Razm.info և Voskanapat.info. առցանց պատերազմի հայկական առաջամարտիկ կայքերը

Հայկական Razm.info և Voskanapat.info կայքերը, որոնք մասնագիտացած են ռազմական լուրերի ու վերլուծությունների ոլորտում, մշտապես գտնվում են ադրբեջանցի հաքերների ուշադրության կենտրոնում։ Voskanapat.info-ի խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը ittrend.am-ի հետ զրույցում պատմեց, որ նույնիսկ եղել են դեպքեր, երբ հակառակորդի լրատվամիջոցները բաց կոչով դիմել են իրենց ընթերցողներին՝ խնդրելով օգտագործել ամբողջ կարողությունը` Voskanapat.info-ին վնասելու համար։ Բայց տարիների ընթացքում կայքի անձնակազմը սովորել է պաշտպանվել նմանատիպ հարձակումներից։ «Իհարկե, ադրբեջանցիները շարունակում են գրոհել մեր սերվերները, բայց անարդյունք»,-նշում է Մելիք-Շահնազարյանը։ Այս և այլ թեմաներով մայիսի 9-ի եռատոնի առիթով զրուցել ենք նաև Razm.info-ի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ:

– Լինո՞ւմ են դեպքեր, որ ՊՆ-ից առաջ տեղեկություններ եք հայթայթում, սակայն չեք կարող հրապարակել, ինչպե՞ս եք վարվում այդ դեպքերում, առաջինը հրապարակելու գայթակղություն չի՞ առաջանում:

Razm.info – Երբեմն լինում է, որ ինչ-որ իրադարձության մասին ավելի շուտ ենք իմանում, քան հայտնել է ՊՆ-ն, օրինակ՝ սահմանամերձ որևէ գյուղից զանգահարում են ու ինչ-որ պատահարի մասին հայտնում։ Կամ մենք ենք առաջնագիծ կամ սահմանամերձ գոտի այցի ժամանակ ինչ-որ բան իմանում։ Բայց ցանկացած դեպքում պրոֆեսիոնալ լրագրության պահանջներից մեկը տեղեկությունը ստուգելն է մի քանի աղբյուրով։ Նույնիսկ եթե ունենք ինչ-որ բացառիկ լուր մեկ աղբյուրից, այն փորձում ենք ստուգել այլ աղբյուրներով, ըստ այդմ դիմում ենք նաև ՊՆ, ՊԲ կամ համապատասխան այլ կառույցներին, որոնք կարող են պարզաբանել, հաստատել կամ հերքել։

Voskanapat.info –  Նորություններն առաջինը հրապարակելու գայթակղություն, որպես այդպիսին, երբեք չենք ունեցել։ Voskanapat.info-ն ավելի վերլուծական, քան լրատվական կայք է։ Մեր հիմնական խնդիրը մշտապես եղել է թշնամու քարոզչությանը դիմակայելն ու տեղեկատվական-քարոզչական դաշտում նրանց հաղթելը։ Բացի այդ` Voskanapat.info-ն ընդհանուր արժեքներով և գաղափարներով միացած մարդկանց հանրություն է, որը, հրապարակային լրահոսից բացի, ունի նաև փակ քննարկումների հարթակ։ Այստեղ մենք սովորաբար հստակեցնում ենք այս կամ այն հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը, որոշակի գործողությունների պլան մշակում և այդ ուղղությամբ շարժվում։

– Ապրիլյան մարտերի ընթացքում ավելի լարված էիք աշխատում, նոր մարդկանց ներգրավե՞լ եք, թե հին թիմն է արտակարգ ռեժիմով աշխատել:

Voskanapat.info – Իհարկե, կայքում կան մշտական աշխատողներ և հեղինակներ, որոնք վարձատրվում են։ Նրանց թիվը շատ չէ` 4-5 հոգի։ Բայց, ինչպես արդեն նշեցի, Voskanapat.info-ն նաև այլ գործառույթներ է իրականացնում։ Տարիների ընթացքում մեր ընթերցողների ու համակիրների մասնակցությամբ ստեղծվել է «Ոսկանապատ» գումարտակը։ Այդպես ենք կոչում մենք այն մարդկանց, ովքեր ներգրավված են կայքի միջոցով իրականացվող տարբեր ծրագրերին։ Օրինակ` Հայոց Բանակին աջակցության ծրագրին, կամ աշխարհի այլ պետություններում Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելուն ուղղված մեր գործունեությանը։ Նման մարդկանց թիվն անցնում է 200-ից։ Իսկ եթե դրան գումարենք նաև այն քննարկումները, որոնք ակտիվ ընթանում են մեր կայքում և որոնք հանդիսանում են Voskanapat.info-ի կարևոր ու անբաժան մասը, ապա կարող եմ ասել, որ կայքն այդպիսինն է իր բոլոր ընթերցողների ջանքերի շնորհիվ։

Razm.info – Կայքի հեղինակային թիմն այս պահին 5 հոգուց է բաղկացած, բայց նաև կան մարդիկ, որոնք անհրաժեշտության դեպքում համագործակցում են մեզ հետ։ Բացի այդ` ապրիլյան մարտերի օրերին մի քանի կամավորներ էին մեզ միացել և նրանցից ոմանք, հուսով ենք, փորձաշրջանից ու լրացուցիչ պատրաստությունից հետո կմնան մեր թիմում։

– Բացի ադրբեջաներեն ու թուրքերեն աղբյուրներից` այլ ի՞նչ ռեսուրսներից եք օգտվում:

Razm.info – Եթե խոսքը կայքերի մասին է, ապա մշտադիտարկում ենք հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն և, ինչպես արդեն նշեցիք, ադրբեջաներեն ու թուրքերեն լրատվական աղբյուրները, անհրաժեշտության դեպքում նաև պարսկերեն և արաբերեն։ Բացի լրատվակայքերից` օգտվում ենք շատ տարբեր բաց աղբյուրներից. սկսած զանազան ընկերությունների հաշվետվություններից, մասնագիտացված էլեկտրոնային բազաներից, վերջացրած քարտեզներով ու արբանյակային լուսանկարներով։ Ժամանակակից տեղեկատվական միջավայրն այնքան հարուստ է, որ իրականում խնդիրը ոչ թե տեղեկատվություն հայթայթելն է, այլ այն մշակելը և այդ հորդառատ հոսքում կարևոր տվյալները բաց չթողնելը։

Voskanapat.info – Տեղեկատվության աղբյուրները շատ են և բազմազան։ Ես արդեն նշեցի, որ մեր լսարանն ակտիվ մասնակցում է կայքի բովանդակությունը ստեղծելու գործում։ Մարդիկ հետևում են իրենց բնակության երկրների իրադարձություններին, լրատվական հոսքերին և եթե որոշակի հետաքրքրություն ներկայացնող նյութեր են լինում, ուղարկում են խմբագրություն։ Բացի այդ` մենք ուշադիր հետևում ենք նաև հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվող լուրերին։

– Ի՞նչ խորհուրդ կտաք օգտատերերին, ովքեր չեն կարողանում իրականում տարբերակել իրական ու սուտ տեղեկատվությունը:

Voskanapat.info – Ցավոք, դժվար է խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր չեն կարողանում տարբերակել ճիշտ ինֆորմացիան ստից։ Կարծում եմ՝ այդպիսի մարդկանց պարզապես ժամանակ է պետք` լրատվական դաշտին ավելի լավ ծանոթանալու, այստեղ զարգացող գործընթացների տրամաբանությունը հասկանալու համար։ Բայց, սկզբի համար, խորհուրդ եմ տալիս երբեք ու ոչ մի պարագայում չվստահել ադրբեջանական լրատվամիջոցներին։ Միշտ պետք է հիշել, որ նրանց հիմնական նպատակը հայ հասարակությանը ապակողմնորոշելն ու վնասելն է։ Դա թշնամական գործողություն է, որն իրականացվում է տեղեկատվական դաշտում։

Razm.info – Առաջինը. միշտ փորձել գտնել սկզբնաղբյուրը։ Եթե «Իքս» լրատվամիջոցը հայտնում է ինչ-որ իրադարձության մասին, բայց այդ լրատվամիջոցի լրագրողը ֆիզիկապես չէր կարող իրադարձության վայրում լինել, ապա պետք է հասկանալ, թե լրատվամիջոցը որտեղից է այդ տվյալը վերցրել։

Երկրորդը. պետք է փորձել գտնել մեկից ավելի՝ իրարից անկախ աղբյուրներ։

Երրորդը. պետք չէ ամեն ինչին միանգամից հավատալ։ Փորձը ցույց է տալիս, որ տեղեկատվական դաշտում պետք է ամեն ինչին թերահավատորեն մոտենալ։