-ի տնօրեն Անահիտ Մանուկյանի հետ:

12593969_1068400986529657_3903938023026637558_o
WeDoApps-ի թիմը

– Ինչպե՞ս առաջացավ այսպիսի սոցցանց ստեղծելու գաղափարը:

– Ներկայումս շուկայում չկա այնպիսի սոցիալական ցանց, որտեղ ընթերցողները, գրքերի հեղինակներն ու հրատարակիչները կկարողանան հաղորդակցվել միմյանց հետ: Հենց սա է պատճառը, որ ստեղծվեց BooksPlus գաղափարը: Ընթերցողը, բաժանորդագրվելով հեղինակների և հրատարակիչների էջերին, կարող է կապ հաստատել վերջիններիս հետ հաղորդագրությունների, էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելել նրանց անձնական վեբ-կայքեր: Հրատարակիչներն ու հեղինակներն էլ իրենց հերթին հնարավորություն ունեն տեսնել իրենց բաժանորդներին, իրենց գրքերի մասին վիճակագրական տվյալներ ստանալ, առաջարկել նոր գրքեր և հավելումներ: Սոցցանցը տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց ևս թույլ կտա օգտվել ծրագրից:

– Կա՞ն արդյոք համաշխարհային շուկայում նման սոցցանցեր` նախատեսված գրքասերների համար:

– Մասնավորապես, շուկայում առկա են այնպիսի սոցիալական կայքեր, ինչպիսիք են LibraryThing, Shelfari, Babelio, Goodreads, որոնք հնարավորություն են տալիս փնտրել և գնել գրքեր հանրահայտ կայքերից, ձեռք բերել ընկերներ և կատարել քննարկումեր, գրքերի մասին ինֆորմացիա տարածել, թողնել կարծիքներ գրքի վերաբերյալ: Այս կայքերից յուրաքանչյուրն ունի ավելի քան 100.000 օգտագործողներ, ինչը վկայում է շուկայում առկա պահանջարկի մասին:

BooksPlus-ը, որն ապահովում է այս բոլոր հնարավորությունները, նաև առաջարկում է իր կողմից մշակված հատուկ առանձնահատկություններ, որը կգրավի շուկայի մեծ մասը:

– Ինչպե՞ս եք պատրաստվում ներգրավել սոցցանցում հրատարակիչներին:

– Այդ նպատակով կօգտագործենք PR-ի գործիքները:

– Ե՞րբ եք պատրաստվում գործարկել սոցցանցը և որ հարթակներում այն կլինի հասանելի:

– Սոցցանցը գործարկվելու է սույն թվականի երկրորդ կեսից և հասանելի է լինելու և՜ iOS, և՜ Android և Web հարթակներում:

– Ի՞նչ առանձնահատկություններ կունենա BooksPlus-ը` որպես սոցցանց:

– BooksPlus-ի առանձնահատկություններն են`

  • Բաժանորդագրություն. յուրաքանչյուր օգտատեր կարող է բաժանորդագրվել հրատարակչին կամ հեղինակին` վերջիններիս գործունեության մասին նորություններ ստանալու համար:
  • Հրատարակիչ-օգտատեր անմիջական կապի ապահովում. հրատարակիչը կարող է ստանալ վիճակագրական տվյալներ իրեն բաժանորդագրված օգտատերերի ակտիվության մասին` գրաֆիկական պատկերների և ծանուցումների տեսքով: Կարող է անմիջական կապ պահպանել օգտատերերի հետ էլեկտրոնային, նամակագրային տարբերակներով:
  • Նշումներ գրքերի վրա. նշումները դասակարգվում են ըստ երգերի, նկարների, նյութերի կամ վիդեոների: Այն ավելացվում է հատուկ փնտրող մեխանիզմի շնորհիվ, որն օգտվում է համացանցում առկա բոլոր ռեսուրսներից, ինչը գրքերի վերաբերյալ բոլոր տեղեկությունները հավաքագրելու միջոց է:
  • Աուդիո գիրք փնտրելու հնարավորություն. օգտագործողը հնարավություն ունի ծրագրի միջոցով գտնել գրքի աուդիո-տարբերակը:
  • Super User. յուրաքանչյուր օգտատեր որոշ գործողությունների համար ստանում է միավորներ, որոնք սահմանված նախնական չափից անցնելու դեքպում օգտատերը կոչվում է «Super User»: Այս կոչումը հնարավորություն է տալու օգտատերերին օգտվել ավելի լայն հնարավորություններից, ինչպիսիք են ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն, ծանուցումներ ընկերներին, ստանալ մասնակի վիճակագրական տվյալներ ընկերների միավորների վերաբերյալ և այլն:
  • Մոբայլ հավելվածներ (Android, iOS)
  • Լրացված իրականություն (augmented reality). լրացված իրականությունը հնարավորություն է տալիս օգտագործողներին մոբայլ սարքը գրքի վրա պահելով ստանալ հավելյալ ինֆորմացիա` վիդեոյի, տեքստի, նկարի, 3D օբյեկտների տեսքով:
  • Ձանգ և տեսազանգ:
  • Գրքերի որոնում ձայնային հրահանգներով:
  • Գրքերի որոնում նկարի միջոցով. երբ օգտագործողը պահում է մոբայլ սարքը նկարի վրա, ծրագիրը հատուկ ալգորիթմի միջոցով վերցնում է տեքստը նկարից և արտապատկերում համապատասխան որոնման արդյունքները:
  • Ձայնային ազդանիշով ծրագիրը կառավարելու հնարավորություն. օգտագործողի կողմից էկրանին 3 անգամ սեղմելու դեպքում միանում է ձայնային կառավարման ռեժիմը: Այս ռեժիմում ծրագիրը հնարավորություն է տալիս կատարել որոշակի հրամաններ ձայնային ազդանշանի միջոցով: Օրինակ` եթե օգտագործողը արտասանում է «կատարել որոնում», հրամանը և գրքի անունը, ծրագիրը փնտրում է այդ գրքի աուդիո-տարբերակը:
  • ISBN սկանավորման հնարավորություն. օգտատերը կարող է գրքի որոնումն իրականացնել ISBN-ի միջոցով, որը կարող է ստանալ մոբայլ հավելվածի կողմից ISBN սկանավորման միջոցով:
  • Սոցցանցի կայքը լինելու է բազմալեզու:

– Զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում ապագայում:

– Քանի որ BooksPlus-ը միակն է իր առանձնահատկություններով շուկայում, հեռանկարները բավականին մեծ են և, իհարկե, հետագայում ևս կլինեն նոր հնարավորությունների ավելացումներ` շուկայում առաջատար դիրքը պահպանելու համար։