Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աքսելերացիոն ծրագրի թիմերը կներկայացնեն իրենց նորարար պրոդուկտները «Դեմո օրվա» շրջանակներում

Փետրվարի 21-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը «Դեմո օր» միջոցառմամբ կամփոփի իր աքսելերացիոն ծրագիրը նախատեսված նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար։ Աքսերելացիոն ծրագրի մասնակից 12 ստարտափ թիմերը հնարավորություն կունենան իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին։ Միջոցառումը կանցկացվի «Այբ» դպրոցում (Թբիլիսյան 11/11, Երևան) Փետրվարի 21-ին ժամը 11․00-ին:

Նոյեմբեր ամսին մեկնարկած Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աքսելերացիայի ծրագիրը հետաքրքիր մոտեցմամբ է աշխատում ընդգրկված ստարտափերի հետ։ Ծրագրի ողջ ընթացքում թիմերը, համագործակցելով փորձառու մենթորների և խորհրդատուների հետ և մուտք ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսներին, հնարավորություն են ունենում արագ ձեռք բերել այն հմտությունները և կապերը, որոնք անհրաժեշտ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություն գրանցելու համար։ «Ծրագրին մասնակցելու համար դիմել էին շուրջ 50 ստարտափ, որից լավագույներն են ընտրվել ծրագրին մասնակցելու համար: Համաշխարհային տենդենցներին համահունչ Հայաստանում նույնպես թիմերը հիմնականում գլոբալ խնդիրներին ուղղված լուծումներ են առաջարկում, որոնք անդրադառնում են տարբեր ոլորտների, ինչպիսիք են՝ shared economy, տարբեր բիզնես լուծումներ ձեռնարկությունների համար, տեսանյութերի պատրաստում, սոցիալական խնդիրներ և այլն», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Մասնակից թիմերից շատերն այս մի քանի ամիսների ընթացքում հսկայական մեծ աշխատանք են տարել և ներկայանում են շուկայական տեսանկյունից նորույթ հանդիսացող արտադրանքներով, որոնցով արդեն իսկ հետաքրքրված են որոշ ներդրողներ և միջազգային ճանաչում ունեցող աքսելերատորներ: Մասնագիտական և խորհրդատվական աջակցություն ստանալուց բացի մասնակիցներն օգտվել են նաև Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աշխատանքային տարածքից և այլ ինֆրաստրուկտուրային ռեսուրսներից, մասնակցել կենտրոնի կազմակերպած միջոցառումներին և դասընթացներին։

Մասնակիցների ցանկը հետևյալն է.

Jhunter – օնլայն կուրյեր համակարգ, որը հնարավորություն է տալիս մարդկանց և բիզնեսներին իրականացնել տարբեր իրերի արագ տեղափոխում։

Cartly – նպարեղենի առցանց պատվիրման և առաքման հավելված։ Android հավելվածն արդեն գործում է և ընդամենը 10 օրում արձանագրել է ավելի քան 200 ներբեռնում։ Հավելվածի շնորհիվ արդեն կատարվել է 50 պատվերներ։

Medlee – հարթակ, որը նախատեսված երաժիշտների համար և հնարավորություն է տալիս նրանց միքսել երաժշտությունը և ձայնագրել այն առանց հատուկ երաժշտական ստուդիա վարձելու:

Mergify – առցանց հարթակ, որը հնարավորություն է տալիս պատրաստել տեսանյութ ցանկացած բովանդակությամբ՝ օգտագործելով տեսանյութերի առկա շտեմարանը:

Helpie – լուծում ձեռնարկությունների համար, որը կօգնի նրանց ավելացնել օգտատերերին, նվազեցնել իրենց ծախսերը և բարելավել աշխատակիցների արդյունավետությունը։

Letzzz – հարթակ, որը հնարավորություն է տալիս մարդկանց միասին սահմանել պրակտիկ նպատակներ և հետևել, թե ով ինչի է հասել։

Friendhub – բջջային հավելված, որը կօգնի նույն հետաքրքրություններով մարդկանց հաղորդակցվել իրական կյանքում:

Medas – բժշկական պայմանավորվածությունների ժամանակացույցի կազման ավտոմատ համակարգ, որը կօգնի ժամանակին ընդունել դեղեր և բուժումներ և խուսափել դեղամիջոցների թունավորումից։

Filmer – բջջային հավելված, որը կօգնի գտնել Ձեր հաջորդ սիրելի ֆիլմը:

Archimedes – միջին և բարձրագույն կրթական հաստատությունների դասացուցակի ավտոմատ կազմման համակարգ:

Հիշեցնենք, որ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հիմադրվել է 2011թ․ին Մայքրոսոֆթ կորպորացիայի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ ջանքերով։