Բանկային համակարգն ու տեղեկատվական տեխնոլոգիաները` HSBC Armenia-ի գլխավոր գործադիր տնօրենի աչքերով

Թիես Քլեմենց
Թիես Քլեմենց

Թիես Քլեմենցի սմարթֆոնը` BlackBerry Passport

Սիրելի հայկական հավելվածները` Rumors Monitoring, Menu.am

Օգտագործում է Microsoft Windows 7 Enterprise Service ՕՀ

Ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաները հեղափոխեցին ֆինանսական ու բանկային համակարգը ու ինչ կարող եք անել բանկում՝ ձայնի միջոցով: Բանկային կառավարման ոլորտում երկար տարիների փորձ ունեցող, իսկ այժմ HSBC Armenia-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը itTrend.am-ի հետ բացառիկ հարցազրույցում կիսվել է բանկի հետագա ծրագրերի մասին` պատմել է բանկային համակարգում ներդրված նորագույն տեխնոլոգիաներից և առաջիկա ծրագրերից: Նա բացահայտել է,  թե ինչ սմարթֆոն է օգտագործում, և որոնք են նրա նախընտրած հայկական հավելվածները:

– Ինչպե՞ս կգնահատեք բանկային համակարգի ներդրումը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում, արդյո՞ք HSBC-ն որևէ կերպ նպաստում է այդ ոլորտի զարգացմանը:

Ինտերնետն ու բջջային հեռախոսները ուղղակի հեղափոխեցին աշխատելու և շփման  աշխարհի պատկերացումները:

Տեխնոլոգիաները օգնում են փոխել բիզնեսը վարելու գործընթացները, ինչպես նաև այդ զարգացումը խթանում է ընդհանուր բնական պահանջարկը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում նորարարական տեխնոլոգիաները զանգվածային տարածում գտան: Մինչդեռ որոշ բանկային ոլորտներ, ինչպես օրինակ ներդրումային բանկինգը միշտ հագեցած են եղել նոր տեխնոլոգիաներով, այսօր մենք կանգնած ենք մի հեղափոխության առաջ, որը կարող է հիմնովին փոխել այս անգամ արդեն ֆինանսական ոլորտը:

Հետևո՞ւմ եք արդյոք Հայաստանում օրեցօր զարգացող ստարտափների շուկային և ինչպե՞ս կգնահատեք դրա պոտենցիալը: Ո՞ր հայկական ստարտափներն եք ճանաչում:

Ուրախալի է տեսնել միլլենիալների աճող ձգտումը սեփական բիզնեսը հիմնելու ուղղությամբ: Ընդհանրապես, բիզնես ստեղծող/կառուցող մարդկանց դերը հասարակության մեջ կենսական նշանակություն ունի, քանի որ նրանք ստեղծում են աշխատատեղեր և խթանում տնտեսության աճը: Նրանցից շատերը նորարարներ են՝ ստեղծում են պիտանի ապրանքներ և ծառայություններ, որոնք կյանքը դարձնում են ավելի հարմարավետ, առողջ կամ հաճելի:

Menu.am-ը թերևս ինձ հայտնի հայկական ստարտափի ակնառու և հաջողված օրինակներներից մեկն է:

Ինչպե՞ս է ՏՏ-ն կիրառվում բանկի առօրյայում. օրինակ՝ մասնաճյուղերում ունե՞ք արդյոք ռոբոտ-հավաքարար կամ լուսավորությունը էներգախնայող համակարգերով է աշխատում, թե ոչ:

Թվայնացումը մեր պարագայում նշանակում է ֆինանսական ծառայությունների հասանելիության մշտական նորացում/թարմացում, որի նպատակն է պարզեցնել, արագացնել և էլ ավելի հարմարավետ դարձնել մեր հաճախորդների և աշխատակիցների կյանքն ու առօրյան: Ես չեմ բացառում ապագայում մաքրությամբ զբաղվող ռոբոտների «աշխատանքի վերցնելու» հավանականությունը, սակայն առայժմ, ֆինանսական ոլորտում նորարարական տեխնոլոգիաների դերն է օգնել ընդլայնել հասանելիությունը, բարելավել սպասարկումը և ավելի շատ հաճախորդների տրամադրել ավելի լայն հնարավորություններ:

Ի՞նչ լուծումներով է ապահովվում առցանց գործարքների անվտանգությունը, օգտվու՞մ եք արդյոք հայկական ընկերությունների առաջարկած լուծումներից:

– HSBC–ին օգտագործում է 128-բիթ SSL գաղտնագրման մեթոդը, որն այս ոլորտում համարվում է ընդունված ստանդարտ: Նաև օգտագործում ենք մուտքի և գործարքի բազմամակարդակ վավերականացման, ինչպես նաև ինտերնետային բանկային սեանսի ավտոմատ դադարեցման միջոցները, որոնք ուղղված են մեր հաճախորդների ֆինանսական տվյալները պաշտպանելուն և դրանց պահպանման անվտանգությունը ապահովելուն (հայկական լուծումներից բանկը չի օգտվում-խմբ.):

Օնլայն բանկինգ, մոբայլ բանկինգ… Ո՞րն է HSBC-ի հաջորդ ՏՏ լուծումներով պրոդուկտը, որն ուղղված կլինի հաճախորդների սպասարկման բարելավմանը: Միգուցե վճարում սելֆիի միջոցո՞վ:

Այս տարի HSBC-ն Միացյալ Թագավորությունում մեկնարկեց անձի ինքնությունը հաստատելու նորագույն համակարգեր՝ հպումով կամ թաչ (Touch ID) և ձայնային (Voice ID): Հպումով հաստատումը թույլ է տալիս հաճախորդներին մուտք գործել մեր մոբայլ բանկի հավելված մատնահետքի օգնությամբ, իսկ ձայնային հաստատումը՝ անձին ճանաչում է պարզապես իրենց ձայնի օգնությամբ: Հաջորդը Հոնգ Կոնգը, Միացյալ Նահանգները, Մեքսիկան, Ֆրանսիան և Կանադան են:

Առաջիկա երկու տարիների ընթացքում նախատեսվում է անձի ձայնային հաստատման համակարգի ներդրումը նաև այլ երկրներում՝ ներառյալ Հայաստանում:

___

Թիես Քլեմենցը 2012թ. օգոստոսի 23-ից նշանակվել է HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն և 2012թ. օգոստոսի 29-ին գրանցվել է այդ պաշտոնում ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Սենտ Գալլենի համալսարանը տնտեսագետի կոչմամբ ավարտելուց հետո 1998թ.-ին իր կարիերան սկսել է Դոյչե Բանկ Էյ Ջի-ի Գլոբալ վերահսկման ակտիվների կառավարման բաժնում: Ֆրանկֆուրտում, Փարիզում և Լոնդոնում Դոյչե Բանկում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցնելուց հետո 2005թ. Թիես Քլեմենցը նշանակվել է HSBC Գլոբալ Ասսեթ Մենեջմենթ (Գերմանիա) Ջի Էմ Բի Էյչ-ի Գլխավոր գործառնական տնօրեն և Կառավարիչ: 2010թ. տեղափոխվել է Լյուքսեմբուրգ և HSBC Տրինկաուս Ինվեստմենթ Մենեջերս Էս էյ-ում զբաղեցրել է տեղական ղեկավարի տեղակալի և Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնները: