Skyline Studio. հայկական 3D անիմացիայի նոր հաղթանակները (հարցազրույց)

Հայկական ՏՏ ոլորտը շարունակում է զարգանալ, ծնվում են նար ընկերություններ, որոնք հաջողություններ են գրանցում թե´ տեղական, և´ թե համաշխարհային շուկայում: Հայաստանում վերջին ժամանակներում, ի թիվս այլ ուղղությունների, սկսել է զարգացում ապրել նաև 2D և 3D անիմացիան: Այս ոլորտում իր ուրույն դերն ունի Գյումրիում ստեղծված և այնտեղ գործունեություն ծավալող Skyline Studio-ն, որն անցած տարի հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում: Այնուհետև ընկերությունը սկսել է աշխատել Տիմուր Բեկմամբետովի` ռուսական խոշորագույն պրոդյուսերական կենտրոնի հետ: Արդյունքում «Ալիսան գիտի` ինչ անել» 3D անիմացիոն 12 րոպեանոց մուլտսերիալի 5 րոպեանոց հատվածը պատրաստեց  Skyline Studio-ն, որի թիմն այս պահին կազմված է 9 աշխատակցից:

Ընկերության զարգացման հեռանկարների ու ծրագրերի շուրջ  ittrend.am-ը զրուցեց ընկերության տնօրեն Գուրգեն Պարոնյանի հետ:

– Ի՞նչ նոր աշխատանքներ է իրականացրել Skyline Studio-ն վերջին շրջանում:

– Ներկայումս աշխատում ենք АА ստուդիայի «10 друзей кролика» ռուսական անիմացիոն սերիալի վրա: Սա մեծ ծրագիր է, և հույս ունենք, որ դեռ երկար կհամագործակցենք իրենց հետ:

– Արդյո՞ք շարունակվել է համագործակցությունը «Ալիսան գիտի, թե ինչ անել» ռուսական մուլտիֆիլմի հետ:

– Ներկայումս մեր համագործակցությունը ժամանակավորապես դադարեցված է՝ կապված զուտ տեխնիկական խնդիրների հետ, ռուսական կողմը նախապատրաստվում է նոր սեզոնի նկարահանմանը և միայն նախնական աշխատանքների ավարտից հետո համագործակցությունը կվերսկսվի:

– Արդյո՞ք ընկերությունն աշխատում է խաղերի մշակման ուղղությամբ:

– Խաղերի մշակման ուղղությամբ ներկայումս չենք աշխատում, չնայած մի փոքր փորձ եղել է:

– Ի՞նչ խնդիրների է բախվում ընկերությունն իր աշխատանքում:

– Հիմնական խնդիրը դա մարդկային ռեսուրսն է, որը ՁԻՀ-ի կողմից կազմակերպված կրթական ծրագրերի շնորհիվ մի փոքր մեղմվել է:

– Ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի Գյումրիում գործունեություն ծավալելը:

– Առավելությունը դա համեմատաբար էժան աշխատուժն է, որի շնորհիվ ավելի հեշտությամբ ենք դիրքավորվում արտաքին շուկաներում: Թերությունն, ինչպես արդեն նշեցի, որակյալ մասնագետների բացակայությունն է, որը հիմա դանդաղ, բայց հաղթահարում ենք:

– Զարգացման ու ընդլայնվելու ի՞նչ հեռանկարներ ունի ընկերությունը:

  • Մեծացնել արտադրության ծավալները առնվազն 50%-ով մինչև տարեվերջ:
  • Ուսուցանել ու աշխատանքի ընդունել նոր մասնագետների (մինչև 8 հոգի այս տարվա ընթացքում):
  • Ամերիկյան շուկայում ավելի ներկայացված լինել:
  • Մուտք գործել եվրոպական շուկա:
  • Շարունակել և ավարտին հասցնել սեփական նախագիշը (քանի որ դա շատ ծախսատար է, հույս ունենք աշխատանքները սկսել աշնանը կամ ձմռանը):