Ստարտափ աքսելերացիոն ծրագրերի անհրաժեշտությունը Հայաստանում. որտեղից սկսել և ինչ ակնկալել

Վերջին 10 տարիների ընթացքում ՏՏ ոլորտը գրանցել է մեծ առաջընթաց՝ գրանցելով 380-ից ավել ընկերությունների առկայություն, որտեղ աշխատում են 10000-ից ավել մասնագետներ։ Ոլորտը ունենում է տարեկան միջինում 20 տոկոս աճ՝ ընդգրկելով ինչպես տեղական նորաստեղծ ընկերություններ, այնպես էլ միջազգային ընկերությունների մասնաճյուղեր։ Վերջին տարիների զարգացումները սակայն ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտը Հայաստանում ընտրել է զարգացման ուրիշ ուղղություն։ Եթե 2005-2010թթ․ Հայաստանում ՏՏ ընկերությունները հիմնականում մշակում էին ծրագրեր արտասահմանյան ընկերությունների պատվերով, ապա տեղական ընկերությունների սեփական պրոդուկտների հաջողությունները միջազգային շուկայում նպաստեցին ոլորտում առկա տենդենցների փոփոխությանը։ PicsArt-ի, Shadowmatic-ի, Joomag-ի, Teamable-ի, menu.am-ի, Sololearn-ի, Codefights-ի, Renderforest-ի, Frismos-ի, ggTaxi-ի, NewsDeeply-ի ու շատերի հաջողությունները ոգևորեցին ծրագրավորողներին մտածելու սեփական պրոդուկտները մշակելու մասին։ Սակայն այս ոլորտում առկա է մեծ բաց։ Թիմերից շատերը, ունենալով հիանալի գաղափար, չգիտեն ինչպես դա իրագործեն։ Նրանք չունեն փորձառություն ոչ միայն տեխնիկական ոլորտում, այլև ստարտափ հիմնելու ոլորտում։ Ոլորտում գործող կենտրոնները և ընկերությունները փորձում են այդ բացը լրացնել՝ իրագործելով տարբեր մոդելների աքսելերացիոն կամ ինկուբատոր ծրագրեր։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը արդեն 3-րդ տարին է իրականացնում է ստարտափների աքսելերացիայի ծրագիրը՝ ներառելով զարգացման սկզբնական փուլում գտնվող թիմերի։ Ընտրության փուլում գնահատվում են թիմի անդամների կարողությունները, պատրաստակամությունը և գաղափարի շուկայական պոտենցիալը։ Եթե համեմատենք ստարտափ աքսելերացիոն ծրագրի ձևաչափը, ապա կարող ենք դուրս բերել 3 կարևոր բնութագրիչ հատկանիշ։

Մենթորներից ստացվող ամենօրյա խորհրդատվություն և փորձի փոխանակում

Թիմերը մշտապես աջակցություն են ստանում մենթորներից։ Քանի որ այդ փուլում գտնվող թիմերը դեռևս ֆինանսական միջոցների կարիք չունեն, նրանց անհրաժեշտ է միայն տարածք, համակարգիչներ և ամենօրա ոգեշնչում, խորհրդատվություն և ուղղություն։ Թիմերը դեռևս իրենց գաղափարների վավերականացման փուլում են և հետազոտում են պոտենցիալ շուկան, ընտրում թիրախային լսարանին, մտածում իրենց լուծման առավելությունների և հնարավոր հատկությունների մասին։ Թիմերի անդամներից շատերը հենց ծրագրավորողներ են, և նրանք պատկերացում չունեն շուկայի հետազոտման առավելություններից և եղանակներից։ Աքսելերացիոն ծրագրի նպատակն է ուղղորդել այդ հարցերում, առաջարկել տարբեր եղանակներ և նրանց հնարավորություն տալ հաջողակ ձեռներեցների հետ շփման միջոցով հասկանալ պրոդուկտի կենսունակությունը, հավանական թիրախային շուկան և այլն։

Ոչ մի ֆինանսական պարտավորություն ու ներդրում

Ընդունված պրակտիկա է, որ աքսելերացիոն ծրագրերը որոշակի մասնաբաժին են ունենում իրենց ստարտափերում, սակայն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող ծրագիրը նման նպատակ չի հետապնդում։ Ծրագրում ընդգրկվելը անվճար է, և կենտրոնը չի ցանկանում դառնալ բաժնետեր։ Ծրագրի ամբողջ ընթացքում թիմերը անվճար օգտվում են կենտրոնի տեխնիկական և մասնագիտական ռեսուրսներից։ Դրա հետ մեկտեղ կենտրոնը չի տրամադրում ուղիղ ֆինանսական աջակցություն։

Կապերի հաստատում պոտենցիալ ներդրողների հետ

Զարգացման որոշակի փուլ անցած թիմերի կյանքում գալիս է մի պահ, երբ նրանց անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն իրենց գաղափարը շուկա հանելու, թիմը ընդլայնելու համար: Կենտրոնը, օգտագործելով իր ցանցը արտասահմանում, փորձում է կապեր հաստատել ներդրողների հետ և կազմակերպել հանդիպումներ, որոնց ժամանակ թիմերը առցանց կամ առերես ներկայացնում են իրենց պրոդուկտները։ Ի վերջո ծրագիրը եզրափակվում է Դեմո օր միջոցառմամբ, որի ժամանակ բոլոր թիմերը ներկայացնում են իրենց պրոդուկտները։

Ինչպիսի ստարտափեր են արդյունքում ստեղծվում

Աքսելերացիոն ծրագրերի միջազգային փորձը ցույց է տալիս, որ 10 գաղափարներից 9-ը այդպես էլ գաղափար են մնում։ Ստարտափ դարձած ոչ բոլոր գաղափարներն են դիմակայում շուկայական մրցակցությանը և դառնում հաջողված։ Դեռևս վաղ է խոսել ստարտափ աքսելերացիոն ծրագրի ստարտափերի հաջողված լինելու մասին, սակայն այն, որ նրանցից օգտվում են միլիոնավոր օգտատերեր և նրանցից շատերը կարող են լինել հաջորդ մեծ հայկական ստարտափը, արդեն հնարավոր է փաստել։ SoloLearn հավելվածը դրա վառ օրինակն է հանդիսանում։ Նախորդ աքսելերացիոն ծրագրի ստարտափերից Treescale-ը մշտապես բարելավում է իր պրոդուկտը, սակայն արդեն կարողացել է ներգրավել Հայաստանյան ամենամեծ ՏՏ ընկերություններից մեկին որպես օգտատեր։ Penny բջջային հավելվածը այս պահին գտնվում է ԱՄՆ-ում ֆինանսավորման ներգրավման և գործունեության ծավալման հետագա քայլերի հետ կապված։

Նորարար գաղափար ունենալը դեռևս բավարար չէ հաջորդ Facebook-ը, AirBNB-ն կամ Dropbox-ը դառնալու համար։ Հաջողության հասնելու բանաձևը տարբեր է տարբեր ստարտափերի համար, սակայն աքսելերացիոն ծրագրերը կարող են ծառայել որպես սկզբնակետ։