Թումոյում շարունակվում է Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը (Live, ֆոտոշարք)

Փետրվարի 5-ին մեկնարկել է Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։

Startup Europe Week 2016 Yerevan-ի նպատակն է, համախմբելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, նպաստել և աջակցել Հայաստանում ձևավորվող սթարթափ միջավայրի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի սթարթափ էկոհամակարգի հիմնական դերակատարում ունեցող ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում քննարկվում են հետյալ թեմաները՝

  • Startup Europe և այլ եվրոպական նախաձեռնություններ,
  • Սոցիալական ձեռներեցություն,
  • Տեխնոլոգիական սթարթափների աքսելերացիա,
  • Առկա ֆինանսավորման միջոցներ,
  • Պետական աջակցություն:

Startup Europe Week 2016-ը Եվրոպական հանձնաժողովի Startup Europe նախաձեռնության ներկայացումն է, որի նպատակն է համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու հնարավոր աջակցման տարբերակները, որոնք իրականացվում են սթարթափ ընկերությունների օժանդակության համար: Սա Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցների և սկսնակ գործարարների համար բավական արդյունավետ և լայնածավալ նախաձեռնություն է՝ ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում սթարթափ էկոհամակարգի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Startup Europe Week 2016 Yerevan նախաձեռնությունը տեղի է ունենում փետրվարի 1-5-ը ավելի քան 340 եվրոպական քաղաքներում:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանը նույնպես միացել է Startup Europe Week 2016 Yerevan միջոցառմանը և հանդիսանում է տարածաշրջանի միակ ներկայացուցիչը:

***

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման յուրաքանչյուր կարևորագույն ոլորտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձևավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ և ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) և այլն: