Apple-ի բաց նամակն իր օգտատերերին

Երեկ` փետրվարի 16-ին, Apple ընկերությունն իր պաշտոնական էջում բաց նամակ է ուղղել իր օգտատերերին: Նամակում մասնավորապես խոսվում է ԱՄՆ կառավարության և Apple-ի միջև ծագած խնդրի շուրջ` կապված օգտատերերի անվտանգության հետ:

Ընկերությունն իր օգտատերի անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար իր օպերացիոն համակարգի շնորհիվ կոդավորել է ամբողջ տեղեկատվությունը, որը երբևիցե անցել է իր արտադրության սարքերի միջով, և այդ ամենը պահում է իր իսկ տնօրինության տակ գտնվող` ապահով պաշտպանված, տվյալների բազայում:

Անցած տարվա դեկտեմբերին Սան Բերնանդո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո ԱՄՆ ԿՀՎ-ն դիմել էր Apple-ին` վերջինիս ձեռքի տակ գտնվող դեպքի մասին ինֆորմացիայի ստացման համար: Ընկերությունն օգնել էր ազգային անվտանգությանն այդ հարցում: Այս ամենից հետո ԱՄՆ կառավարությունն և ԿՀՎ-ն դիմել են ընկերությանն iOS ՕՀ-ի բարելավման և փոփոխման խնդրանքով, ինչը թույլ կտա հետագայում նույնպես կանխել տերորիստական և ավազակային հարձակումների դեպքերը: Ըստ ընկերության՝ սա նշանակում է « iOS ՕՀ-ում մի նոր ճեղք բացել և վտանգել ամբողջ տվյալների բազան»:

«Հարցն այն է, որ այս պարագայում անկանխատեսելի կլինեն հետևանքները, այն դեպքում, երբ այդ նոր բացված ճեղքի անվտանգությունն ապահովող բանալին ընկնի որևէ երրորդ կողմի ձեռքը»,-ասել է ընկերության ղեկավար Թիմ Քուքը:

Նամակի մեջ նա հղում է կատարել 1789 թվականին ընդունված «Բոլոր դատական ակտերի մասին» օրենքին և նամակի վերջում հավելել, որ իրենք հակադրվում ենք ԿՀՎ-ի պահանջին` ամենայն հարգանք տածելով Ամերիկյան ժողովրդավարության հանդեպ և հանուն սեփական երկրի հանդեպ տածած սիրո: «Մենք կասկած չունենք մեր կառավարության մաքուր և ազնիվ նպատակների վերաբերյալ, սակայն գտնում ենք, որ նրանց կողմից սխալ կլինի ստիպել մեզ փոխել մեր արտադրանքի անվտանգության համակարգը»:

Աղբյուրը` Apple