Դեմո օր. Medlee հավելվածը կօգնի երաժշտական միքսեր պատրաստել՝ առանց հատուկ սարքավորումների (հարցազրույց)

Փետրվարի 21-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կազմակերպած «Դեմո օր» միջոցառմանը 12 նախագծերի շարքում ներկայացվելու է Medlee հավելվածը, որը թույլ է տալիս երաժշտական միքսեր պատրաստել՝ առանց հատուկ սարքավորումների: Հավելվածի ստեղծման, մշակման մասին ittrend.am-ը զրուցեց Medlee-ն մշակող թիմի անդամ Դավիթ Քյարունցի հետ:

 12525340_1517184168576355_7854582419293740806_o

 

– Ի՞նչն այս հարթակի ստեղծման ներշնչանքի աղբյուր հանդիսացավ:

– Մեր համահիմնադիրներից Նարեկի հետ զրուցում էինք ինչ-որ նոր ու հետաքրքիր գաղափարի շուրջ աշխատելու մասին։ Մի քանի օր հետո պետք է տեղի ունենար Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կազմակերպած հեքըթոնը, ու ցանկություն ունեինք մասնակցելու մրցույթին։ Մի քանի գաղափարներ առաջարկելուց հետո ծնվեց երաժշտական չաթ ստեղծելու միտքը։ Միտքը հավանեցինք երկուսս էլ ու սկսեցինք քննարկել։ Չեմ հիշում ինչպես երաժշտական չաթի գաղափարը վերածվեց երաժիշտների համագործակցության համար հարթակի գաղափարի։

Ամիսներ տևած ուսումնասիրություններից ու քննարկումներից հետո վերջապես հղկվեց այն վերջնական գաղափարը, որի իրականացմամբ ներկայումս զբաղվում ենք։

 

– Կարելի՞ է եզրակացնել, որ դուք մելոմաններ եք: Թե՞ պարզապես ուսումնասիրել եք շուկան և հասկացել, որ կա նման  հավելվածի պահանջարկը:

– Արդեն մեկ տարուց ավել էր, ինչ մտածում էինք որևէ ինովացիոն հավելված կամ ծրագիր ստեղծելու մասին։ Այն, որ Medlee-ն հենց երաժիշտների խնդիրների լուծման համար է, պատահական չեմ համարում։ Չնայած ինքս երաժշտությամբ չեմ զբաղվել, բայց ընկերներիս մեծամասնությունը երաժիշտներ են, ու, կարելի է ասել, քաջատեղյակ էի նրանց խնդիրներին։ Մտքի ծնվելու հենց հաջորդ օրն ինձ ու Նարեկին միացավ Նաիրին, ով ներկայումս ծրագրավորող է, բայց երկար տարիներ նվագել է կիթառ։

Առհասարակ, լավագույն լուծումները ծնվում են այն խնդիրների համար, որոնց բախվել ես։ Medlee-ն չէր լինի, եթե տեղյակ չլինեինք երաժիշտների խնդիրներին։

– Ի՞նչ ռեսուրսներ եք կիրառել հավելվածը ստեղծելիս:

– Երաժշտության mixing և mastering ավտոմատացնելու համար անհրաժեշտ է մի քանի գիտությունների համադրություն․ մենք համագործակցում ենք audio engineering-ի պրոֆեսիոնալների հետ, որպեսզի, machine learning-ի տեխնոլոգիան կիրառելով, ստանանք ցանկալի արդյունքը։ Կարծում եմ՝ ցանկացած տեխնոլոգիական լուծում կյանքի կոչելու համար առաջին հերթին անհրաժեշտ են համապատասխան որակների տիրապետող մասնագետներ։ Բացի մասնագետներից՝ անհրաժեշտ է նաև համապատասխան գործիքների առկայությունը։ Medlee-ի պարագայում դա հիմնականում կապված է մեծ թվում աուդիոֆայլերի հասանելիության հետ։ Ներկայումս աշխատում ենք ձայնագրման ստուդիաների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ։

– Կարծում եք՝ ձեր մտահղացումը կվերածվի՞ միջազգային երաժշտական հարթակի: Եթե այո, ապա ի՞նչ ռազմավարությամբ եք դրան հասնելու:

– Medlee-ին նախատեսված է այն շուկաների համար, որտեղ երաժշտական արդյունաբերությունը (music industry) գտնվում է ամուր հիմքերի վրա։ ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ավստրալիա․ սրանք հինական թիրախային երկրներից են։ Այսօր դեռ վաղ է խոսել համաշխարհային երաժշտական հարթակ դառնալու ռազմավարության մասին։ Կան բազմաթիվ հետաքրքիր մտքեր մարքեթինգի համար, բայց նախ և առաջ պետք է համոզվենք և հաստատենք մեր բոլոր ենթադրությունները։ Ունենք գործողությունների «հստակ» պլան, որն ամեն օր փոխվում է :)։ Սա համարում ենք բնական և դրական միտում, քանի որ ներքին և արտաքին հանգամանքները շատ արագ են զարգանում։

12108890_10201018515941038_2928152758534056343_n

– Ի՞նչ այլ ֆունկցիաներ ունի հավելվածը, բացի երաժշտության միքսեր ստանալուց:

– Less is more. դեռևս պետք է լավագույնս լուծել mixing-ի և mastering-ի ավտոմատացման բարդ խնդիրը։

– Այժմ գործունեության ո՞ր փուլում եք գտնվում:

– Մշակում ենք մեր առաջին MVP-ն, որի միջոցով կփորձենք հաստատել, որ ստեղծում ենք մի բան, որն իրոք անհրաժեշտ է երաժիշտներին։ Հավանաբար մարտ ամսվա սկզբին այն հասանելի կլինի բոլորին։ Զուգահեռաբար աշխատում ենք մարքեթինգի և առաջին ներդրումը ներգրավելու ուղղություններով։

– Ի՞նչ սպասելիքներ ունեք «Դեմո օր» միջոցառումից:

– Իմ կարծիքով՝ «Դեմո օր»-ն առաջին հերթին անհրաժեշտ է հենց մեզ՝ ստարտափներիս։ Այն հնարավորություն է տալիս մի պահ դադարեցնել աշխատանքները և ամփոփել վերջին մի քանի ամիսների աշխատանքը։ Այս ոլորտում ավելի քան կարևոր են կապերը մարդկանց հետ, որոնց հետ հնարավոր է համագործակցել։ «Դեմո օր»-ը լավագույն հնարավորությունն է հանդիպելու հայկական ստարտափներով իրապես հետաքրքրվողների հետ։