Վանաձորում կհաստատվեն ՏՏ մասնագետներ Երևանից ու Մոսկվայից

Այս տարվա հուլիսին Վանաձորում կբացվի տեխնոլոգիական կենտրոն (ՎՏԿ),  որի առաքելությունն է Վանաձորը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի: Կենտրոնի բացման նախաձեռնողներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը և Համաշխարհային բանկը:

Նախագիծը մեկնարկել է 2014-ին: ՎՏԿ-ն տեղակայվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին (Պոլիտեխնիկ) պատկանող Վանաձորի Շինարարների 12 հասցեում գտնվողմասնաշենքի տարածքում: Կենտրոնը տեխնոլոգիական ընկերություններին աջակցելու է մի շարք ոլորտներում` այդ թվում տրամադրելով բիզնես խորհրդատվություն, մենթորինգ, մարքեթինգ և խթանում, ֆինանսական աղբյուրների ներկայացում, բիզնես կապերի ձևավորում՝ բարձրացնելու ընկերությունների մրցունակությունը համաշխարհային շուկայում: Կենտրոնի բացման առիթով ittrend.am-ը զրուցեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ:

13090718_1256612711033242_1711457939_o
Բագրատ Ենգիբարյան

Ո՞ր ոլորտներում է սկզբնական շրջանում գործունեություն ծավալելու ՎՏԿ-ն:

– Արդեն ունենք ՏՏ ոլորտը, ընտրվել են նաև ճարտարագիտությունը` կբացվի ճարտարագիտական լաբորատորիա, արդեն պատվիրվել ենք նոր հաստոցներ: Հուսով ենք նաև, որ որոշակի զարգացումներ կլինեն բարձր տեխնոլոգիաների, մաքուր տեխնոլոգիաների ոլորտներում և այլն:

Ի՞նչ կասեք մասնագետների նախապատրաստական փուլի մասին:

– Մասնագետների նախապատրաստումը իրենից ներկայացնում է անվերջ գործընթաց: Շուտով արդեն մեկ տարի է, ինչ մենք սկսել ենք այդ գործընթացը, և վերապատրաստվել են ավելի քան 500 մասնագետ, այժմ կենտրոնացած ենք ոչ վանաձորյան կազմակերպությունները Վանաձոր տանելու ուղղության վրա: Նման հնարավորությամբ հետաքրքրված են Երևանից, Մոսկվայից և ևս որոշ այլ տեղերից: Իսկ նրանց հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ նրանք տեսել և հարցազրույցներ են ունեցել Վանաձորում պատրաստված մասնագետների հետ: Մեզ համար սզբնական փուլում մեծ հաջողություն կլինի մեծ քանակությամբ ընկերություններ և մասնագետներ դեպի Վանաձոր ուղղորդելը, դրա համար պետք է աշխատենք բիզնես մշակույթի բարձրացման վրա: Վանաձորում նույնպես ունենք չորս կազմակերպություն, որոնց հետ աշխատում ենք, դրանցից երկուսը ՏՏ ոլորտի ընկերություններ են, իսկ երկուսն՝ ինժեներական ոլորտի, սակայն պետք է փորձենք մեկ տարվա ընթացքում հասնել Գյումրիի տեղեկատվական կենտրոնի մակարդակին:

Ի՞նչ դասընթացներ են այժմ անցկացվում ՎՏԿ-ում և ովքե՞ր կարող են մասնակցել այդ դասընթացներին, սկսած ո՞ր տարիքից և որտեղի՞ց, ո՞ր լեզվով են անցկացվում դրանք և արդյո՞ք սկզբնական որևէ գիտելիք անհրաժեշտ է դրանց մասնակցելու համար: Ե՞րբ է մեկնարկելու ՎՏԿ-ի Աքսելերացիոն ծրագիրը:

– Դասընթացները լիովին անվճար են, դրանք անցկացվում են հայերեն լեզվով, և բոլոր ցանկացողները կարող են մասնակցել. կարևորը, որ նրանք ցանկանան գնալ Վանաձոր և մասնակցեն այդ դասընթացներին: Ինչ վերաբերում է առցանց դասընթացներին, ապա մենք իրականացնում ենք նման դասընթացներ դպրոցականների համար, սակայն աշակերտները կարող են դրանց մասնակցել իրենց դպրոցներում: Այստեղ կան որոշ խնդիրներ և դժվարություններ, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Տարիքային սահմանափակումներ նույնպես չկան և սկզբնական որևէ գիտելիք նույնպես անհրաժեշտ չէ` կան դասընթացների մի քանի մակարդակներ, որոնց բոլորը կարող են մասնակցել:

Ինչ վերաբերում է աքելերացիային, ապա շուտով մենք կհայտարարենք դրա մեկնարկի մասին, թիմերին անվճար տեղեր կհատկացնենք և նաև հուսով ենք, որ կկարողանանաք հայտարարել դրամաշնորհների տրամադրման մասին, որպեսզի լավագույններին կարողանանք խրախուսել գրանտների միջոցով:

Նշենք, որ ՎՏԿ-ի բացման նախաձեռնողներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ կառավարությունը և Համաշխարհային բանկը: