hiTabs հայկական առցանց հարթակ. «Dropbox»` հղումների համար

Գործարկվել է հայկական hiTabs առցանց հարթակը (https://www.hitabs.com/), որը նախատեսված է օգտակար հղումներն ու էջերն առցանց պահպանելու, խմբավորելու և տարածելու նպատակով։ Այլ բառերով՝ այն «Dropbox» է` հղումների համար:

itTrend.am-ի զրույցում hiTabs-ի մարքետինգի պատասխանատու Հեղնար Գասպարյանն ասաց, որ կայքի մտահղացումը Կոլյա Թևոսյանինն է, իսկ ծրագիրը գրվել է Դավիթ Հովսեփյանի կողմից։  «Ի սկզբանե ցանկանում էինք ինքներս մեզ համար ստեղծել գործիք, որը թույլ կտար պահպանել, խմբավորել և տարածել մեզ հետաքրքրող լինկերը: Դա նաև թույլ կտար խուսափել դիտարկիչներում բուքմարքների ստեղծած խառնաշփոթից»,-ասաց նա։

Capture

Ըստ Հեղնարի` ներկայումս նմանատիպ շատ այլ կայքեր և ծրագրեր կան, ինչպիսին, օրինակ, dropmark-ը, start.me-ն, icrumz-ը, բայց hiTabs-ը վերոնշյալներից տարբերվում է իր պարզ ինտերֆեյսով և ֆունկցիաների բազմազանությամբ։ «hiTabs-ի գլխավոր առավելությունը խմբակային թաբեր ստեղծելու ֆունկցիան է, որը թույլ է տալիս ադմինի կողմից ստեղծած թաբում փոփոխություն կատարելու խմբի բոլոր անդամներին»,-մանրամասնեց նա:

Նշենք, որ թիմը պատրաստվում է այս տարի թողարկել hiTabs-ի բջջային հավելվածը, սակայն առաջիկա անելիքը Chrome-ի հավելված ստեղծելն է: