PicsArt-ը միացել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառելու կոչին

PicsArt հայկական ընկերությունը միացել է ԱՄՆ նախագահ Օբամային ուղղված կոչին՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող պայմանագրի ստորագրմանը հասնելու նպատակով: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) հաղորդմամբ՝ PicsArt-ի համահիմնադիր և գործառնությունների գծով տնօրեն Արտավազդ Մեհրաբյանի նամակում նշվում է, որ որ PicsArt-ը, ինչպես և հայկական մի շարք այլ ստարտափներ, կարևոր դեր ունեն ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերություններում: Ուստի անհրաժեշտ է վերացնել երկկողմ համագործակցության պատնեշները և ստեղծել պարզ իրավական դաշտ՝ կայուն առաջընթաց ապահովելու համար: Այդ գործընթացում գլխավոր դեր պետք է ունենա երկու երկրում միաժամանակ բիզնես գործունեություն ծավալող կորպորացիաների, ներդրողների և անհատների կրկնակի հարկման վտանգը բացառող մոդեռն հարկային պայմանագիրը:

Կոչին միացել են նաև այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են Microsoft-ը, FedEx-ը, NASDAQ-ը, Marriott-ը, Grant Thornton-ը, իսկ Հայաստանից՝ Ameria Banking Group, Prudence Legal Advisory and Counseling, Baker Tilley Armenia, Synergy, Tufenkian Heritage Hotels, Altacode, Leda Campus LLC, Levon Travel, Unicomp, Synopsys, Megerian Carpet, National Instruments, Mentor Graphics, First Mortgage, Geoteam, Hylink, LC Distribution և Linkgard Systems ընկերությունները:

Հիշեցման կարգով նշենք, որ 2015թ. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքվել է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA), որը կոչված էր բարենպաստ պայմաններ ստեղծելու ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։

Աղբյուրը՝ Anca