Galent. հայկական նոր առցանց կրթական հարթակ (հարցազրույց)

Galent. հայկական նոր առցանց կրթական հարթակ (հարցազրույց)

Կրթություն ստանալու իրավունք ունի յուրաքանչյուր անհատ, իսկ 21-րդ դարում կրթություն ստանալը դարձել է շատ ավելի դյուրին, քան երբևէ` շնորհիվ համացանցի լայն տարածման և այլընտրանքային կրթության զարգացման: Այսօր ամբողջ աշխարհով մեկ հասանելի են բազմաթիվ առցանց կրթական հարթակներ, որոնց միջոցով հնարավոր է սովորել ցանկացած բան` խոհարարությունից մինչև ծրագրավորում: Այժմ նման հարթակներ առկա են նաև հայերեն լեզվով, և galent.am-ը դրանցից մեկն է, որը կենտրոնացած է վեբ-ծրագրավորման և բիզնես ոլորտների վրա: ittrend.am-ը հարցազրույց ունեցավ վերջինիս հիմնադիր Գասպար Գալենտերյանի հետ:

–  Ինչպե՞ս առաջացավ վեբծրագրավորման և բիզնեսի առցանց դասընթացների կայք ստեղծելու գաղափարը:

– Առցանց դասընթացների կայք, այն էլ hայերեն լեզվով, ստեղծելու գաղափարն առաջացավ իմ ուսման ընթացքում, քանի որ գիտելիքներիս մեծ մասը ստացել եմ վիդեոդասերի միջոցով, իսկ հայերեն վիդեոդասեր չկային, ցավոք սրտի։ Բացի դրանից՝ շատերը ցանկանում են սովորել, բայց գիտեն միայն հայերեն։

Իսկ փորձը ցույց է տալիս, որ առցանց վիդեոդասերի միջոցով սովորելն ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է, հատկապես այն ժամանակ, երբ գրեթե բոլորն ունեն ինտերնետ կապ։

Բացի դրանից՝ այսօր Հայաստանը ՏՏ ոլորտում զարգանալու կարիք ունի։ Սա էլ հիմնական պատճառ հանդիսացավ, որպեսզի ես դրան նպաստող մի շարք պրոյեկտներ թողարկեմ։

 – Ինչո՞ւ հենց վեբծրագրավորում և բիզնես:

– Վեբ-ծրագրավորման և բիզնեսի հետ կապված՝ կցանկանայի նշել հետևյալը։ Մարդկության պատմության ընթացքում դեռ այսպես արագ չէր զարգացել գիտությունը, ինչպես զարգացավ ինտերնետի հայտնվելուց հետո։ Վեբ-ծրագրավորումն ամենաինտենսիվ զարգացող ճյուղերից մեկն է ՏՏ ոլորտում։ Իսկ ժամանակին Բիլ Գեյթսն այսպիսի մի արտահայտություն էր արել իր ելույթներից մեկի ժամանակ. «Ով համացանցում չի, նա բիզնեսում չի», որը լավ տպավորվել էր ինձ մոտ։ Այսինքն՝ որտեղ կա վեբ ծրագրավորում, այնտեղ կա բիզնես:

Բացի դրանից՝ նշեմ նաև, որ տեխնոլոգիաների գերարագ աճը փոխում է ամեն ինչ։ Օրինակ՝ տարբեր ուսումնական հաստատություններում, այդ թվում նաև բուհերում, բիզնես թեմայով սովորեցնում են այնպիսի բաներ, որոնք ակտուալ էին առաջ, այլ ոչ հիմա։ Ու սովորելուց հետո շատերը զգում են, որ իրենց ստացած գիտելիքները չեն կարող կիրառել այսօր, քանի որ դրանք հնացել են արդեն։

–  Այժմ կայքում կա չորս բաժին` Դիզայն, Վեբ դիզայն, Ծրագրավորում և Բիզնես: Պատմեք մի փոքր դրանցից յուրաքանչյուրի մասին, ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում, և ի՞նչ կարող է սովորել օգտատերը դրանցից յուրաքանչյուրից:

– Կայքի 4 բաժիններում՝ «Դիզայն», «Վեբ դիզայն», «Ծրագրավորում» և «Բիզնես», այս պահին կարելի է գտնել միայն բազային կուրսեր, իսկ ընթացքում կավելանան նաև խորացված կուրսեր։ Կան բաժիններ, որ այս պահին ակտիվ չեն, բայց ընթացքում կակտիվանան։ Հիմնական նպատակը կայանում է նրանում, որ տվյալ բաժնի կուրսերն անցնողը կարողանա հասնել մինչև խորացված մակարդակի և դառնալ պրոֆեսիոնալ մասնագետ։

Ընթացքում ամեն բաժին նաև կինտեգրվի իր առանձին վեբ կայքի հետ, օրինակ՝ «Դիզայն» բաժինը կինտեգրվի Photoshop.am կայքի հետ, «Վեբ դիզայն» բաժինը՝ Weber.am կայքի հետ, «Ծրագրավորում» բաժինը՝ Lancer.am կայքի հետ, իսկ «Բիզնես» բաժինը կինտեգրվի StartIT.am կայքի հետ:

Galent 1

–  Կավելանա արդյո՞ք բաժինների քանակը հետագայում և, եթե այո, ապա ի՞նչ բաժիններ կավելանան:

– Հետագայում նաև կավելանան այլ բաժիններ, որոնք նույնպես կնպաստեն ՏՏ ոլորտի զարգացմանը Հայաստանում։ Իսկ թե ինչ բաժիններ կավելանան, կախված է նրանից, թե վերլուծությունների և տեխնոլոգիաների հրթիռային արագությամբ զարգանալու արդյունքում ինչ բացահայտումներ կլինեն։

 –  Դասընթացները վճարո՞վի են, թե՞ անվճար և, եթե վճարովի են, ապա որքա՞ն է կազմում դրանց վճարը:

 Կան ինչպես անվճար կուրսեր, այնպես էլ վճարովի կուրսեր։ Վճարովի կուրսերից օգտվելու համար հարկավոր է անդամագրվել Galent.am կայքում, իսկ անդամագրության մեկ ամսվա վճարը կազմում է 8000 դր.:

–  Արդյո՞ք դասընթացի վերջում սովորողը ստանում է հավաստագիր կամ որևէ նման բան առ այն, որ նա հաջողությամբ անցել է տվյալ դասընթացը:

– Վճարովի կուրսերն անցնելուց հետո, սովորողները անցնում են պրոֆեսիոնալ թեստեր և ստանում են սերտիֆիկատ։ Սերտիֆիկատը մեծ հաշվով ուժ չունի, կամ ինչ-որ տեղ կարող է դիտվել որպես առավելություն, մեկ այլ տեղ՝ ոչ, քանի որ ցանկացած ուսանող կարող է օգնության կանչել ինչ-որ մեկին թեստերն առցանց հանձնելու ժամանակ։ Դա պարզապես նախատեսված է նրա համար, որ սովորողն անցնի թեստերը՝ իր իսկ գիտելիքները և ուսման արդյունավետ լինելը ստուգելու համար։

–  Դուք կայքում նշում եք, որ տրամադրվող դասընթացները հանդիսանում են տեսական գիտելիքների և Ձեր` տարիների ընթացքում կուտակած փորձի սինթեզ: Իսկ դասընթացների ստեղծման ժամանակ համագործակցել կամ համագործակցու՞մ եք այլ մասնագետների հետ

– Այն դասընթացները, որոնց հեղինակը ես եմ, պատրաստել եմ ինքնուրույն, իսկ հետագայում, եթե կարիք լինի ստեղծելու այնպիսի կուրսեր, որոնց հարցում ես մասնագետ չեմ, հավանաբար կհամագործակցեմ նրանց հետ, ովքեր մասնագետ են ոլորտի տվյալ սեգմենտում։

–  Ի՞նչ նորություններ կմատուցի Galent.am կայքը մոտ ապագայում և ի՞նչ պլաններ կան, եթե գաղտնիք չէ:

– Մոտ ապագայում հավանաբար բացվեն նոր բաժիններ, որոնք կվերաբերվեն ռոբոտաշինությանը, մեքենայական ուսուցմանը, նանոտեխնոլոգիաներին, 3D տպիչներին, արհեստական բանականությանը և այլ ռեվոլուցիոն տեխնոլոգիաներին, որոնք այսօր շատ ակտիվ զարգանում են աշխարհի մասշտաբով։

Մոտ ապագայում հնարավոր է նաև, որ Galent.am-ը փոխակերպվի և դառնա «Բարձր տեխնոլոգիաների և բիզնեսի օնլայն կրթահամալիր»։
Բացի դրանից՝ մեր թիմին միանալու համար, մենք միշտ կփնտրենք խելացի և տաղանդավոր երիտասարդների և ինժեներների:

Զրուցեց Ալբերտ Աբրահամյանը

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ