Facebook-ը բարձրաձայն «կպատմի» նկարը

Facebook-ում նոր հնարավորություն է ավելացել, որն առաջին հերթին նախատեսված է կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար: Նոր հնարավորությունը թույլ կտա վերջիներիս հասկանալ, թե ինչ է պատկերված լուսանկարում: Արհեստական բանականության վրա հիմնված լինելով՝ այս գործիքը կարող է բարձաձայն պատմել, թե ինչ է պատկերված նկարում, որը տեղադրված է Facebook-ի լրահոսում:

Ծրագիրը կարող է նաև պատմել, թե երբ է տեղադրվել տվյալ լուսանկարը, ով է այն տեղադրել, ինչ գրառում է նա արել այդ նկարի տակ, քանի հավանում ունի և քանի այլ օգտատեր է մեկնաբանություն թողել դրա տակ:

Այս ծրագրի ստեղծման աշխատանքները տևել են ավելի քան 10 ամիս, և դրա վրա աշխատել է ծրագրավորողների մի ամբողջ խումբ: Ծրագիրն իրենից ներկայացնում է խոր փաթույթաձև նեյրոնային համակարգ, որն անընդհատ սովորում է` շնորհիվ միլիոնավոր կարգավորվող պարամետրերի: Այն կարող է ճանաչել տարբեր օբյեկտներ, տեսարաններ և նույնիսկ կոնկրետ վայրեր:

Նկարագրման ալգորիթմը հետևյալն է. նախ ծրագիրը նշում է, թե քանի մարդ է պատկերված լուսանկարում, եթե իհարկե դրանում պատկերված են մարդիկ, այնուհետև հայտնում է նրանց դեմքի միմիկայի մասին, հետո թվարկում է պատկերված օբյեկտները, որից հետո նկարագրում է շրջակա միջավայրը (լուսանկարը արվել է փողոցում թե շինության ներսում, ինքնանկար է, թե ոչ և այլն):

Ներկայումս նոր ֆունկցիան հասանելի է միայն Facebook հավելվածի iOS-տարբերակի համար և աշխատում է միայն անգլերեն լեզվով, սակայն ստեղծողները խոստանում են, որ այն շուտով հասանելի կլինի նաև Android ՕՀ-ի համար, և կավելացվեն նոր լեզուներ: Ավելացնենք, որ ներկայումս Facebook սոցիալական ցանցում գրանցված են ավելի քան 39 միլիոն կույր և 246 միլիոն թույլ տեսողություն ունեցող օգտատերեր:

Աղբյուրը` Wired