Թումոն և ՍայԱրքը թվայնացնում ու տարածում են հայկական մշակութային ժառանգությունը

Հայկական հարուստ մշակութային ժառանգությունը դարերի պատմություն ունի: Այդ ժառանգությունն այսօր համաշխարհային պատմության անփոխարինելի մաս է, ինչպես նաև ինքնության արժեքավոր ռեսուրս՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող և ամբողջ աշխարհով սփռված միլիոնավոր հայության համար:

Այս ժառանգությունը պահպանելու նպատակով ՍայԱրք շահույթ չհետապնդող ընկերության և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցությամբ մեկնարկել է «Հայկական ժառանգություն. վիրտուալ ուխտագնացություն» խորագրով նախաձեռնությունը, որի նպատակն է թվայնացնել, վավերագրել և տարածել հայկական մշակութային ժառանգության վայրերը: Եռաչափ մոդելավորմամբ և արդի տեխնոլոգիաների միջոցով առաջարկվող նախագիծը ոչ միայն կպահպանի մշակութային ժառանգության վայրերի հատակագծերը գալիք սերունդների համար, այլև հնարավորություն կընձեռի հայ և օտարազգի ուսանողներին աշխարհի տարբեր անկյուններից վիրտուալ ուխտագնացություն կատարել, որի ընթացքում իրենց կցուցադրվեն թվայնացված մշակութային ժառանգության վայրերը՝ ուսուցողական բովանդակությամբ համընդգրկուն վիրտուալ շրջագայության ձևաչափով:

Միջոցառմանը ելույթ ունեցան Թումոյի խորհրդի անդամ և Պիքսարի պրոդյուսեր Քեթրին Սարաֆյանը, ՍայԱրքի խորհրդի անդամ Մայքլ Էվանսը և ՍայԱրքի արտագնա մենեջեր Ռոս Դևիսոնը:

«Լայնածավալ աջակցությունը, որին ականատես եղանք այսօր, աննկարագրելիորեն հաճելի էր,- ասաց Թումոյի և Armenia3D խորհրդի անդամ Քեթրին Սարաֆյանը,- խիստ կարևոր է, որ անհրաժեշտ տեխնոլոգիաները հայտնվեն այն ուսանողների ձեռքերում, ովքեր ակտիվորեն կվավերապատեն հայկական ժառանգությունը Հայաստանում և սփյուռքում»:

 

«Անմոռանալի փորձառություն էր անցյալ տարվա հունվարին Թումոյի ուսանողներին դասավանդելն ու նրանց հետ աշխատելը, – ասաց Դևիսոնը,- Թումոյի ուսանողներն այնքան ընդունակ և խանդավառ են, որ վստահ եմ՝ կարող ենք նրանցից հիանալի արդյունքներ ակնկալել»:

Ելույթի ժամանակ քննարկվեց նաև Թումոյի և ՍայԱրքի համագործակցությունը: Սարաֆյանը խոսեց Թումո կենտրոնի մասին, որն արդի տեխնոլոգիաների ու հմտությունների կարևորմամբ իր նորարարական ծրագրով ՍայԱրքի համար լավագույն գործընկեր է: Ծրագրի ավարտին հայկական մշակութային ժառանգության տվյալների հարուստ վիրտուալ արխիվ կկազմվի,  որն ուսանողների նոր սերնդին ապագա կարիերան առաջխաղացնելու համար անհրաժեշտ հմտություններին զուգընթաց կսովորեցնի նաև իրենց պատմությունը:

Թումոյի և ՍայԱրքի առաջին համագործակցային նախագիծն իրագործվեց 2015 թ. հունվարին Գեղարդի պատմական վանքում: Արդյունքները հանրությանն անվճար հասանելի են առցանց դիտման համար հետևյալ հղումով:

Փորձնական նախագծի հաջողությամբ ոգեշնչված՝ Թումոն որոշել է ընդլայնել ծրագիրը՝ տեսածրելով (սքանավորելով) Հայաստանի և հարևան երկրների հայկական վայրերը և այսպիսով թումոցիներին ընձեռելով գործնական փորձ և ողջ աշխարհում հայկական մշակույթի պահպանության ջանքերին մասնակցելու հնարավորություն: Նախագծի արդյունքներն անվճար հասանելի կլինեն հանրությանը՝ որպես նվեր թե՛ հայ, և թե՛ օտարազգի երիտասարդների գալիք սերունդների համար: