Paroonak. երբ նույնիսկ հեռախոսազանգը հայաֆիկացված է (հարցազրույց)

Paroonak անվանումը կրող նախաձեռնությունը նպատակաուղղված է հայկական երաժշտության հիման վրա բջջային հեռախոսազանգերի մշակմանը: Գաղափարը մշակվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից 2015թ., և արդեն բավական հայտնի է դարձել Google Play-ի և iTunes-ի օգտատերերի շրջանում: ittrend.am-ը հարցազրույց անցկացրեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ի հաղորդակցման գծով պատասխանատու Աննա Ոսկանյանի հետ՝ պարզելու համար այս գաղափարի զարգացման հետագա պլանները և սպասելիքները:

– Ինչպե՞ս առաջացավ Paroonak-ի գաղափարը:

– Դեռևս անցյալ տարի «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության թիմն, առաջնորդվելով «Ժամանակն է հայկականի» կարգախոսով, նախաձեռնեց հայ անվանի դասականներից մի քանի աշխատանքների թվայնացման և մշակման գործընթացը՝ արդյունքում վերածելով դրանք բջջային սարքավորումների հեռախոսազանգերի։ Նախնական նպատակն էր հեռախոսազանգերն օգտագործել «Թի-Էս-Դի» ընկերության արտադրանք «ԱրմԹաբ» դյուրակիր համակարգիչներում և «ԱրմՖոն» բջջային հեռախոսներում։ Սակայն հետագայում նախագիծն ընդլայնվեց, և արդեն տարեսկզբին շուկային ներկայացանք լիովին նոր՝«Paroonak» նախագծով, որի նպատակն է համախմբել և մեկ հարթակում ներկայացնել հայկական հավելվածները, խաղերը, հեռախոսազանգերն ու պաստառները։

– Քանի հոգուց է կազմված Ձեր թիմը:

– Այս պահին «Paroonak» նախագծի զարգացմանն ու պատրաստմանն աջակցում է երիտասարդ երաժիշտներից, ծրագրավորողներից և դիզայներներից բաղկացած 5 հոգանոց թիմ։ Ծրագրի զարգացմանը զուգահեռ նախատեսում ենք ընդլայնել նաև թիմի կազմը՝ ներգրավելով լուսանկարիչների, համակարգչային վեբ դիզայներների, անիմատորների և ոլորտի այլ ներկայացուցիչների։

Paroonak (2)

– Այժմ քանի՞ կոմպոզիտորի աշխատանքներ են հասանելի ներբեռնման համար, և ի՞նչ պարբերականությամբ եք ավելացնելու դրանց քանակը:

– «Paroonak» նախագիծը հայ սպառողին է ներկայացրել դեռևս չորս հեղինակի՝ Կոմիտասի, Սայաթ–Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի, Ստեփան Էլմասի գործերից մի քանիսի հիման վրա մշակված հեռախոսազանգերը։ Արդեն իսկ ձեռք ենք բերել համագործակցություն ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ, իսկ հետագայում կանդրադառնանք նաև Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի, Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց ստեղծագործություններին։

– Որքա՞ն է կազմում ներբեռնումների ընդհանուր քանակը, և որտեղի՞ց են ավելի շատ ներբեռնում iTunes-ից, թե՞ Google-ի Play Store-ից: Ինչպիսի՞ն է ներբեռնումների աշխարհագրությունը, ո՞ր տարածաշրջաններում են ավելի մեծ պահանջարկ վայելում հայկական հնչյուններով հեռախոսազանգերը:

– Հեռախոսազանգերը հնարավոր է ներբեռնել Apple-ի iTunes-ից, ինչպես նաև Google-ի Play Store-ից։ Հաշվի առնելով, որ դեռևս մեկ ամիս է, ինչ հեռախոսազանգերը ներկայացվել են տեղական և միջազգային սպառողներին՝ դժվար է տրամադրել ներբեռնման քանակների համեմատական վիճակագրություն։

– Որքա՞ն է կազմում մեկ ներբեռնման արժեքը, և արդյո՞ք ներբեռնումները միայն վճարովի են, թե՞ կան նաև անվճարները կամ, միգուցե, հետագայում կլինեն:

– Ինչպես արդեն նշեցինք, «Paroonak» նախագծի ընթացքում մշակված և թվայնացված հեռախոսազանգերն արդեն իսկ առկա են վաճառքում և՛ iTunes խանութում, և՛ Google Play Store-ում։ iTunes-ում մեկ հեռախոսազանգն արժե 1,29 ԱՄՆ դոլար, որը խանութի ստանդարտ գինն է, մինչդեռ Google Play Store-ում մենք ներկայացրել ենք Կոմիտասի ստեղծագործությունների հիման վրա մշակված յոթ հեռախոսազանգերի փաթեթ, որը հնարավոր է ներբեռնել ընդամենը 3,99 ԱՄՆ դոլարով։

«Paroonak» նախագծի թիմը Մարտի 8-ին կազմակերպեց գեղեցիկ ակցիա, որի ընթացքում մեկ հեռախոսազանգ նվիրեցինք բոլոր կանանց։ Ակցիաները կրելու են շարունակական բնույթ, ուստի, հետևելով մեր ֆեյսբուքյան էջին, կարող եք ավելի մանրամասն տեղեկանալ դրանց վերաբերյալ։

Հավելենք, որ ապրիլի 24-ին ընդառաջ, ցանկանալով նպաստել Ցեղասպանության մասին միջազգային իրազեկմանը, երգահան Արա Գևորգյանի օժանդակությամբ մշակվեց 2005 թվականին Հայոց ցեղասպանության 90-ամյա տարելիցին նվիրված «Ադանա» երգի հեռախոսազանգը։ Այն ապրիլ ամսին արդեն հասանելի կլինի մեր օգտատերերին։ Կոչ ենք անում աշխարհասփյուռ բոլոր հայերին միանալ նախաձեռնությանը, ներբեռնել այս հեռախոսազանգը և օգտագործել այն ապրիլի 24-ին։

– Բացի հայկական հնչյուններով հեռախոսազանգերից՝ ի՞նչ այլ ծառայություններ է մատուցում Paroonak-ը: Ի՞նչ նորություններ կլինեն մոտ ժամանակներս, ի՞նչին սպասեն Ձեր օգտատերերը:

– «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը մշտապես աջակցում է «արտադրված է Հայաստանում» ապրանքանիշի ճանաչմանն աշխարհում, ուստի «Paroonak» նախագծի նպատակն է մեկ վայրում ներկայացնել հայկական ՏՏ ծրագրային արտադրանքը։ Այն հարթակ է, որը համախմբում է հայկական հնչյուններով հեռախոսազանգերը, Հայաստանի տեսարժան վայրերի պաստառները, հայ ծրագրավորողների մշակած խաղերն ու հավելվածները։ Այսօր հայ սպառողին ենք ներկայացրել միայն հեռախոսազանգերը, սակայն շուտով մեր օգտատերերին հասանելի կլինեն նաև մյուս բաժինները։

– Կան արդյո՞ք հայկական շուկայում երաժշտության թվայնացմամբ զբաղվող այլ ընկերություններ և, ընդհանրապես,ի՞նչ վիճակում է գտնվում թվային երաժշտության արտադրությունն այսօր:

– Այսօր թվային երաժտության արտադրությունն աշխարհում բավականին զարգացած է: Հայաստանում կան զարգացման լայն հեռանկարներ։

Զրուցեց Ալբերտ Աբրահամյանը