Գաջեթներ, որոնք այդպես էլ հաջողություն չունեցան (մաս 2)

Շարքի առաջին մասը կարդացեք այստեղ:

Լազերային ածելի

Skarp Razor 1

Մորգան Գուստավսոնը 1980-անների վերջից աշխատում էր կոսմետոլոգիական և բժշկական լազերների կատարելագործման ուղղությամբ: 2001-ից սկսեց մշակել լազերային ածելի՝ ծախսելով ավելի քան ութ տարի: Դրանից ևս 5 տարի անց նրա գաղափարը հայտնվեց համացանցում: Իրականում լազերային ածելիի մեջ չկա իսկական լազեր: Սափրելու համար այն օգտագործում էր լազերային էպիլիացիան և ինտենսիվ իմպուլսային լույսը, որի վրա Գուստավսոնը աշխատել էր 1980-ականներին: Ածելիի փոխարեն տեղադրված է բարակ օպտիկական թել, որի վրա ընկնում է լուսային ալիքը: Լազերային էպիլիացիան ոչնչացնում է միայն սև մազերը, սակայն Գուստավսոնը գտել էր այնպիսի ալիքային լուսավորում, որը վերացնում էր նաև բաց գույնի մազերը:

Ներկայացված գաղափարը դուր եկավ բոլորին, և շատ կարճ ժամանակում հավաքեց ավելի քան չորս միլիոն դոլար` արտադրությունը սկսելու համար:

Ինչպես ամեն ինչ վերջացավ: Իրականում Գուստավսոնը չուներ աշխատող նախատիպ, իսկ դրամահավաքային հարթակները արգելում են առանց աշխատող նախատիպի գումար հավաքել: Kickstarter-ը հեռացրեց պրոյեկտը կայքից և գումարները ետ վերադարձրեց դրամահավաքի մասնակիցներին:

Պատրաստ ածելին 1.5 րոպեում հազիվ կարողացավ հեռացնել 10 հատ մազ: Գուստավսոնը պնդում էր, որ ածելին պետք է կատարելագործվի և դառնա ավելի կիրառելի: Տեսականորեն դա հնարավոր է, սակայն Գուստավսոնը մինչ այժմ չի արել դա: Ըստ նախնական հաշվարկների՝ մեկ աշխատող օրինակ ստեղծելը կարժենա մոտավորապես 4000 ԱՄՆ դոլար: Kickstarter-ում ձախողվելուց հետո Գուստավսոնը կարողացավ 470000 դոլար հավաքել Indiegogo-ում, սակայն աշխատող ածելի այդպես էլ չներկայացրեց:

 

Instagram-շրջանակ

Instacube 1

2012-ին Instacube ընկերության աշխատակիցները որոշեցին ստեղծել մի էլեկտրոնային շրջանակ, որը պետք է ցույց տար Instagram սոցիալական կայքի լուսանկարները:

Ինչպես ամեն ինչ վերջացավ: Սարքի ստեղծողները գերագնահատեցին իրենց ուժերը և չկարողացան ժամանակին սկսել արտադրությունը, իսկ հետո Instagram-ը փոխեց իր API-ն և շրջանակները դարձան ոչ կիրառելի: Շրջանակի ծրագրային հիմքը անհրաժեշտ եղավ փոխել, և արտադրությունը հետաձգվեց մեկ տարով, իսկ երբ պատվիրատուները ստացան սարքի առաջին տարբերակները` նրանք սկսեցին դժգոհել շրջանակի ամենակարևոր մասերից մեկի` էկրանի որակից: Instacube-ը դարձավ Android-ով աշխատող հերթական անհաջող  սարքը: