LinguaCode հայկական հարթակը թույլ կտա ծրագրավորում սովորել 0-ից (հարցազրույց)

Այսօր ծրագրավորումը, հիրավի, համարվում է ամենահեռանկարային մասնագիտություններից մեկը: Ամբողջ աշխարհում կա ծրագրավորողների մեծ պահանջարկ: Այս ամենի արդյունքում ավելացել են նաև ծրագրավորում սովորելու եղանակները` մասնավոր, առցանց և այլն: Սակայն սովորելու հաար միշտ անհրաժեշտ է նաև պրակտիկ գիտելիքի ստացումը: 2015թ. ԴիջիՔեմփ ամառային նորարարական ճամբարում հաղթող ճանաչված LinguaCode ծրագրավորման հարթակը հնարավորություն է տալիս ծրագրավորում սովորել 0-ից և հասնել լավ արդյունքների: Գաղափարի ստեղծման, զարգացման ու հեռանկարների շուրջ ittrend.am-ը զրուցեց LinguaCode-ի հիմնադիր Արման Եղիազարյանի հետ:

Կայքը նոր է ստեղծվել և դեռ փորձնական փուլում է: Որքա՞ն ժամանակ է դրա համար պահանջվել:

– LinguaCode-ի գաղափարը ծնվել է 2012 թվականին, երբ հասկացա, որ Հայաստանում ծրագրավորողների պակասի խնդիրը կայանում է անգլերենի տիրապետման և դպրոցներում ստացած համակարգչային գիտելիքների սակավության մեջ։ Կատարելով հետազոտություններ և անցկացնելով հարցումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներում՝ պարզեցի, որ ծրագրավորման յուրացման խնդիրն առկա է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Ըստ վիճակագրական տվյալների` միայն ԱՄՆ-ում 2015թ.-ի տվյալներով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում թափուր աշխատատեղերի քանակը 500.000-ով ավելի շատ է, քան ուսանողների թիվը, իսկ 2020թ. սպասվում է, որ այդ թիվը կկրնապատկվի` հասնելով 1.000.000-ի։ Այսպիսով, համարելով ծրագրավորման յուրացման խնդիրը համաշխարհային, մեր թիմը որոշեց մարտահրավեր նետել դրան և գտնել այդ խնդրին համապատասխան լուծում։

Կայքի ստեղծման վրա ծախսվել է մոտ 6 ամիս, սակայն հետազոտությունների, նոր ծրագրավորման լեզվի ստեղծման և ստանդարտիզավորման վրա աշխատանքները տարվել են 4 տարի։

– Կպատմե՞ք մի փոքր թիմի մասին:

– Մեր թիմը բաղկացած է 4 հոգուց․ ես հիմնադիրն ու նախագծողն եմ, 22 տարեկան եմ, թերի ավարտել ՀՃՊՀ «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ֆակուլտետը, այժմ աշխատում եմ որպես ծրագրավորող, ազատ ժամանակ զբաղվում եմ պիքսելային նկարչությամբ։

Վանուհի Դավթյանը մեր գրաֆիկ դիզայներն ու նկարչուհին է, սովորում է գերմաներեն, ազատ ժամանակ սիրում է զբաղվել համակարգչային խաղերով (Dota 2)։

Աշխեն Եղիազարյանը լեզվագետ և թարգմանիչ է, ավարտել է ԵՊՀ «Ռոմանագերմանական բանասիրություն» ֆակուլտետը։ Աշխատում է որպես թարգմանիչ։

Անժելա Այվազյանը թեստավորող և սկսնակ վեբ-ծրագրավորող է։ 18 տարեկան է, սովորել է ԹՈՒՄՈ-ում։ Ազատ ժամանակ զբաղվում է նկարչությամբ և 3D մոդելավորմամբ։

Սա առաջի՞ն հայալեզու հարթակն է, որի միջոցով հնարավոր է ծրագրավորում սովորել:

– Միանշանակ, LinguaCode-ը միակ հարթակը չէ, որ թույլ է տալիս մայրենի լեզվով ծրագրավորում սովորել։ Կան նմանատիպ գրեթե 70 ծրագրավորման լեզուներ։ Սակայն բոլորն էլ երբևիցե ծրագրավորման լեզվի տիպիկ թարգմանությունն են, օրինակ չինարեն C++ -ը, կամ իսպաներեն Pascal-ը։ Ինչն, իհարկե, հեշտացնում է հասկանալ հրամանները կոնկրետ լեզվով, սակայն կամայական լեզվի գրելաոճի բարդությունից դժվարանում է նրանով ծրագրեր գրելը (քանի որ անհրաժեշտ է պարբերաբար փոխոխել լեզուն՝ սիմվոլներ օգտագործելու համար)։ Նույն խնդրին մեր թիմն էլ հանդիպեց և նախնական որոշված C# լեզուն, որը զուտ հայաֆիկացրել էինք, ստեղծեցինք Node.js ծրագրավորման լեզվով նոր ստրուկտուրավորված լեզու, որի հիմքը Python-ն էր, և Pascal-ի ազդեցության տակ դարձավ առավել պարզ և ընթեռնելի։ Մեր նպատակն էր ստեղծել նոր՝ առավել պարզ լեզու և գլոբալիզացնել այն բոլոր հաղորդակցական լեզուներով։Ներկայիս դրությամբ հայալեզու հարթակներից են հայաֆիկացված «Կրիա»-ն (Turtle), որը թույլ է տալիս հրամանների միջոցով կառուցել երկրաչափական պատկերներ և «Աղվես»-ը (Scratch)-ը, որը թույլ է տալիս ստեղծել անիմացիաներ և խաղեր՝ սխեմաների կառուցման միջոցով։ Այժմ նրանց միջոցով ծրագրավորում դասավանդվում են մի շարք դպրոցներում։

Այս հարթակները հիանալի միջոց են պատկերավոր մտածելակերպի և տրամաբանության զարգմացման համար, սակայն անցումը առավել բարդ լեզուների (Python, JavaScript, C# եւ այլն) դժվար է տրվում երեխաների մոտ։

f4a837ad-3295-468d-9b4e-e2d9515f470f

Պարզաբանեք, թե ինչպե՞ս է օգտատերը սովորում Ձեր կայքում: Ո՞ր լեզուներով այն հասանելի կլինի ապագայում: Սովորելու համար անհրաժե՞շտ են որոշ սկզբնական գիտելիքներ ծրագրավորումից, թե՞ կայքն օգնում է ամեն ինչ սկսել զրոյից:

– Կայքը հասանելի է  հետևյալ հասցեով։ Այն թույլ է տալիս դասընթացների միջոցով քայլ առ քայլ առաջ գնալ` սկսելով պարզագույնից, հասնել այն մակարդակ, որը թույլ կտա անցում կատարել առավել բարդ ծրագրավորման լեզվի։

Դասընթացները ներառում են․

  1. դասը, որը պետք է ընթերցել և սովորել,
  2. օրինակները՝ գրելաոճն ընկալելու համար,
  3. առաջադրանքը, որը պետք է կատարել,
  4. խմբագրման միջավայրը, որտեղ գրվում է ծրագրային կոդը,
  5. և տերմինալը, որում կարելի է տեսնել արդյունքը։

LinguaCode-ի միջոցով ծրագրավորում սովորելու համար հարկավոր է միայն բազային գիտելիքներ թվաբանությունից և համակարգչի հետ աշխատանքի իմացություն։

Ո՞ր տարիքի մարդկանց համար է կայքը ստեղծված: Կարող է արդյոք ոչ միայն դպրոցականն, այլև բարձր տարիքի մարդը, որը ցանկանում է ծրագրավորում սովորել, օգտվել ձեր կայքից:

– Կայքը նախատեսված է դպրոցական վաղ տարիքի երեխաների համար՝ 10-15 տարեկան, ովքեր չեն տիրապետում ծրագրավորման բազային գիտելիքների և անգլերենի։ Սակայն ցանկացած մեկն, անկախ տարիքից, ով ցանկություն կունենա սովորել LinguaCode-ի միջոցով, կունենա այդ հնարավորությունը։

4175983b-33b9-4693-ad20-99071023831e

Կայքը կունենա՞ բջջային հավելված, որպեսզի սովորողները կարողանան ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ սովորել ծրագրավորում:

– Կայքը դեռ հասանելի է միայն առցանց տարբերակով, սակայն մեր նպատակն է հասանելի դարձնել նախագիծն անկախ ինտերնետի առկայությունից՝ ցանկացած սարքավորման համար, որի միջոցով հնարավոր կլինի սովորել ծրագրավորում, դա կլինի թե՛ համակարգիչ, թե՛ պլանշետ և թե՛ հեռախոս։

Իսկ սովորողը, բացի գործնականից, ստանում է արդյո՞ք որևէ տեսական գիտելիքներ` ընթերցանության նյութեր, որոնք կայքը խորհուրդ է տալիս կարդալ:

– Դպրոցներում երեխաները հաճախակի հարց են տալիս ուսուցիչներին, թե ինչու են սովորում այս կամ այլ առարկաները, իսկ ուսուցիչները, ցավոք, սովորաբար չեն կարողանում երեխայի հարցին տալ հիմնովին պատասխան, ինչը հանգեցնում է նրան, որ երեխան չի պատկերացնում այդ առարկայի կարևորությունը ապագայում, և դա դառնում է պատճառ այդ առարկային ոչ լուրջ վերաբերվելու և այն վատ սովորելու համար։

LinguaCode-ի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն սովորել ծրագրավորում, այլ միաժամանակ վերհիշել (կամ սովորել) այնպիսի գիտելիքներ, որոնք դասավանդվում են դպրոցներում կամ առկա են համացանցում։ Այդպիսով, կապելով ծրագրավորումը դպրոցական առարկաների հետ՝ երեխան առավել հստակ պատկերացում կունենա առօրյա առարկաների վերաբերյալ։ Ինչը հնարավորություն կտա շատ առարկաներ ինքնուրույն ուսումնասիրել և սովորել։

Ե՞րբ պատրաստ կլինի և կգործարկվի կայքի վերջնական տարբերակը, և արդյո՞ք այն կլինի անվճար օգտատերերի համար:

– Կայքի վերջնական տարբերակի պատրաստումը կախված է հենց ինքնին օգտատերերի ակտիվությունից և կամավորների օգնությունից։

Մեզ այժմ անհրաժեշտ են մանկավարժներ, ծրագրավորողներ, լեզվագետներ և, իհարկե, պատանի էնտուզիաստներ, ովքեր կօգնեն նախագիծը թեստավորելու հարցում։

Վերջնական տարբերակը կլինի հարթակ, որի միջոցով ոչ միայն հնարավոր կլինի սովորել ծրագրավորում, այլև․

  1. կազմակերպել առցանց ծրագրավորման օլիմպիադաներ և մրցույթներ,
  2. վարել թիմային աշխատանքներ ինչպես հայրենակիցների, այնպես էլ օտարազգի երեխաների հետ՝ շնորհիվ ծրագրային կոդի անմիջական թարգմանության,
  3. ստեղծել խաղեր,
  4. ստանալ ծրագրավորմանն առընթեր նոր գիտելիքներ,
  5. վաստակել միավորներ և տեսնել լավագույն ծրագրավորողին,
  6. ստեղծել օգտակար ծրագրեր, որոնք կարող են կիրառվել տարբեր ոլորտներում,
  7. սովորել առավել բարդ ծրագրավորման գիտելիքներ։

Ի տարբերություն շատ ուսումնական կենտրոնների, առցանց հարթակների և անհատների, ովքեր առաջարկում են ծրագրավորում սովորեցնել համապատասխան գումարի դիմաց, LinguaCode-ից օգտվել կարելի է ամբողջությամբ անվճար։ Քանի որ գիտելիքը պե՛տք է լինի անվճար և հասանելի բոլորին։