Հաջողության պատմություն. Արամ Փախչանյան` «Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ (մաս 1)

Հաջողության պատմություն. Արամ Փախչանյան` «Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ (մաս 1)

Սմարթֆոնը` ArmPhone, iPhone 6
Սիրելի հավելվածները` Lingvo բառարան
Հաճախ օգտագործվող սոցցանցը` Facebook
Հաջողության բանաձևը` անել այն, ինչին պատրաստ ես նվիրվել

Ընկերություն Դավիթ Յանի հետ` դպրոցական նստարանից, պատանեկան չարաճճիություններ, կիսասոված օրեր Մոսկվայում` այժմ արդեն ՏՏ հսկա դարձած ABBYY ընկերության ստեղծման դժվարին փուլում: Ֆիզիկոսից մինչև տեխնիկական գրող, ծրագրավորողից մինչև դպրոցի տնօրեն: Սա «Այբ» դպրոցի տնօրեն ու ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի անցած երկար ու հետաքրքիր ճանապարհի մի մասն է միայն:

Առաջին քայլեր

Երբ դեռ սովորում էի Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանում (1985-91), 3-4-րդ կուրսերում արդեն 2 աշխատանք ունեի` զանգվածային սպեկտրոգրաֆի համար պատրաստում էի համակարգչային կցորդ, բացի այդ` համալսարանի` արդեն բավական տարիքով լուսանկարչին օգնում էի օգտվել նոր գնված համակարգչից: Այս երկու աշխատանքներից ստանում էի նույնքան գումար, որքան կստանար արդեն ավարտած ու պաշտպանած մասնագետը:

Այնուհետև վերադարձա Հայաստան, և 1991-ին  ընկերների հետ ստեղծեցինք Արարատյան հովտի տեխնոլոգիական ինստիտուտը, որը փորձում էր զբաղվել տարատեսակ նորարարական ծրագրերով: Բոլորս ֆիզիկոսներ էինք, և այդ դաժան տարիներին, երբ լույս չկար, ջեռուցում չկար,փորձում էինք ինչ-որ ճանապարհներով օգնել բնակչությանը տարբեր հնարքների միջոցով հաղթահարել այդ մութ ու ցուրտ ժամանակները: Թողարկում էինք շաբաթաթերթ, որտեղ, հայտարարություններից բացի, կային լայֆհաքներ, օրինակ` ինչպես պարզ միջոցներով էներգիա խնայել, մոմեր պատրաստել և այլն:

IMG_9229

Առաջին համատեղ աշխատանքը Դավիթ Յանի հետ

Մոսկվա տեղափոխվելը երբեք իմ ցանկությունը չի եղել: 1993-ին ընկերս` Դավիթ Յանը, Մոսկվայից շտապ կանչեց, որպեսզի գնամ և օգնեմ իրեն: Այդ աշխատանքը տևելու էր առավելագույն մեկուկես ամիս, սակայն այնպես ստացվեց, որ անընդհատ հրատապ ու կարևոր գործեր էին առաջանում, ինչի պատճառով այնտեղ մնալս երկարաձգվեց, շուտով Մոսկվա տեղափոխվեց նաև ընտանիքս:

Դավիթը 1987-ին հիմնել էր BitSoftware ընկերությունը, որը 1997թ. վերանվանվեց ABBYY: Երբ միացա թիմին, 16-րդ աշխատակիցն էի: Բոլորս անում էինք ամեն բան. չկար մեկը, ով աշխատում էր նեղ մասնագիտացվածությամբ: Առաջին աշխատանքը, որ դրվեց իմ ուսերին ծրագրային ապահովման տուփերի դիզայնն էր. այն ժամանակ դեռ ինտերնետ չկար, ու ծրագրերը խանութում վաճառվում էին տուփերով, որոնք պետք է գրավիչ լինեին: Մեկուկես ամսում պատրաստեցի 4 ծրագրերի տուփերը, գրեցի ծրագրից օգտվելու ուղեցույցներն` անգլերենով ու ռուսերենով: Ինձ վրա էր նաև FineReader ծրագրի ինտերֆեյսի դիզայնը նախագծելը:

Այն ժամանակ աշխատում էի Corel Draw, Word ու մի քանի այլ ծրագրերով, որոնք հիմա գոյություն էլ չունեն:

Օրական 12-14 ժամ՝ առանց շաբաթ ու կիրակի

Շատ հետաքրքիր էր աշխատանքը, մեծ հաճույքով եմ հիշում այդ ժամանակները: Շաբաթ օրերը միշտ աշխատանքային էին, օրական աշխատում էինք 12-14 ժամ, կիրակին հազվագյուտ էր ազատ, ու նույնիսկ եթե տանն էի, օրվա կեսից չէի դիմանում ու հայտնվում էի նորից համակարգչի առաջ:

Մինչև 1997 թ. աշխատում էի ընկերության R&D բաժնի փոխտնօրեն: Բնույթով ծրագրավորող էի, բայց որոշ ժամանակ անց բոլորս հասկացանք, որ միայն դա չի կարող բավարարել հետաքրքրությունս, բացի այդ` հայտնվեցին երիտասարդ տաղանդավոր ծրագրավորողներ: Այդ ժամանակ ABBYY-ն ռուսական ՏՏ շուկայի կիզակետում էր, բոլորն ուզում էին մեզ մոտ աշխատել, և մենք կարողանում էինք մեզ մոտ բերել ամենապայծառ ուղեղներին: Իմ ծրագրավորման հետաքրքրությունները որոշ չափով երկրորդ պլան մղվեցին, և տեղափոխվեցի բոլորովին այլ ոլորտ և աշխատեցի այն ուղղությամբ, որ ընկերությունը, բացի անհատ օգտագործողներից, սկսի իր արտադրանքը վաճառել նաև բիզնեսներին: 2002-ից տեղափոխվեցի ընկերության` Մոսկվայի նորաբաց գլխավոր գրասենյակ, որտեղ զբաղվում էինք ծրագրերի մշակմամբ, համաշխարհային մարկետինգով ու վաճառքներով:

IMG_9238

Դպրոցական հիշողություններ

Սովորել եմ Երևանի ֆիզմաթ դպրոցում, որտեղ էլ ծանոթացել եմ Դավիթի հետ: Այդ 3 տարիների ընթացքում անցել ենք բազմաթիվ արկածների միջով:

Մեզ դուր չէր գալիս մեր ֆիզիկայի ուսուցիչը, քանի որ նա մեր պահանջները չէր բավարարում, խուսափում էր բարդ խնդիրներից… Իսկ մենք շատ էինք սիրում ֆիզիկա, հաճախում էինք նաև օլիմպիական խմբակ,  և օր օրի հիասթափությունը մեծանում էր: Մի օր ամբողջ դասարանով ըմբոստացանք, և երբ ուսուցչուհին մտավ դասարան, ոտքի կանգնեցինք և էլ չնստեցինք: Նա սրտնեղեց, խոստացավ, որ էլ ոտք չի դնի մեր դասարան ու դուրս եկավ: Սակայն տնօրենը փորձեց նրան համոզել վերադառնալ: Այդ մի քանի րոպեների ընթացքում գրատախտակին գրեցինք. «Մարդ պետք է կատարի իր խոստումը. Գերցեն»: Բոլոր ուսուցիչները զարմանում էին, որ մի քանի րոպեում նման մեջբերում ենք գտել, բայց իրականում դա մեր հորինածն էր: Դրանից հետո տնօրինությունը ստիպված փոխեց ֆիզիկայի ուսուցչին:

Դավիթի հետ ստեղծել էինք նաև դպրոցական ռադիո. նախապես պատրաստում էինք ձայնագրություն և տարբեր սարքերի միջոցով միացնում այն դպրոցի տարածքում:

Որոշում, որի մասին զղջացի տարիներ հետո

Դպրոցն ավարտելուց հետո ես ու Դավիթն ընդունվեցինք Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, որտեղ էլ շարունակվեց մեր ընկերությունը:

Երբ Դավիթը բացեց իր առաջին ընկերությունը, ինձ հրավիրեց միասին աշխատելու, սակայն այդ պահին դեռ միտք ունեի գիտնական` ֆիզիկոս դառնալ ու հրաժարվեցի: Պատրաստ էի ամեն ինչով նրան օգնել, սակայն չէի կարողանում հրաժարվել ուսումս շարունակելու մտքից: Հետո զղջացի նման որոշման համար, ու լավ էր, որ 1993-ին վերամիավորվեցինք:

80 դոլար աշխատավարձ, որից 55-ը տան վարձն էր

Երբ սկսեցինք միասին աշխատել Մոսկվայում, ընկերության վիճակն այնպիսին էր, որ մրցակցային աշխատավարձ չէր կարող վճարել. երբ ընտանիքով այնտեղ էինք ապրում, ամսական աշխատավարձս 80 դոլար էր, որից 55-ը տան վարձ էինք վճարում: Գնում էինք ամենաէժան ապրանքներն ու ուտելիքը, միս ուտում էինք ամսական երկու անգամ: Փառք աստծո երեխայի համար սնունդն անվճար էր սոցիալական ծրագրի շրջանակում:

Դժվարությունները մարդկանց միավորում են, մտերմացնում, և մինչև հիմա ընկերությունում է աշխատում դեռ այն ժամանակներում ձևավորված կորիզը:

IMG_9221

Որոշումները կայացվում էին մանկական խաղահրապարակում

1993-95 թվսկաններին մեր գրասենյակը գտնվում էր գործող մանկապարտեզի շենքում: Ամենազվարճալին այնտեղի մանկական փոքրիկ զուգարաններն էին:

Գաղափարները հիմնականում առաջանում էին մանկական խաղահրապարակում, որտեղ երեխաները խաղում էին ավազով:

Միշտ սկզբում անհայտները շատ են, ու դու ժամանակ չունես գրքեր կարդալու, սովորելու, թե ամեն իրավիճակում ինչպես է պետք վարվել: Պետք է արագ որոշումներ կայացնես ու հաճախ դա անես ինտուիտիվ:

Զարմանալիորեն մենք շատ հաճախ ճիշտ որոշումներ էինք կայացնում: Օրինակ` 1995-ին թողարկեցինք FineReader ծրագրի երկրորդ տարբերակը, որը հեղափոխական էր, քանի որ դեռ չկար Windows 95 օպերացիոն համակարգը, իսկ մեր ծրագիրն արդեն 32 բիտանոց էր` չնայած համակարգիչների մեծամասնությունը դեռ 16 բիտանոց էին: Բոլորն ասում էին, որ մեր արածն աբսուրդ է, բայց մենք գնացինք այդ ռիսկին ու պայթյունային վաճառքներ ունեցանք:

Այդպիսի ռիսկային որոշումներ անելիս շատ հանգիստ էինք: Եթե դա հիմա լիներ, մարկետինգի բաժինը երևի «կխեղդեր» մեզ, փորձագետներն էլ թույլ չէին տա:

Հնարավոր չէ հաջողություն առանց ռիսկի: Հնարավորինս անվտանգ ճանապարհը  տանելու է ձախողման:

1995-ին գրասենյակը մանկապարտեզից տեղափոխվեց համալսարանի տարածք ու միշտ կատակում էինք, որ մանկապարտեզից միանգամից համալսարան ենք ընդունվել:

 

Զրուցեց Գայանե Գալստյանը

2-րդ մասը կարդացեք այստեղ: