Հաջողության պատմություն. Արամ Փախչանյան` «Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ (մաս 2)

Հաջողության պատմություն. Արամ Փախչանյան` «Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ (մաս 2)

Սմարթֆոնը` ArmPhone, iPhone 6
Սիրելի հավելվածները` Lingvo բառարան
Հաճախ օգտագործվող սոցցանցը` Facebook
Հաջողության բանաձևը` անել այն, ինչին պատրաստ ես նվիրվել

Հայկական ստարտափերի թույլ ու ուժեղ կողմերը, բիզնես մենեջմենթի սխալներն ու մարդկային ռեսուրսների կառավարման բացթողումները: Ո՞րն է եղել «Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի ամենատպավորիչ հաղթանակը: Ինչպես  ինտրավերտ ֆիզիկոսը վերածվեց հաջողակ ղեկավարի: Այս մասին է ittrend.am-ի բացառիկ հարցազրույցի երկրորդ մասը:

Առաջին մասը կարդացեք այստեղ:

Չկա հաջողություն, որին չեն նախորդել անհաջողություններ

Հաջողությունը միշտ անհաջողություններով անցած ճանապարհն է: Մարդկանց փոխում է ոչ թե հաջողությունը, այլ անհաջողությունները: Ինձ կերտել են հենց անհաջողությունները` տալով ինձ նոր գիտելիքներ, հմտություններ:

IMG_9240

Ինչը ստիպեց ինձ փոխվել

Լինելով ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող` ես բավականին ինտրավերտ անձնավորություն էի` ներփակված իմ հետաքրքրությունների ու ներաշխարհի մեջ: Սակայն աշխատանքի բերումով ստիպված եղա շփվել ռուս չինովնիկների ու մեծ ընկերությունների հոռացած ղեկավարների հետ… Դժվար էր, ես երիտասարդ էի և պետք էր կապեր հաստատել, հեղինակություն դառնալ նրանց աչքերում, ովքեր շատ տարբեր էին ինձնից աշխարհայացքով, կյանքի մոտեցումներով և օգտագործվող ալկոհոլի քանակով…

Երկրորդ բանը, որ ստիպեց ինձ փոխվել, մեծ քանակությամբ մարդկանց ղեկավար դառնալն էր, ովքեր տարբեր ազգերից ու մշակույթներից էին: Տարվա կեսն անցնում էր ինքնաթիռներում` հաճախորդների ու աշխատակիցների հետ հանդիպելու նպատակով: Սովորեցի ճանաչել չինացիներին, ճապոնացիներին, ամերիկացիներին, եվրոպացիներին, բանակցել նրանց հետ, վստահություն ներշչնել: Բիզնեսում կարևոր են ոչ թե վաճառողի հմտությունները, այլ որպես մասնագետ վստահություն ստեղծելը:

Հաղթանակ, որի համը դեռ բերանումս է

Ամերիկյան ընկերություններից մեկը արտոնագրային վեճի շուրջ դատի էր տվել ABBYY ընկերությանը, այդ գործը սկսվեց 2007-ին  և շարունակվեց մինչև 2013-ը: Եկավ դատավարության օրը, որին մենք պատրաստվել էինք 1 տարուց ավելի, և դատարանի վճիռը ոչ հօգուտ մեզ կարող էր բերել ABBYY-ի լուծարմանը: Այդ օրը երդվյալ ատենակալների առաջ ելույթ ունեցա, պատասխանեցի հարցերին, ինձ թվաց, որ ելույթս լավն էր: Սակայն դուրս եկա դահլիճից ու այլևս չեմ հիշում ինչ տեղի ունեցավ հետո… Ներսս դատարկ էր, այրված էի, որևէ բան չէի զգում: Գնացինք Սան-Ֆրանցիսկոյում տեղի ունեցող տարվա ամենամեծ միջոցառմանը մասնակցելու, որտեղ նավեր էին մրցում: Բոլորը ուրախանում էին, ծափահարում, իսկ ես անհաղորդ կանգնած նայում էի…

Երկու օրից միայն իմացանք, որ հաղթել ենք դատը: Արդեն երեք տարի է անցել, բայց այդ հաղթանակի համը դեռ բերանումս է: Դրան մենք սպասում էինք 5 տարի, պատրաստվում 1 տարուց ավելի, սովորում հանգիստ պատասխանել մեղադրող կողմի դատապաշտպանի հարցերին, գիտեինք, որ մի սայթաքում, ու ամեն ինչ` մեր այսքան տարիների տանջանքը, կորած է: Պետք է ժպտաս, ձայնդ պետք է չփոխվի, որպեսզի կասկած չհարուցես: Թեև մենք մեղավոր չէինք, բայց հակառակորդը նպատակ էր դրել ոչնչացնել մեզ:

Այդ փորձառությունը սովորեցրեց ինձ հանգիստ մնալ նույնիսկ այն պայմաններում, երբ փորձում են տրամաբանությամբ կամ այլ հնարքներով հավասարակշռությունից հանել քեզ:

IMG_9236

Սխալներ, որոնք անում են հայկական ստարտափները

Շատ լավ է, որ ստարտափները շատացել են, սակայն նկատում եմ, որ դա նորաձևության նման մի բան է դառնում. ստարտափ հաճախ ստեղծում են ` ուղղակի ստեղծելու համար: Հաճախ հանդիպում եմ թիմերի, որոնք որոշել են ստարտափ ստեղծել և նոր միայն մտածում են գաղափարի շուրջ: Վերջերս մի տղա մոտեցավ Ամերիկյան համալսարանում, ասաց, որ ստարտափ է ուզում ստեղծել, և մի քանի գաղափար ունի, հարցնում էր` դրանցից ո՞րը լավ կաշխատի: Դա սխալ մոտեցում է. ստարտափը պետք է առաջանա գաղափարից, ոչ թե հակառակը:

Շատ ստարտափներ խուսափում են մեծ շուկաներից և թիրախային շուկան ընտրում են Հայաստանը: Դա այնքան էլ լավ միտք չէ: Հայկական շուկան ոչ միայն փոքր է, այլև յուրահատուկ և շատ հարցերում հետ է ընկել համաշխարհային զարգացումներից: Օրինակ` Հայաստանում մինչ օրս չկա որակյալ ինտերնետային առևտուր: Բայց կան երկրներ, որտեղ խանութները փակվում են:

Այստեղ մարդիկ գրասենյակ բացելիս դեռ սերվերներ են գնում և տեղադրում, իսկ, օրինակ, Շվեդիայում նույնիսկ ամենամեծ ընկերությունները վաղուց անցել են ամպային լուծումներին և ոչ մի սերվեր չեն պահում: Միայն հայկական շուկան հաշվի առնող ստարտափը կարող է կարճ ժամանակ հետո ունենալ հնացած լուծում: Կարևոր է հենց առաջին պահից համեմատել քեզ գլոբալ խաղացողների հետ:

Ղեկավարը չի որոշում ամեն ինչ, այլ այն մշակույթը, որ նա ստեղծել է

Նոր գործ սկսելիս կարևոր է ճիշտ ընտրել թիմակիցներիդ. եթե ռեստորան ես բացում և մուտքի մոտ հսկելու համար աշխատանքի ես հրավիրում ամսական 50 հազարով աշխատող «անթրաշ» պերսոնաժի, որովհետև գումար ես խնայում, ապա նույնիսկ 10 տարի հետո այդ պերսոնաժի «ԴՆԹ»-ն չես կարողանա մաքրել ընկերության վրայից: Ամեն ինչ կձևավորվի այդ «անթրաշի» շուրջ: Հետո չես կարողանա ծխելը արգելել, մաքրություն ապահովել… Եվ վերջ, 10 տարի շարունակ դու կռիվ ես տալու` այդ հետքը մաքրելու համար:

Եթե անզգուշորեն հեռացրել ես մեկին աշխատաքից, ապա տարիներ հետո դա զգացնել է տալու իրեն, քանի որ դու ընկերության մշակույթի մեջ ներդրլ ես արդեն այդ դաժանությունը, որը մի օր կարտահայտվի գործընկերների միջև, հաճախորդի հանդեպ: 10 տարի հետո ընկերությունում կարող է մնացած չլինել ոչ մի հին աշխատակից, բայց այդ մշակույթը վերարտադրվելու զարմանալի հատկություն ունի:

IMG_9249

Ոչ, ես չեմ ուզում ինձ համար սուրճ պատրաստես

Հայերի մոտ ընդունված է այս կարծիքը` ղեկավարն ունի իրավունք: «Այբ» դպրոցում ես առաջին իսկ օրվանից փորձում եմ բոլորին համոզել, որ ես ոչնչով իրենցից չեմ տարբերվում մարդկային առումով ու արտոնություններ չունեմ: Բայց ամեն քայլափոխի մարդիկ ինչ-որ ձևերով ձգտում են ընդգծել, որ ես իրենց ղեկավարն եմ. իմ առջև դուռը բացելով, ինձ այնպիսի բաներ առաջարկելով, որ իրենց ընկերոջը չէին առաջարկի: Հարցնում են` ուզում ես սուրճ սարքեմ քեզ համար: Ո´չ, չեմ ուզում, եթե պատրաստ ես սուրճ պատրաստել, գնա բոլորին առաջարկիր:

Դա լուրջ խնդիր է. ամեն վայրկյանի ստիպված ես պայքարել: Ղեկավարը մեզ հավասար մարդ է, ով ինքնակամ իր վրա է վերցրել մեծ պարտականություններ: Ես միշտ ասում եմ` ես ձեր գործընկերն եմ, քննադատեք ինձ, ես ձեզնից մեկն եմ:

Հենց մտնում եմ որևէ անծանոթ ընկերություն, միանգամից զգում եմ` ինչպիսին է այնտեղ «դրվածքը»: Դա զգացվում է մարդկանց դեմքերից, խոսելու ձևից, անկաշկանդ պահվածքից: Եթե մտնում ես մի ընկերություն, որտեղ տնօրենն իրեն թույլ է տալիս շենքի ներսում ծխել, որտեղ մարդիկ գլուխները կախ են ման գալիս… հասկանում ես, որ սխալ ձևավորված մշակույթ է այնտեղ:

Աշխատանքի ընդունեք նրան, ով ձեզնից ավելի հզոր է

Այսօր հմուտ ղեկավարների պակաս կա, ովքեր մոտիվացնում են աշխատակիցներին և խթանում թիմային աշխատանքը: Ղեկավարը չպետք է խառնվի թիմի աշխատանքներին և նրանց փոխարեն անի աշխատանքը: Պետք է աշխատանքի ընդունել նրանց, ովքեր քեզնից ավելի հզոր են: Ցավոք, հայկական իրականության մեջ ղեկավարներից շատերը նախընտրում են այն մասնագետներին, որոնց ֆոնին իրենց կարողությունները կընդգծվեն:

Շարունակելի

Զրուցեց Գայանե Գալստյանը

Առաջին մասը կարդացեք այստեղ:

Բաժիններ: Հայաստան