Հայերեն սովորեցնող խաղ, էլեկտրոնային գրքեր և տեսանյութեր․ Փլեյլենդ Արմենիան արդեն հասանելի է

«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ թողարկում է «Փլեյլենդ Արմենիա» առցանց խաղահրապարակն ամբողջ աշխարհի հայ երեխաների համար:

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը աշխարհի հայության համար տարվա կարևորագույն իրադարձությունն էր: «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության թիմը, ի հիշատակ ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի, ցանկանում էր աշխարհի հայ մանուկներին միավորել մեկ հարթակում՝ հայկական լեզուն, մշակույթը և գաղափարները ուսուցանելու ու միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն տալու նպատակով: Հենց այս նպատակի շուրջ էլ համախմբվեց թիմը, և մեկ տարվա երկարատև աշխատանքի արդյունքում ստեղծվեց «Փլեյլենդ Արմենիա» խաղային հարթակը:

16 խաղերից բաղկացած անվճար հավելվածը վիրտուալ աշխարհ է, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել և շփվել միմյանց հետ հրաշալի թվային խաղահրապարակում: 5-10 տարեկան բոլոր երեխաները, անկախ լեզվական գիտելիքից, հնարավորություն ունեն բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրելու հայոց լեզուն և մշակույթը: Մեծ համայնքի մի մասնիկը դառնալով` նրանք կարող են ընկերանալ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հայրենակիցների հետ:

«Դիջիթըլ Փոմըգրանեթը» մեծ ուժեր է ներդրել երեխաների համար առցանց անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու գործում: Երեխաները չեն կարող հրապարակել անձնական ինֆորմացիա և նկարներ, իսկ նամակներ հնարավոր է գրել` օգտվելով միայն նախապես տրվող բառակապակցություններից և նախադասություններից:

«Փլեյլենդ Արմենիա» հավելվածը ոչ միայն խաղերի հարթակ է, այլ նաև հրաշալի ուղեցույց սփյուռքում և Հայաստանում ապրող հայ ծնողների համար, ովքեր ուզում են իրենց երեխաների ժամանցը համատեղել հայոց լեզվի և մշակութային տարրերի ուսուցման հետ: Բացի այբուբեն, թվեր, բառեր, գույներ եւ հեքիաթներ ուսուցանող խաղերից ծնողներին տրամադրվում են նաև աշխատանքային նյութեր, «ներկիր ինքդ» ոճի գրքեր, սեղանի քարտեր, բառախաղեր և մի շարք այլ ինտելեկտուալ խաղեր և վարժություններ:

«Փլեյլենդ Արմենիայի» նախնական համակարգչային տարբերակը ներկայացվել էր հանրությանը դեռևս հոկտեմբերին՝ Դիջիթեք էքսպոյի շրջանակներում: Այնուհետև խաղը հաղթող էր ճանաչվել Հայաստանի Բաց խաղ առաջնության միանգամից երկու անվանակարգերում՝ լավագույն 2D խաղ և լավագույն դիզայն:

Այս տարի արդեն խաղն հասանելի է համակարգիչների, ինչպես նաև iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող պլանշետների համար:

«Փլեյլենդ Արմենիան» հավակնում է դառնալ աշխարհում հայ մանուկների համար առաջին անվճար խաղային հարթակը, որն ունի և՛ կրթական, և՛ ժամանցային բնույթ:

«Դիջիթըլ Փոմըգրանեթը» ՏՏ ընկերություն է և տեղակայված է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում` Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում: Ընկերությունը կենտրոնանում է մոբայլ և վեբ հավելվածների ստեղծման վրա, որոնք ծառայում են որպես տեխնոլոգիական լուծումներ ամբողջ աշխարհում փոքր և միջին ձեռնարկությունների համար: Նպատակն է Գյումրիի մասնագետների հմտությունները բերել ՏՏ համաշխարհային շուկա: Նախագծման և ծրագրավորման ոլորտներում վերապատրաստումներ և աշխատատեղեր առաջարկելով` մենք նպատակ ունենք քաղաքում ապահովել կայուն տնտեսական աճ: