Հայկական 360STORIES-ի թիմն այժմ նկարահանումներ է անցկացնում Բրազիլիայում (հարցազրույց)

360STORIES-ը սոցիալական տուրիստական հարթակ է՝ ստեղծված վիրտուալ պատմությունների համար: Այն թույլ է տալիս օգտագործողներին սեփական տպավորությունները, պատմություններն ու հիշողությունները կցել այն վայրերին, որտեղ դրանք տեղի են ունեցել: ittrend.am-ը տեղեկացավ, որ թիմը մեկնել է Բրազիլիա և այնտեղ իրականացնում է նկարահանումներ, և այս առիթով զրուցեց 360STORIES-ի համահիմնադիր Վահագն Մոսինյանի հետ։

12662638_676107265863061_7936999476184530471_n
Վահագն Մոսինյանը

– Ինչպե՞ս առաջացավ 360STORIES-ը ստեղծելու գաղափարը:

–  Առաջին անգամ 360° վիրտուալ տուր տեսանք 2012 թ․-ի ամռանը, այն նկարահանված էր չեխական ինչ-որ թաղամասում և շատ բարձր որակով, իսկ Google street view-ն որակապես շատ էր զիջում մեր տեսածին, և հենց այդ մեզ ստիպեց մտածել Երևանում 360° տուր ստեղծելու մասին։ Սկզբում նկարեցինք Երևանի փոքր կենտրոնը, հետո աստիճանաբար ավելացրինք մշակութային կառույցները։ 2013թ․-ի մայիս ամսին հարթակի մյուս համահիմնադիր Ալբերտ Պողոսյանի առաջարկով որոշեցինք անմիջապես 360 տուրի մեջ պատմություններ գրելու հնարավորություն ստեղծել և ընթացքում նկարել Երևանի բոլոր փողոցներն ու բակերը։

Գաղափարը միակն էր․ և չկար ամբողջ աշխարհում մի նախագիծ, որը հնարավորություն կտար մարդկանց վիրտուալ տուրի մեջ գրել պատմություներ՝ կցելով դրանց նկարներ։ Միտքը հետևյալն էր, 360-ում գրված պատմություններն ավելի պատկերավոր են նկարագրում Ձեզ հետ տեղի ունեցածը․․․

Ներկայումս գրեթե ամբողջ Հայաստանն է նկարված՝ իր մշակութային արժեքներով, Երևանի փողոցներով ու բակերով, զվարճանքի կետերով, ռեստորաններով, խանութներով, հյուրանոցներով և նմանատիպ այլ կառույցներով։

– Ուսումնասիրե՞լ եք այլ երկրներում գոյություն ունեցող նմանատիպ հավելվածները: Ինչո՞վ է առանձնանում 360STORIES-ը:

– 360 տուրերով հավելվածներ արդեն բավականին շատ են, 360STORIES-ն առանձնանում է նրանով, որ 360 կոնտենտը ստեղծում ենք  անձամբ մենք՝ ապահովելով նկարների որակը, և հնարավորություն ենք տալիս 360-ի մեջ գրել պատմություններ ցանկացած օգտագործողի՝ իհարկե հետևելով գրված պատմությունն արդյոք համապատասխանում է նախագծի կանոններին, թե ոչ։ 360STORIES-ին նման մեկ հավելված կա, որը թույլ է տալիս օգտագործողներին, բացի պատմություններից, ստեղծել նաև 360 կոնտենտ։ Իսկ մենք այդ կոնտենտը ստեղծում ենք անձամբ՝ ապահովելով որակ։

– Ի՞նչ նորությունների սպասեն հավելվածն օգտագործողները, կլինե՞ն արդյոք նոր վայրեր, քաղաքներ, ծառայություններ:

– Մենք շատ արագ հիմա ընդլայնվում ենք ու զարգանում, այժմ արդեն թե´ կայքը, թե´ հավելվածները նորից ենք 0-ից ստեղծում՝ հաշվի առնելով  այս տարիների ընթացքում մարդկանց բազմաթիվ կարծիքները։ Հիմնական թիմն այժմ Երևանում է և շարունակում է աշխատել՝ այնտեղ ավելացնելով Հայաստանի նոր վայրեր և մշակելով այլ երկրներից ուղարկած նկարները։ Ըստ նախատեսված գրաֆիկի՝ մենք 2 ամսից կավարտենք նաև Ռիոյի աշխատանքները։

– Քանի՞ օգտատեր այժմ ունի հավելվածը, ինչքա՞ն է հավելվածի ներբեռնումների քանակը (Android, iOS):

– Ունենք շուրջ 8000 գրանցված օգտատեր, iOS-տարբերակի ներբեռնումների քանակն արդեն անցել է 12000-ը, իսկ Android-ը, քանի որ դեռ նոր է, առայժմ մոտ 1000։

 

– Ինչպե՞ս են ընթանում աշխատանքները Բրազիլիայում: Ինչո՞վ է այժմ զբաղված թիմը:

– Բրազիլիայում նկարահանումները սկսվել են, և բացի 360 ֆոտո տուրերից` նկարահանվում են 360 վիդեո տուրեր, որոնք ավելի գրավիչ են, քան ֆոտոները։ Նկարահանված բոլոր ֆայլերն ուղարկվում են Երևան, որտեղ էլ մշակվում է ամբողջը։ Հայաստանում նույնպես նկարահանումները շարունակվում են, իսկ այլ երկրների նկարահանումնեի մասին առայժմ կլռեմ ։)

– Քանի՞ հոգուց է բաղկացած թիմը:

– Ամբողջ թիմը բաղկացած է լուսանկարիչներից, ֆոտոխմբագիրներից, դիզայներներից և ծրագրավորողներից,թիմի անդամների ընդհանուր քանակը 16 է։

– Զարգացման ի՞նչ հեռանկարներ կան առաջիկայում:

– Նախատեսում ենք շատ արագ ավարտել Բրազիլիայի նկարահանումները և 2 ամսվա ընթացքում ներկայացնել թարմացված կայքն ու հավելվածները։ Այնուհետև ավելի մեծամասշտաբ նկարահանումներ ենք սկսելու եվրոպական մի շարք քաղաքներում, ինչպիսիք են՝ Բեռլինը, Փարիզը, Ամստերդամը, Լոնդոնը, Բարսելոնան և այլն։