ՕգմենթԱր. Գորիսում գործում է եռաչափ արտադրությամբ զբաղվող ընկերություն

Եռաչափ տպիչները համարվում են վերջին տասնամյակների ամենահետաքրքիր և հեղափոխական նորարարություններից մեկը: Դրանց շնորհիվ հնարավոր է ստեղծել տարատեսակ արտադրանքներ` միաժամանակ նվազեցնելով տվյալ արտադրանքի ստեղծման համար անհրաժեշտ ժամանակը և ծախսերը:

Շատ ուրախալի է այն փաստը, որ Հայաստանում նույնպես զբաղվում են եռաչափ տպիչների արտադրությամբ, և այն էլ, ոչ թե Երևանում, այլ Գորիսում` այդպիսով զարկ տալով այդ տարածաշրջանի ՏՏ զարգացմանը: ittrend.am-ը զրուցեց եռաչափ տպիչների արտադրությամբ զբաղվող ՕգմենթԱր ընկերության տնօրեն Արթուր Խոջաբաղյանի հետ` պարզելու համար երիտասարդ ընկերության գրանցած հաջողությունները և հետագա անելիքները:

Արթուր Խոջաբաղյան
Արթուր Խոջաբաղյան

– Ձեր ընկերությունը հիմնվել է 2015-ին, այն բավականին երիտասարդ է: Քանի՞ աշխատակից այժմ ունի ընկերությունը:

– Այսօր կարող ենք ասել, որ ունենք 6 աշխատակից։  Եվս 5 հոգի ինթերն ունենք, ովքեր մասնագիտանում են վեբ-ծրագրավորման մեջ, ինչը շատ կարևոր է ոչ միայն մեր, այլ նաև մեր քաղաքի համար։

ՕգմենթԱրը գործունեությունը ծավալում է Գորիս քաղաքում: Ինչո՞ւ հենց Գորիսում, և ի՞նչ այլ նմանատիպ ընկերություններ կան Գորիս քաղաքում:

– Նախ՝ որովհետև աշխատողները բոլորը գորիսեցիներ են, իսկ գորիսեցիները շատ են սիրում իրենց քաղաքը և երբեք բաց չեն թողնի իրենց ծննդավայրում ապրելու և աշխատելու հնարավորությունը։ Բայց սա միայն առաջին հայացքից. մենք, ծավալելով մեր գործունեությունը հենց Գորիսում, նաև նշաձող ունենք՝ նպաստել Գորիսում ՏՏ ոլորտի զարգացմանը, և այդ պատճառով է, որ ակտիվ ներգրավված ենք բազմաթիվ կրթական ծրագրերի մեջ։ 2012 թվականի հունիսից Գորիսում «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը դասընթացներ է իրականացնում։ Արդյունքում այսօր ունենք «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության մասնաճյուղը, որտեղ աշխատում են շուրջ 25 հոգի, իսկ թիմն իր որակով արդեն մրցակցում է միջազգային շուկայում և համագործակցում շատ հեղինակավոր ընկերությունների հետ։
Կարևոր եմ համարում նշել, որ ՕգմենթԱրը նույնպես «Ինստիգեյթ»-ի Գորիս գալու արդյունքն է։

Դուք զբաղվում եք եռաչափ տպիչների արտադրությամբ: Ո՞ր շուկայի համար են դրանք նախատեսված և որքա՞ն է կազմում արտադրության ծավալը:

– Ներկա դրությամբ մենք արտադրում ենք տպիչներ հայկական շուկայի համար, որոնք նախատեսված են կրթական նպատակների համար։ Սակայն այս փորձը մեզ թույլ է տալիս նախագծել նաև այսպես կոչված պրոֆեսիոնալ տպիչներ։ Արտադրության ծավալն այս պահին կախված է, թե որքան կլինի պահանջարկը։

Հետազոտելով մեր հարևան շուկաները՝ մենք հայտնաբերել ենք, որ որպես այդպիսին տպիչների արտադրություն տարածաշրջանում ոչ ոք չի իրականացնում, չնայած կան ընկերություններ, որոնք իրենց անձնական նպատակների համար պատրաստում են տպիչ, բայց որպես այդպիսին արտադրանք դեռ չեն իրականացնում։

Չնայած չինական էժան տպիչները շուկաներ գրավելու համար խնդիր են առաջացնում, բայց փորձը ցույց է տալիս, որ էժան ապրանքները նաև շուտ են փչանում, իսկ տեղական արտադրողի առավելությունն այն է, որ տպիչի հետ տրվում է նաև համապատասխան երաշխիք։ Բացի դրանից՝ մենք օգտագործում ենք որակյալ ենթամասեր և սա թույլ է տալիս որակի հաշվին մրցակցել էժան ապրանքի հետ։ Մենք այս պահին փորձում ենք գնի ու որակի հարաբերակցությամբ մտնել նաև արտաքին շուկա՝ մասնավորապես Վրաստան և ՌԴ։ Կարծում ենք, որ մեր արտադրանքը կկարողանա դիմանալ այդ շուկայում։

3D printer

 

Արդյոք տրամադրվու՞մ է պետական աջակցություն, և կա՞ն պետական պատվերներ:

– Պետական աջակցություն կա, և դա շատ է օգնում մեզ։ Մենք օգտվում ենք ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերություններին տրվող աջակցությունից, որի արդյունքում տալիս ենք 10% եկամտահարկ՝ 24.4 և ավել տոկոսի փոխարեն։ Քանի որ աշխատում ենք շրջանառության հարկով, այլ արտոնություններից այժմ չենք օգտվում։

Մենք նաև համագործակցում ենք «Տարածքային զբաղվածության կենտրոնի» հետ։ Արդյունքում նրանք մեզ օգնում են համապատասխան կադրեր գնտելու հարցում, և նրանց ծրագրերի շրջանակում երբեմն ստանում ենք ֆինանսական աջակցություն։

Պետպատվերներ այս պահին չկան, բայց հուսով ենք, որ կլինի, որովհետև եռաչափ տպիչներն այսօր աշխարհում հանդիսանում են կարևոր կրթական գործիքներ և նույնիսկ նոր չափորոշիչներով՝ պարտադիր։ Եվ սա պատահական չէ, որովհետև այս գործիքները խթանում են երեխաների երևակայության, տրամաբանության զարգացումը, ինչպես նաև դրդում են նրանց ստեղծագործական կյանք։

Հիմա ԻՏՁՄ-ի ծրագիրը, որը քայլ առ քայլ կյանքի է կոչվում, հենց նպատակ ունի բոլոր դպրոցներում տեղադրել այնպիսի ինժեներական լաբարատորիաներ, որի համապատասխաններն այսօր աշխարհում սովորաբար վճարովի դպրոցներում են տեղադրում։ Եվ կարծես թե կառավարությունը նույնպես հավանում է այս նախագիծը և կլինեն ներդրումներ։

Augmentar

Բացի եռաչափ տպիչերից` ի՞նչ այլ արտադրատեսակներ է առաջարկում ընկերությունը:

– Ներկայումս մենք նաև փորձում ենք իրականացնել ավտոմատացման խնդիրներ և համագործակցում ենք «Գորիս Գամմա»-ի հետ։ Խնդիրները հիմնականում հին հաստոցների արդիականացման հետ են կապված։ Բացի դրանից՝ կրթական ծրագրեր ենք իրականացնում, վերապատրաստման դասընթացներ։ Ինչպես նշեցի, պատրաստում ենք վեբ-ծրագրավորման թիմ։ Եվ արդեն մի քանի պատվերներ ունենք։

Կա՞ արդյոք համագործակցություն օտարերկրյա ընկերությունների հետ:

– Չնայած դեռ նոր ենք, բայց այո, արդեն իսկ սկսել ենք տարբեր բանակցություններ ոլորտի այլ ընկերությունների հետ։ Եվ նոր ենք, հենց դրա համար էլ դա շատ կարևոր է մեզ համար, որովհետև արդյունքում մենք կարողանում ենք նրանց կուտակած փորձից բաներ սովորել։

Արդյո՞ք Ձեր արտադրանքը հասանելի է հասարակ քաղաքացիներին` ձեռք բերելու համար, և որքա՞ն է դրանց արժեքը:

– Իհարկե, յուրաքանչյուր ոք կարող է պատվիրել իր ուզած տպիչը։ Հետաքրքրվողներ եղել են, բայց հետաքրքրվելուց այն կողմ դեռ քայլ չի եղել։ Այս պահին հիմնական արտադրանքը, որ վաճառում ենք, արժե 410.000 դրամ։ Բայց մենք առաջիկայում կներկայացնենք տարբեր հնարավորություններով տարբեր արժեքների տպիչներ, որպեսզի հետաքրքրվողն ունենա ընտրության հնարավորություն։

Հետագա զարգացման ի՞նչ պլաններ ունեք:

– Եռաչափ տպիչների արտադրությունն անվերջ կատարելագործվելու տեղ ունի։ Այս պահին մենք արտադրում ենք Reprap Prusa Mendel տպիչի մոդիֆիկացված տարբերակը։ Եվ մենք նպատակ ունենք նաև ստանալ մեր սեփական մոդելը, որն ի դեպ ընթացքի մէջ է։ Եռաչափ տպիչների արտադրությունը մեր հիմնական ուղղությունն է։ Ծավալելով այս ամբողջ գործընթացը Գորիսում՝ մենք ցանկանում ենք մեր հաջողության փորձը կիսել թե´ մեր քաղաքացիների հետ, և թե´ այլ շրջանների մարդկանց հետ, ովքեր ցանկանում են ՏՏ ոլորտի ընկերություններ ստեղծել շրջաններում։ Մեր ռազմավարության նշաձողներից է նպաստել քաղաքում ոլորտի ընդհանուր զարգացմանը և այդ պատճառով էլ ժամանակի ընթացքում կստեղծենք տարբեր մասնագիտական թիմեր, որոնք 2-3 տարի հետո կլինեն պրոֆեսիոնալներ։

Զրուցեց Ալբերտ Աբրահամյանը