Դեմո օր. Filmer հավելվածը կօգնի գտնել հետաքրքիր ֆիլմեր (հարցազրույց)

Դեմո օր. Filmer հավելվածը կօգնի գտնել հետաքրքիր ֆիլմեր (հարցազրույց)

Փետրվարի 21-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը «Դեմո օր» միջոցառմամբ կամփոփի իր աքսելերացիոն ծրագիրը` նախատեսված նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար։ Ծրագրին մասնակցող նախագծերից է հետաքրքիր ֆիլմեր գտնելու համար նախատեսված Filmer հավելվածը, որի շուրջ ittrend.am-ը զրուցեց մշակող թիմի անդամ Ռոբերտ Ասատուրյանի հետ:

12194922_1176008365760348_3836277657524574615_o

Արտյոմ Դանգիզյան, Ռոբերտ Ասատուրյան

– Ինչպե՞ս առաջացավ ֆիլմերի հավելված ստեղծելու գաղափարը:

– Գաղափարը առաջացավ Արտյոմի հետ խոսակցություններից մեկի ընթացքում, ես նշեցի, որ շատ մեծ դժվարությամբ եմ կարողանում որակյալ ֆիլմ գտնել երեկոյան դիտման համար, իսկ նա հաստատեց իմ միտքը՝ նշելով, որ ունի նույն խնդիրը, և կատակելով պատասխանեց, որ արժե գրել հավելված՝ այդ դժվարությունը հեշտացնելու համար:

 

– Կատարե՞լ եք շուկայի ուսումնասիրություն: Ինչպիսի՞ պահանջարկ կա Հայաստանում տվյալ ոլորտում: Շա՞տ են ֆիլմասերները:

– Այո, կատարել ենք, իհարկե, մոբայլ հավելվածը նախատեսված է համաշխարհային շուկայի համար, սակայն հաշվի առնելուվ այն փաստը, որ ես և թիմակիցս գտնվում ենք Հայաստանում, սկզբնական մակարդակում հենց այստեղ էլ կփորձենք ձեռք բերել մեր առաջին հաճախորդներին: Հավելվածը նախատեսված է ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների (16-21 տարեկան անձանց) համար այն պատճառով, որ հենց այս տարիքային խմբի անձինք են ամենաշատը դիտում ֆիլմեր, ուսանողների մոտ 70%֊ը դիտում է գոնե 1 ֆիլմ շաբաթվա ընթացքում, և շատերի մոտ է խնդիր առաջանում գտնել այսպես կոչված հաջորդ ֆիլմը, որը կարելի է դիտել: Նախնական տվյալներով՝ նման անձանց թիվը Հայաստանում կազմում է ավելին քան 80,000֊ը:

– Հավելվածն արդեն թողարկվե՞լ է, եթե այո, ո՞ր հարթակներում: Անվճա՞ր է, թե՞ վճարովի:

– Հավելվածը գտնում է ստաբիլացման փուլում, ցանկանում ենք համոզված լինել, որ չկան կրիտիկական խափանումներ համակարգում: Այն լինելու է հասանելի Android, iOS և Windows Phone հարթակներում, սակայն սկզբում հասանելի է լինելու միայն Android֊տարբերակը: Այն լինելու է անվճար, հետագայում կգործեն նաև վճարովի ծառայություններ: Այնուամենայնիվ, ֆիլմերի առաջարկության ծառայությունը լինելու է բացառապես անվճար:

– Ո՞ր ժանրի ֆիլմերն են գերակշռում հավելվածում: Առաջնորդվել եք սեփակա՞ն նախապատվությամբ:

– Հավելվածում չկա կոնկրետ ինչ-որ ժանրի ֆիլմերի գերակշռություն: Մեր նպատակն է ունենալ Ֆիլմերի առաջարկության մեխանիզմ, որը, հաշվի առնելով օգտագործողի նախասիրությունները, կառաջարկի հենց այդ օգտատերի համար ֆիլմեր, յուրաքանչյուր օգտատեր կստանա այն, ինչ հենց ինքն է ցանկանում: Համակարգն իրենից ներկայացնում է արհեստական բանականության շատ պարզ օրինակ, որի հիմքում ընկած են մեքենայական ուսուցման ալգորիթմները: Հարկ եմ համարում նշել, որ այժմ միջինում հավելվածը կարողանում է յուրաքանչյուր օգտատերի համար գտնել և առաջարկել ֆիլմեր, որոնց առաջարկությունների որակը կազմում է 70-80%: Վերջինս նշանակում է, որ 10 ֆիլմ առաջարկելու դեպքում տվյալ օգտագործողը կհավանի և կնայի 7-8 ֆիլմ:

– Ինչպե՞ս է աշխատում հավելվածը։

– Հավելվածը ֆիլմ դիտելու միջոց չէ, մենք տրամադրում ենք ֆիլմերի առաջարկության ծառայություն, թե ինչպես կվարվի օգտատերը և ինչպես նա կնայի առաջարկված ֆիլմերը, արդեն դուրս են մեր ծառայություններից. ամեն դեպքում ներկա պահին այսպես է։ Իհարկե, կան մի շարք կայքեր, որոնք առաջարկություններ են կատարում, սակայն դա հիմնականում հիմնված է մեկ ֆիլմի  վրա, իսկ մենք տրամադրում ենք անձնական առաջարկություններ, բացի այդ՝ համակարգում հեշտացված է «գրանցումը», չակերտներով է, քանի որ օգտագործողին պետք է ընդամենը սմարթֆոն՝ ծառայություններից օգտվելու համար, և չկա որևէ գրանցման ձև: Շատ մեծ առանձնահատկություն է նաև ֆիլմերի դիտման միջոցառումները, մենք տրամադրում ենք հնարավորություն օգտատերին ստեղծել ֆիլմի դիտում, տեղադրել այն հանրային կամ փակ (միայն ընկերների համար) միջոցառումների հետ մեկտեղ, որը նախատեսված է ոչ միայն ֆիլմ դիտելու, այլ նաև գտնելու նոր ընկերներ, որոնք ունեն նույն նախասիրությունները:

– Հնարավո՞ր է ընդլայնեք հավելվածը՝ ընդգրկելով նաև սերիալներ և հեռուստահաղորդումներ:

– Չեմ կարող հստակ պատասխանել Ձեր հարցին: Քննարկումներ եղել են հեռուստանովելների և գրքերի վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, այո, բայց դրանք շատ հեռանկարային պլաններ են, քանի որ մենք ունենք դեռ շատ ծառայություններ և նոր հնարավորություններ, որոնք լինելու են Filmer հավելվածի հետագա թողարկումների ընթացքում:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք «Դեմո օր» միջոցառումից: 

– Ճիշտն ասած՝ այս հարցին էլ եմ դժվարանում պատասխանել: Մենք մասնակցել ենք շատ միջոցառումների և վերջերս ներկայացել էինք TractionCamp միջոցառմանը Վրաստանում: Եվ կարծում եմ՝ ինչպես և այդ միջոցառումներին, այնպես էլ Դեմո օրվա ընթացքում կփորձենք ձեռք բերել նոր ծանոթություններ: Սակայն, իհարկե, ինչպես ցանկացած ստարտափ, կփորձենք ստանալ որոշակի ներդրումներ: