IBM Watson տեխնոլոգիաները գալիս են Հայաստան

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ փետրվարի 8-11-ը Երևանում իրականացվելու են արագացված դասընթացներ՝ IBM Watson համակարգի ուղղվածությամբ: Դասընթացները վարելու է նշված ոլորտում առաջատար մասնագետ, ԱՄՆ IBM Watson փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը: Այս չորսօրյա դասընթացը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար: Այն կլինի տարածաշրջանում առաջինը, որտեղ կստեղծվի IBM Watson էկոհամակարգ՝ կիրառելով նշված տեխնոլոգիաները համալսարանական առարկաների ցանկում և խթանելով տվյալ ուղղությամբ սթարթափերի աքսելերացիան:

Դասընթացին ներգրավված են դասախոսներ հայաստանյան տարբեր բուհերից և ոլորտի այն փորձագետները, ովքեր աշխատում են և մասնագիտացած են մեծ տվյալների վերլուծությունների, կոգնիտիվ տեխնոլոգիաների, տվյալների կառավարման գիտությունների ոլորտներում: Վերջիններս կհանդիսանան IBM Watson համակարգի գիտելիքային սուրհանդակներ, ովքեր կփոխանցեն իրենց մասնագիտական հմտությունները ուսանողներին և հետաքրքրված մասնագետներին:

2016 թվականի փետրվարի 11-ին Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի կունենա Watson Day Yerevan 2016 միջոցառումը:

Watson Day Yerevan 2016-ի ընթացքում ԱՄՆ IBM Watson փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը կներկայացնի IBM Watson և IBM BlueMix համակարգերը, ինչպես նաև կքննարկվեն բիզնես-մոդելներ, որոնք, օգտագործելով նշված համակարգերը, մեծ հաջողություններ են գրանցել իրենց բիզնեսի զարգացման հարցերում:

Հանդիպմանը մասնակցելու են Հայաստանի տարբեր կազմակերպությունների գործարար ղեկավարներ, տեխնիկական մասնագետներ, ֆինանսական վերլուծաբաններ, առողջապահության ոլորտի մասնագետներ, սոցիալական ճյուղի գիտնականներ և այլն: