Տեղի ունեցավ հայկական Extremeo, AdLine և Shareabit ստարափների ցուցադրությունը

Այսօր` ապրիլի 27-ին, Մերգելյան ակումբում տեղի ունեցավ տուրիզմին նվիրված 3 նոր նախագծերի ներկայացում՝  Extrimeo, AdLine և Shareabit:

Միջոցառմանը մասնակցում էր նաև «LOCALZ» ընկերության համահիմնադիր և հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Լիլիթ Ղուկասյանը, ով հանդիպման սկզբում կիսվեց իրենց ընկերության փորձով և ներկայացրեց մի քանի միջազգային հաջողության հասած ՏՏ ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում տուրիզմի ոլորտում, դրանք են` Uber-ը, Viator-ը և AirBNB-ն: Լիլիթը ներկայացրեց նաև մի քանի հայկական ստարտափ, որոնք նույնպես վերաբերում են տուրիզմին` MovieTrip, Vista, Wandalion, նաև խոսեց Localz-ի մոտակա պլանների մասին։ Պարզվեց, որ մոտավորապես երկու շաբաթից դուրս կգան հարթակի iOS և Android հավելվածները, բացի այդ՝ ընկերությունը շուտով պատրաստվում է մուտք գործել Վրաստանի շուկա:

 

 

Առաջինն իր գաղափարը ներկայացրեց Extremeo թիմը, այն կապված է էքստրեմալ տուրիզմի հետ: Թիմը փորձում է ստեղծել մի հավելված, որը կհեշտացնի էքստրեմալ տուրիզմով զբաղվողների ճամփորդությունը և անհրաժեշտության դեպքում (վերջիններիս որևէ վտանգ սպառնալու դեպքում) կհեշտացնի փրկարար ծառայությունների աշխատանքը: Հավելվածն աշխատելու է ինտերնետի միջոցով: Օգտատերը պետք է ներբեռնի այն, ինչը անվճար է, այնուհետև գրանցվի համակարգում, որը լինելու է վճարովի: Ներկայացնողները նշեցին, որ սկզբնական շրջանում ամսական բաժանորդագրությունը կարժենա 1 ԱՄՆ դոլար, իսկ տարեկանը` 10 ԱՄՆ դոլար:

 

Young Researchers Mergelyan Club 5

Հավելվածը վերջերս է ստեղծվել և գտնվում է նախապատրաստական փուլում: Ներկայացվեցին հավելվածի աշխատանքի սկզբունքները և զարգացման հեռանկարները:

 

Young Researchers Mergelyan Club 8

Երկրորդը հանդես եկավ AdLine ստարտափը, որը դեռևս կազմված է երկու հոգուց: Այս թիմը նույնպես կենտրոնացած է էքստրեմալ տուրիզմի վրա և փորձում է ստեղծել մի հարթակ` հավելված և կայք, որը կօգնի զբոսաշրջիկներին կողմնորոշվել իրենց ճամփորդության հարցերում և որը գործիք կլինի տուրիստական ընկերությունների համար, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում էքստրեմալ տուրիզմի ոլորտում: Հարթակը կօգնի զբոսաշրջիկներին քարտեզագրման հարցում և այն կաշխատի օֆլայն ռեժիմում, ինչը օգտակար կլինի այն վայրերում, որտեղ ինտերնետը հասանելի չէ: Սկզբնական շրջանում նախատեսվում է ծառայությունը սարքել վճարովի:

 

Երրորդը հանդես եկավ Shareabit ստարտափը, որը պատրաստվում է շուտով թողարկել մի հարթակ, որը նախատեսված կլինի զբոսաշրջիկների և տեղացիների միջև փորձի փոխանակման համար: Հարթակը հնարավորություն կտա դրանում գրանցվածներին տեղադրել իրենց մասին ինֆորմացիան և այլ երկրներ ճամփորդելիս կապ հաստատել այդտեղի տեղացիների հետ և նրանց հետ կիսվել սեփական փորձով, իսկ տեղացիներին թույլ կտա մշտապես իմանալ, թե երբ և որտեղ է լինելու իրենց հետաքրքող անհատը կամ ընկերությունը: Հարթակը սկզբնական շրջանում լինելու է վճարովի, և, ըստ ստեղծողների, այն շատ օգտակար կլինի բժիշկների, ընկերության ղեկավարների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նոր փորձ ձեռք բերել կամ կիսվել իրենց փորձով: Նախատեսվում է, որ տեղացիները ծառայության համար կվճարեն զբոսաշրջիկին, իսկ այդ գումարի 20 տոկոսը կանցնի ստարտափին: Ստարտափը պլանավորվում է վերջնական տարբերակով թողարկել գալիք տարվա սկզբին:

Միջոցառմանը մասնակցում էին մարդիկ տարբեր ոլորտներից, ինչպես նաև TSD ընկերության հիմնադիր և տնօրեն Վահան Շաքարյանը։ Վերջիններս ամեն ներկայացման ավարտին հնարավորություն ունեին ստարտափերներին ուղղել իրենց հարցերը և առաջարկները: Յուրաքանչյուր ներկայացման ավարտին ծավալվում էր շատ հետաքրքիր քննարկում, որոնց արդյունքում երևան հանվեցին գաղափարների թերի կողմերը, որոնք անհրաժեշտ է շտկել, ինչպես նաև հնչեցին բավականին կառուցողական առաջարկներ, որոնք շատ օգտակար եղան նրանց համար:

Extremeo-ի, AdLine-ի և Shareabit-ի հետ ittrend.am-ի բացառիկ հարցազրույցները կարդացեք շուտով: