3 կարևոր բան, որ պետք է իմանա ցանկացած ստարտափ. Արմեն Մարգարյան

Ի՞նչ անել, եթե կա գաղափար, սակայն չկա գումար այն իրականացնելու համար: Ստարտափներին հետաքրքրող այս և այլ հարցերի շուրջ ittrend.am-ը զրուցեց “The Essentials of Doing Business in Armenia” գրքի հեղինակ Արմեն Մարգարյանի հետ, ով երկար տարիների փորձ ունի ձեռներեցության և ստարտափերի ոլորտում: 

Armen Margarian
Արմեն Մարգարյանը «NexusLab Inc»-ի համահիմնադիր և գործադիր տնօրենն է, «Մարգարյան Իրավաբանական Գրասենյակի» տնօրենը, ինչպես նաև տպագրում էConsumer Law Magazine, Startup Law Magazine and Wise Car Shopper ամսագրերը:

Արմեն Մարգարյանի համոզմամբ՝ նախ պետք է ունենալ հստակ ձևակերպված պլան և ստեղծել մի նախատիպ, որը հնարավորինս մոտ կլինի վերջնական պրոդուկտին: «Միայն հետո հնարավոր է ձեռք բերել ֆինանսավորում.  սովորաբար ներդրողները ցանկանում են տեսնել որևէ աշխատող նախատիպ, բայց լինում են դեպքեր, երբ որոշ հետաքրքիր և յուրօրինակ գաղափարներ ֆինանսավորվում են անգամ գաղափարի փուլում»,-նշեց նա:

Եթե Դուք չունեք գումար Ձեր գաղափարը միայնակ իրականացնելու համար, ապա հավաքեք լավ թիմ, որը կօգնի Ձեզ իրականություն դարձնել այդ գաղափարը:

– Որո՞նք են այն երեք հիմնական բաները, որ յուրաքանչյուր ստարտափ պետք է անի իր ստեղծման սկզբնական փուլում` հետագայում չձախողելու համար:

1. Ցանկացած ստարտափ պետք է լսի պոտենցիալ հաճախորդին: Այսինքն՝ նույնիսկ մինչև որևէ պրոդուկտ ունենալը, պետք է գտնել հավանական օգտատերերին և հասկանալ, թե արդյոք այդ պրոդուկտը հետաքրքիր է նրանց համար: Օրինակ, եթե միտք ունեք արտադրել կապույտ գույնի աթոռներ, ապա պետք է գնաք և հանդիպեք այն մարդկանց կամ կազմակերպությունների հետ, որոնց կարող են հարկավոր լինել աթոռներ: Այդ ժամանակ Դուք կհասկանաք արդյո՞ք աթոռի կապույն գույնը արդարացված է և արդարացված է աթոռ արտադրելն ընդհանրապես: Հնարավոր է, որ գնորդների մի մասն ունի կարմիր գույնի աթոռների պահանջարկ, իսկ մյուս մասը ընդհանրապես դրանց կարիքը չունի: Ըստ դրա` Դուք հնարավորություն եք ստանում վերափոխել Ձեր գաղափարը:

2. Պետք է ճկուն լինել, քանի որ պրոդուկտի պահանջարկը կարող է ցանկացած պահի փոխվել: Հենց դա է առանձնացնում ստարտափներին կայուն և զարգացած ընկերություններից` այն անընդհատ փոփոխվող և զարգացող կառույց է:

3. Կարևոր է ճիշտ թիմ ձևավորելը: Անգամ եթե Դուք գումար ունեք, դա դեռ չի նշանակում, որ հաջողության կհասնեք: Հաջողության հասնելու համար պետք են լավ մասնագետներ, լավ թիմ և թիմային աշխատանք:

Զրուցեց Ալբերտ Աբրահամյանը