Apple-ը կթողարկի սենսորային ստեղնաշարով նոութբուք

Apple ընկերությունը առանց ստեղնաշարի նոութբուքի արտոնագրի գրանցման հայտ է նրկայացրել ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքանիշերի գրանցման գրասենյակ (US Patent and Trademark Office, USPTO):

Ընկերությունն արտոնագրի ստացման հայտը ներկայացրել էր դեռևս 2015թ.-ին, սակայն տեխնոլոգիայի մասին միայն հիմա է հայտնի դարձել: Խոսքը գնում է շարժական համակարգչի մասին, որը չունի ավանդական սեղմակներ ստեղնաշարի վրա: Ստեղները սարքի վրա հայտնվում են աշխատանքը սկսելիս՝ սեղմման ուժին արձագանքելով, ինչի շնորհիվ էլ տեղի են ունենում տեքստերի մուտքագրումը և այլ գործողություններ:

Ենթադրվում է, որ սենսորային ստեղնաշարի առկայությունը ավելի կբարակացնի լեփթոփը, ինչպես նաև կերկարաձգի համակարգչի կյանքը՝ նվազեցնելով մեխանիկական բաղադրիչների աշխատանքը և բացառելով սեղմակների անցքերից թափոնների ներթափանցումը համակարգիչ:

Բացի այդ՝ հնարավոր է արագ կարգավորել վիրտուալ սեղմակների աշխատանքը որոշակի գործողություններ կատարելու համար:

նոթ2

Տվյալ պահին հայտնի չէ, թե երբ է  Apple-ը պատրաստվում թողարկել ամբողջովին սենսորային ստեղնաշարով MacBook: Նույնիսկ հայտնի չէ, թե արդյո՞ք այն առհասարակ կհայտնվի շուկայում, թե ոչ, քանզի ընկերության ոչ բոլոր արտոնագրված գաղափարներն են կյանքի կոչվում:

Աղբյուրը՝ slashgear.com