Findo. Դավիթ Յանի նոր ստարտափը ստացել է 3 մլն դոլար ներդրում

ABBYY-ի հիմնադիր, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, ձեռնարկատեր Դավիթ Յանի և նրա գործընկեր Գարի Ֆոուլերի կողմից հիմնադրված Findo որոնողական համակարգը 3 միլիոն դոլարի ներդրում է ստացել: Այս մասին հաղորդում է VentureBeat-ը:

Findo համակարգը թույլ է տալիս գտնել անհրաժեշտ ֆայլերը և փաստաթղթերը տարբեր ամպային պահոցներում, տարբեր կրելի սարքերում և ծառայություններում: Առայժմ համակարգը հասկանում է միայն անգլերեն, սակայն հնարավոր է ավելացվեն նաև այլ լեզուներ` կախված այն բանից, թե տարբեր երկրներում ինչ հետաքրքրություն կառաջացնի ծառայությունը:

Findo-ն կարողանում է որոնել և գտնել այն ֆայլերը, որոնք Դուք հիշում եք, որ կան, սակայն չեք կարողանում գտնել դրանք: Որոնման համար անհրաժեշտ է մուտք գործել ծառայության վեբկայքը, գրանցվել այնտեղ և որոնման դաշտում գրել փնտրվող ֆայլի անունը:

Ծառայության հիմքում ընկած են ABBYY Compreno արհեստական բանականության տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս գտնել անհրաժեշտ ինֆորմացիան ոչ միայն բառերի մուտքագրման միջոցով, այլև կոնտեքստային որոնման շնորհիվ: Այսինքն` հնարավոր է որոնում կատարել մարդկային լեզվով, օրինակ` «գտիր այն PDF ֆայլը, որն ինձ ուղարկել էր Ջոնաթանը», և համակարգը գտնի այն, իսկ PowerPoint ֆայլեր գտնելու համար անհրաժեշտ է որոնման տողում հավաքել միայն «ppt» տառերը և համակարգը կգտնի այս ֆորմատի բոլոր պրեզենտացիաները:

Այն կարողանում է որոնում կատարել Gmail, Google Drive, Dropbox, Outlook, Evernote, Yahoo! և Exchange ծառայություններում:

Իր առաջին ներդրումը` 1.5 միլիոն ԱՄՆ դոլար, Findo-ն ստացել էր ABBYY ընկերության կողմից, որը պատրաստվում է այս տարվա ընթացքում ևս 1.4 մլն  դոլար ներդնել նոր ծառայության մեջ: Ինչպես պատմում է Դավիթ Յանը, այս ծառայության ստեղծման ուղղությամբ երկու տարի շարունակ աշխատել է 17 հոգուց բաղկացած թիմ:

Ծառայությունը դեռևս հասանելի է միայն վեբ և iOS-տարբերակներով, սակայն VentureBeat-ի հետ զրույցում Դավիթ Յանը նշել է, որ շուտով կթողարկվի Android տարբերակը: Findo-ի թիմը պատրաստվում է ինտեգրել համակարգը նաև այլ հավելվածներում` Telegram-ում, Facebook Messenger-ում և այլն: